ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Երևանը «կիսապատասխան» է ստացել Բաքվից․ փորձագիտական դաշտում վերլուծում են Ադրբեջանի ակնարկները

Հայաստանն Ադրբեջանից պատասխաններ է ստացել նախապես ուղարկված առաջարկներին՝ հաստատել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Առաջարկներն առնչվում են խաղաղության շուրջ բանակցային տարբեր ուղղությունների, ավելի կոնկրետ՝ խաղաղության պայմանագրին, կապուղիների ապաշրջափակմանը և սպառազինության վերահսկմանը։

Ամիսներ ի վեր հայ-ադրբեջանական կողմերից միմյանց փոխանցվող գրավոր առաջարկները Կազանում Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունների հիման վրա էին կազմվել։ Բայց անգամ այս դեպքում Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարությունները հակասական են և շատ հաճախ չեն առնչվում քննարկվող փաստաթղթին։

Բաքուն պատասխանել է Երևանին։ Թե ինչ է պատասխանել՝ դեռ պարզ չէ, արտգործնախարարությունը չի մանրամասնում, բայց հակիրճ տեղեկացնում է՝ հայկական կողմի առաջարկներին պատասխանվել է մասնակի։

Խաղաղության պայմանագրին առնչվող իր վերջին առաջարկների փաթեթը Հայաստանն Ադրբեջանին փոխանցել էր ամիսներ առաջ։ Պաշտոնական հայտարարությունը շատ խոսուն չէ․ «ԱԳՆ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»։

Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի առաջարկները գործնական նշանակություն չունեն և հանգեցնում են թյուրիմացությունների։

Արդեն հրապարակված փաստերից հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի 17 կետերից ընդամենը երկուսը դեռ համաձայնեցված չեն։ Հայկական կողմը հաստատել է, որ վիճահարույց հարցերը վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառմանը և միջազգային իրավական ատյաններում հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն։ Հայաստանը տարբեր մակարդակներով և բազմիցս հայտարարել է, որ խաղաղություն հաստատելու համար պատրաստ է ստորագրել փաստաթուղթ առայժմ համաձայնեցված միայն 15 կետով՝ այդպիսով դեռ չհամաձայնեցված մյուս երկու կետի քննարկման համար ստեղծելով բարենպաստ մթնոլորտ։

Ինչ վերաբերում է դեռ անպատասխան մնացած հարցերին, ապա դրանց մի մասին Ժնևում անցկացված Զինաթափման միջազգային համաժողովում անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նա խոսել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմների անհրաժեշտության և այդ հարցում Հայաստանի դիրքորոշման ու Ադրբեջանին ուղղված անպատասխան առաջարկների մասին։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ»։

Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Բայց նաև հիշեցրել է․ «Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով սպառազինությունների վերահսկման ռեժիմն ակամա թույլ է տվել վատ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինությունները»:

Միրզոյանի խոսքով՝ արդյունքները խոսուն են․ միջազգային մեխանիզմներով չհաջողվեց կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Վերադառնալով Երևանի և Բաքվի միջև փոխանակվող ու վերախմբագրվող փաստաթղթին։ Ուղիղ առաջարկներին պաշտոնական Բաքուն բանակցություններին չառնչվող հայտարարություններ է անում, օրինակ, խաղաղությունից առաջ Հայաստանի Սահմանադրության տեքստը փոխելու մասին։ Այստեղ արդեն պաշտոնական Երևանը միտում է նկատում, ինչի մասին խոսել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Արման Եղոյանը․

«Այդ հայտարարությունները ես գնահատում եմ որպես խոչընդոտ ՀՀ սահմանադրական բարեփոխումներին։ Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նման հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»։

Եղոյանը նաև նախորդիվ հայտարարել էր, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Սահմանադրությանը։

Ադրբեջանի վերջին նամակում չկա նաև պատասխան կապուղիների ապաշրջափակմանն առնչվող Հայաստանի առաջարկներին։ Այս մասով առաջարկները Հայաստանը մոտ 3 ամիս առաջ էր ներկայացրել Ադրբեջանին: Հունվարի վերջին տված ասուլիսում  վարչապետ Փաշինյանը հստակեցրել էր՝ Ադրբեջանին առաջարկվել է սկզբի համար երկաթուղային բեռնափոխադրումներ ապահովել Սյունիքով։

Ընդ որում՝ նույն սկզբունքով հայկական կողմը պնդում է Նախիջևանի տարածքով Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն ստանալ։ Այս հարցում, սակայն Ադրբեջանը մշտապես պահանջում է անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում, ինչին վարչապետ Փաշինյանը պատասխանել է․

«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը։ Բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով։ Մենք «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի մեջ էլ գրել ենք։ Մենք ուզում ենք, որ անցումը շատ լինի, որովհետև դա շահութաբեր է նաև ՀՀ համար։ Եվ դա տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևոր գործոն է։ Փաստորեն, այդ անցումն ընդունելի չէ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։ Մենք առաջարկում ենք  նույն պայմանները, ինչ ԻԻՀ-ն է առաջարկում, նույն պայմաններով մենք պատրաստ ենք։ Ավելին՝ մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների։ Պատկերացնո՞ւմ եք, լուծում ենք գտել, որ երկուսիս առաջադրած խնդիրներն էլ լուծվում են։ Հիմա իրենք դրան ի՞նչ անուն են տալիս, մենք դրան ինչ անուն ենք տալիս։ Սա էլ առանձին թեմա է, որովհետև ինչ լուծում էլ լինի՝ իրենք իրենց ձևով են անվանելու, մենք մեր ձևով ենք անվանելու, սա էլ կա։ Բայց հարցի բովանդակությունն է կարևոր»։

Արդյոք Ադրբեջանը իր նոր պատասխաններում փորձո՞ւմ է փոխել խաղաղության պայմանագրի բովանդակությունը՝ հաշվի առնելով, որ Բաքվից պարբերաբար տարբեր հայտարարություն-պահանջներ են հնչում, որոնք ներկայացվում են իբրև խաղաղության նախապայման, բայց չեն առնչվում Խաղաղության պայմանագրի կետերին։ Հայ վերլուծաբանները դժվարանում են գնահատումներ անել, քանի որ փաստաթղթերը փակ են։ Բայց Հայաստանի վերլուծական դաշտում շատ է խոսվում, որ Ադրբեջանը պարզապես ժամանակ է ձգում։ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյան․

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից և աշխարհակարգի այս տուրբուլենտության մեջ արագ լուծումները կարող են հետագայում նրա կողմից դիտարկվել որպես ավելին ստանալու որոշ «շանսերի» բացթողում։ Բանակցություններ լինելու են, Հայաստանը ճիշտ է անում, որ շարունակում է բանակցություններ՝ առաջարկներով հանդես գալու, բայց մենք մի առաջարկ ենք անում, քննարկումներ են լինում, Ադրբեջանը մեկ այլ առաջարկ է անում։ Խոշոր հաշվով, եթե որոշ կետեր համաձայնեցրել ենք, ապա ամենակարևոր կետերը, կարծում եմ, դեռ հնարավոր չէ համաձայնեցնել, որովհետև չկան իրատեսական նախադրյալներ այս պահին»։  

Քաղաքագետը համոզված է, որ բանակցություններին զուգահեռ Հայաստանը պետք է անվտանգության և պաշտպանական կարողություններն ամրացնի թե՛ դիվանագիտական ուղիներով, թե՛ համապատասխան սպառազինության ձեռքբերմամբ։

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը, ի դեպ, Հայաստանի խորհրդարանում նախօրեին տարակուսել էր Բաքվի պահվածքից և բառացի հայտարարել՝ «Ադրբեջանի արձագանքները դժվար է հասկանալ և մեկնաբանել»։

Կարդացեք նաև

Back to top button