ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մտահոգիչ թվեր անչափահաս թմրամոլների վերաբերյալ․ կառավարությունն առաջարկում է թեստավորում իրականացնել դպրոցներում

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հրապարակած 2023 թվականի տվյալներով Հայաստանում հաշվառված են թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձինք, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ։

Թմրամիջոցների օգտագործումը անչափահասների շրջանում կանխելու համար ՆԳ նախարարությունը մտադիր է դպրոցներում թմրամիջոցների թեստավորում անել։ Բայց դեռևս հստակեցված չեն մեխանիզմները, որոնցով պետք է այն իրականացնել։

«Մենք ռազմավարություն ենք մշակել․ հանրակրթական հաստատություններում պիտի դիտարկել թմրամիջոցների թեստավորման մասով կոնցեպտի քննարկման և ներդրման հարցերը, որը թույլ կտա անչափահասների և երիտասարդների շրջանում շատ ավելի ճիշտ քաղաքականությամբ ավելի բարձր բացահայտողականություն ունենալ»։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան է: Կառավարությունն առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման թեստավորման մեխանիզմ ներդնել։ Այդ մեխանիզմը թույլ կտա անչափահասների մոտ հնարավորինս շուտ հայտնաբերել թմրանյութերի օգտագործման դեպքերը։ Բայց դեռևս հստակեցված չեն մեխանիզմները, որոնցով պետք է իրականացնել թեստավորումը։

«Չընկնել միայն թվերի դաշտում հարցը քննարկելու հետևից, որովհետև թվերը շատ հաճախ իրական պատկերը ցույց չեն տալիս։ Հատկապես, երբ խոսում ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին»,-ասում է նախարարը։

 «Թմրաթեստերի միջոցով թմրաշրջանառությունը և օգտագործումը կանխելը կանխարգելման բաղադրիչներից մեկն է»,-ասում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։ Նա շեշտում է, որ պետք է հոգեբանական աշխատանք տանել թե՛ ծնողների, և թե՛ երեխաների հետ։ Թումասյանն ասում է՝ ծնողները դա չպետք է ընկալեն որպես վիրավորանք իրենց երեխային, այլ ընկալեն, որպես ընթացիկ ստանդարտ հետազոտություն։

«Կարևորագույն գործոնը դա բժշկական գաղտնիքի պահպանություն է, քանի որ հայտնի դարձած դեպքը չպետք է հանգեցնի խարանի կամ պարսավանքի։ Հակառակը, պետք է միտված լինի բացառապես այդ երեխային նման երևույթից զերծ պահելուն ու բացասական հետևանքները ներկայացնելուն»,-ասում է Թումասյանը։

Փորձագետի խոսքով՝ նման փորձ տարբեր երկրներում իրականացնում են, կան երկրներ էլ, որտեղ թեստավորումը պարտադիր է, ընդ որում՝ ոչ միայն դպրոցականների, այլև ուսանողների համար։  

«Շատ ցավալի է, որ Հայաստանում փաստացի վիճակագրությունը հասել է այն վիճակի, որ մենք պետք է դա իրականացնենք։ Դա նշանակում է, որ այլ կանխարգելիչ միջոցները, ցավոք սրտի, արդյունավետ չեն։ Բայց բոլոր դեպքերում, եթե անհրաժեշտությունը կա, ապա կատարումը հետապնդում է գերակա շահ և բխում է երեխայի լավագույն շահերից»։

Դավիթ Թումասյանն ասում է, որ սեռի տարբերակում չպետք է լինի, քանի որ թմրամոլ անչափահաս աղջիկներ էլ կան հաշվառված։

 «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ աղջիկ երեխաները ավելի շուտ են զարգանում ու հասունաում, ու դասարանում տեսնում ենք զարգացումների տարբերությունը։ Ելնելով այդ հանգամանքից, չի կարող լինել տարբերակում, ու բոլորը պարտադիր պետք է անցնեն»։

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը պնդում է՝ դպրոցականների շրջանում թեստավորում անցկացնելն արդյունավետ գործիք չէ։ Նա կարծում է, որ պետք է երեխաներին կրթել ու թմրամիջոցների վտանգների մասին տեղեկացվածությունը բարձրացնել։

«Մի փոքր ինձ վտանգավոր է թվում այն առումով, որ թմրամիջոցի հայտնաբերումը կարող է 3-րդ մարդկանց կողմից իմացվի։ Եկեք ճիշտը խոսենք՝ դպրոցները իդեալական չեն։ Չի բացառվում, որ այնտեղ կիմանան ուսուցիչները, տնօրենները և այլն։ Արդյունքում այդ երեխան պիտակավորվելու է, ու դա կարող է լինել տվյալ դեռահասի համար ճակատագրական»։

Մասնագետի համոզմամբ, եթե երեխան թմրամիջոց է օգտագործում, ապա զուտ վարքագծային փոփոխություններով պայմանավորված դա կարելի է բացահայտել։

«Երեխայի բացակայությունները տանից, երեխայի կողմից գումարի պահանջը, որոշակի մեկուսացումը, կամ տրամադրության փոփոխությունը՝ ծայրահեղ լավ տրամադրությունից, մինչև վատ, օրինակ՝ դեպրեսիայի առաջացումը»,-ասում է Նազինյանը։

 Սուրեն Նազինյանի խոսքով՝ մի փոքր ուռճացված է պատկերը, որ Հայաստանում դեռահասների շրջանում թմրաշրջանառությունը շատ է տարածված։

«Ընդհանուր առմամբ, եթե մեր երկիրը համեմատենք հարևան երկրների՝ տարածաշրջանի, նույնիսկ եվրոպական երկրների հետ, պատկերն ավելի բարվոք է։ Բայց դա չպետք է մեզ հանգստացնի»։

Հայաստանում տարեցտարի աճում է թե՛ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թե՛ թմրանյութեր գործածող անձանց թիվը։ Պաշտոնական տվյալներով, եթե 2018-ին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023-ին այդ հանցագործությունների թիվը հնգապատկվել է, անցնելով 5000-ը։ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հրապարակած 2023 թվականի տվյալներով, Հայաստանում հաշվառված են թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձինք, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ։ Թե որքան է կազմում Հայաստանում թմրանյութ օգտագործողների իրական թիվը, դժվար է ասել։ Հստակ վիճակագրական տվյալներ չկան։

Կարդացեք նաև

Back to top button