Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հինգշաբթի Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք նրանց բանակցությունները օգնե՞լ են հարթել երբեմնի դաշնակիցների միջև աննախադեպ խզումը, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին Զելենսկին մեղադրել էր Դոնալդ Թրամփին ռուսական ապատեղեկատվությունը կրկնելու մեջ՝ ի պատասխան Թրամփի հայտարարության, թե Ուկրաինայի նախագահը կարող էր դադարեցնել պատերազմը։ Թրամփը նաև Զելենսկուն անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ», ով պետք է արագ գործի, որպեսզի չկորցնի Ուկրաինան։
Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հինգշաբթի ասել է, որ կարծում է, որ հակամարտության վերջը մոտ է, սակայն պատերազմի դադարեցումն առանց Ռուսաստանի հետ բանակցությունների անհնար է։
Քելլոգը Կիև ժամանելուն պես ասել է, որ եկել է լսելու Ուկրաինայի իշխանություններին։
Կողմերից ոչ մեկը չի հայտնել բանակցությունների արդյունքների մասին։ Նշվում է, որ ամերիկյան կողմի խնդրանքով չեղարկվել է մամուլի ասուլիսը, որը պետք է կայանար բանակցություններից հետո։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հինգշաբթի ասել է, որ Ուկրաինան պետք է զսպի Միացյալ Նահանգներին ուղղված իր քննադատությունը և համաձայնի օգտակար հանածոների գործարքին:




