ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եթե Ադրբեջանը hшրձակվի, Հայաստանը ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան

Կառավարության այսօրվա նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը զրուցել է լրագրողների հետ։ Անդրադառնալով հայ–ադրբեջանական բանակցություններին՝ փոխնախարարն ասել է՝ չի կարծում, որ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել։ Նա հիշեցրել է սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստի և պայմանավորվածության մասին և հավանական է համարել, որ առաջիկայում ևս մեկ հանդիպում կկայանա։  

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ հայ-ադրբեջանական բանակցությունները հայտնվել են փակուղում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բանակցային գործընթացի մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան Կոստանյանը հայտարարեց.

«Ամեն դեպքում, տեսաք, որ սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, և պայմանավորվածություն կա, որ նոր նիստ պետք է տեղի ունենա»։

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ բուն բանակցություններին, ապա ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ն բավական երկար ժամանակ սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին հայկական կողմի ներակայացրած առաջարկներին.

«Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք, որպեսզի հնարավոր լինի գործընթացը շարունակել: Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակում է կառուցողականորեն տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում»։

Արձագանքելով դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցում չենք տեսնում, իսկ վերջին շրջանի հայտարարություններով էլ Ալիևը բոլորովին հակառակի մասին է խոսում, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված սպառնալիքներ են հնչում, Կոստանյանը նախ հիշեցրեց, որ դրանց Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը քանիցս պաշտոնապես արձագանքել է, այդ թվում՝ վարչապետն իր վերջին հայտնի հոդվածում.  

«Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։ ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել ցանկացած գործընթացում»:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում է, ո՞րն է լինելու ՀՀ գործողությունը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց.

«Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը, իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»:

Զենք ձեռք բերելով, Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները, շեշտեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, արձագանքելով Հայաստանի զինվելու հետ կապված ադրբեջանական դժգոհություններին վերաբերող հարցին.

«Ինչպես և նախկինում նշվել է, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված «զինատեսակների մրցավազքին», որին, ըստ էության, ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկողության մեխանիզմ, ու այդ առաջարկն ուժի մեջ է մնում մեր կողմից»։

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին, Կոստանյանը վստահեցրեց, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ գործընթացքում հաշվի են առնում նաև ԵԱՏՄ-ին կողմ քաղաքացիների դիրքորոշումը, ինչպես հաշվի առան ԵՄ-ին կողմ քաղաքացիների դիրքորոշումը.

«Բնականաբար, ՀՀ բոլոր քաղաքացիների դիրքորոշումը կառավարության համար կարևոր է ու վերպետական ինտեգրացիոն մարմինների անդամակցության կամ անդամակցությունների դադարեցման կարգը Սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Երբ խնդիրը հասնի այդ փուլին, մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկության միջոցով իրենց կարծիքն ու կամքն արտահայտել»։

ԱԳ փոխնախարը նշեց, որ էական է ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարության պահպանումը, և այդ համատեքստում, փոխարտգործնախարարի ձևակերպմամբ, «այն նախաձեռնությունը, որը քաղաքացիական հասարակության ու մի շարք կուսակցությունների կողմից նախաձեռնվել էր, ՀՀ կառավարությունը համարել է դրական»։ Շեշտելով, որ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ, Կոստանյանը ընդգծեց, որ «ունեն ու շարունակում են երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։

Շաբաթներ առաջ էլ Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել էր Մոսկվայում իր ռուս պաշտոնակցի հետ բավականին կառուցողական քննարկում էր ունեցել՝ այս հիշեցմամբ էլ Վահան Կոստանյանը եզրափակեց թեման։

Կարդացեք նաև

Back to top button