Ինչ իմանար 1879 թվականին Երևանի գլխավոր բժիշկ նշանակված Լևոն Տիգրանյանը, որ ճահճուտի վերածված և մալարիայի օջախ դարձած երևանյան այդ տարածքում, իր ահազանգից հետո, տարիների ընթացքում մի գեղեցիկ այգի է ստեղծվելու՝ և 1910 թվականին Անգլիական անունով հանձնվելու է ի վայելումն բնակիչների: Եվ հենց այդ այգում էլ 1938թ.-ին կառուցվելու է առաջին հայկական պետական թատրոնը, որին հետո տրվելու է ակադեմիական և Սունդուկյանի անվան բարձր տիտղոսները: Թատրոն, որը 1960-ին այրվելու էր կրակների մեջ:

Այսօր Հանրային ռադիոյի ձայնային պահոցի մի բացառիկ ձայնագրություն մեզ կտեղափոխի նույն այդ Անգլիական այգի՝ մասնակիցը լինելու Պետական առաջին թատրոնի՝ հրդեհից հետո վերակառուցված շենքի բացման արարողությանը:
Եվ այսպես՝ 1966 թվական: Թատրոնի դահլիճը լեցուն է հյուրերով, իսկ բեմին ուրախությունը հազիվ զսպող պատվարժան մարդիկ են: Լսենք, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Խոսափողի մոտ հերթով կհայտնվեն արվեստաբան Ռուբեն Զարյանը, թատրոնի տնօրեն Գուրգեն Ջանիբեկյանը, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը, Վրաստանի թատերական գործիչների միության նախագահ Դավիթ Անտաձեն:




