Երաժշտական եռանկյունի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա․ բազմաֆունկցիոնալ մշակութային հարթակի նոր շունչը․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մեր երկրի կարևորագույն մշակութային հանգույցներից է, որը, հիմնվելով տասնամյակների ընթացքում ձեռք բերված բարի ավանդույթների և համբավի վրա, այսօր  գործունեություն է ծավալում մի քանի մշակութային ռազմավարական ուղենիշներով։

Անցած տարվա գործունեության և 2025-ի ստեղծագործական և կազմակերպչական ծրագրերի մասին զրուցում ենք ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի հետ։

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմանդրվել է 1930 թվականին: Գործունեության ամբողջ ընթացքում այն նշանակալից դեր է ունեցել Հայաստանի երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում: Կառույցն իրականացնում է միջազգային համերգային, կրթական և ճանաչողական նախագծեր, կազմակերպում փառատոներ, մրցույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, զբաղվում է գիտաճանաչողական ֆիլմերի արտադրությամբ և գրահրատարակչությամբ: Ֆիլհարմոնիայի առաքելությունն է՝ նպաստել երկրի մշակութային դաշտի զարգացմանը, ներկայացնելով հայ և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները», — նշում է Արտյոմ Նաղդյանը։

Կառույցի ներքո գործում են մի քանի պետական ստեղծագործական ՊՈԱԿ-ներ, բայց հաստատության բոլոր հարթակները բաց են ստեղծագործողների և կատարողների առջև։ Ֆիլհարմոնիան չի սահմանափակվում զուտ համերգային ընթացքներն ուղղորդելով։

Օրինակ, Առնո Բաբաջանյան դահլիճից բացի գործում է նկուղային հարկի փոքր սրահը, երկրորդ հարկի ճեմասրահները ծառայում են որպես ցուցահանդեսային տարածքներ, շենքում բացվել է գրադարան։ Այս ամենը թույլ է տալիս իրականացնել բազմաբնույթ նախագծեր՝ հանդիպումներ, շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետաց դասեր։ Կրթական ծրագրերից հարկ է նշել մանկական ֆիլհարմոնիայի շրջանակում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները։

Ինչպես նշում է ֆիլհարմոնիայի տնօրենը, կազմակերպությունը նաև իրականացնում է միջոցառումներ և նախագծեր Առնո Բաբաջանյան դահլիճից դուրս՝ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական ներկայացումը Օպերայի բեմում, Հայաստանի ջազ նվագախմբի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունը, Երվանդ Քոչարին նվիրված միջազգային նախագիծը Ազգային պատկերասրահում։

Ֆիլհարմոնիան իր ակտիվ մասնակցությունն է բերում մի շարք միջազգային փառատոների կազմակերպման գործընթացներին։ Հատուկ նշանակություն է տրվում շենքի և դահլիճների տեխնիկական արդիականացմանը․ լուսային, հնչյունային և վիզուալ պրոեկցիայի համակարգերը մշտապես նորոգվում և նորացվում են։ 2024-ի կարևորագույն ձեռքբերումներից է «Ստեյնվեյ»  համերգային նոր ռոյալը։

Տնօրենը հատուկ կարևորություն է տալիս ազատ ստեղծագործական դաշտի ներկայացուցիչների հետ համագործակցությանը, ստեղծելով նրանց համար փորձատեղեր և տարբեր համերգային ձևաչափերով հանդես գալու հնարավորություն։

Կարդացեք նաև

Back to top button