Երաժշտական եռանկյունի

Օպերային երգչուհի Լուսինե Ազարյանի հոբելյանական համերգը. «Երաժշտական եռանկյունի»

Օպերային երգչուհի, Վիենայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Արաքս Դավթյանի անվան վոկալ արվեստի ստուդիայի հիմնադիր Լուսինե Ազարյանն իր ծննդյան 50-ամյակը նշեց Գաֆէսճեան հիմնադրամի հատուկ միջոցառումների սրահում կայացած համերգով, հրավիրելով մասնակցելու իր այն գործընկերներին, որոնց հետ ստեղծագործական ճանապարհ է անցել։

Երգչուհու գործունեությունը ծավալվում է բազմաթիվ ժանրային ոլորտներում, օպերային արվեստից մինչև կամերային երաժշտություն, ֆոլկլոր և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված էր իմ հոբելյանական համերգի մասնակիցների բազմազանությունը։ Որպես մեներգչուհի ես կատարեցի ինձ համար առավել նշանակալից օպերային և կամերային ստեղծագործություններ, բեմից հնչեցին բազմաթիվ զուգերգեր։ Առավել խորհրդանշական էր ինձ համար Կոմիտասի երգերով իմ նոր, երկու ձայնասկավառակով ալբոմի շնորհանդեսը, որը կայացավ այդ երեկոյի ընթացքում։ Առիթ եղավ նվիրելու այն համերգի բոլոր մասնակիցներին», — կիսվում է Լուսինե Ազարյանը։

Մոտավորապես 4 ժամ տևած համերգի ընթացքում հանդես եկան դասական և օպերային արվեստի ներկայացուցիչներ, հեղինակ կատարողներ, «Կարին» ազգագրական համույթը, «Կայթ» ֆոլկ խումբը։ Դահլիճում ներկա էին խմբերգային արվեստի, դասական երաժշտության ներկայացուցիչներ, կոմպոզիտորներ, հասարակական գործիչներ և բարերարներ։

Շատերի համար բացահայտում դարձան Լուսինե Ազարյանի հասարակական և բարեգործական գործունեության մասին տեղեկությունները, նրա մասնակցությունը բազմաթիվ հանրային, մշակութային նախաձեռնությունների ոչ միայն որպես մասնագետ-երաժիշտ, այլև որպես տաղանդավոր կազմակերպիչ և համակարգող։

Մեր զրույցի ընթացքում երգչուհին կիսվեց հիշողություններով և ստեղծագործական ճանապարհի տարբեր նշանավոր իրադարձություններով։ Նրա համար 50-ամյակի համերգը ստեղծագործական հաշվետվության հրաշալի առիթ էր, որը թույլ տվեց համախմբել բացառիկ երաժիշտների մեկ բեմի վրա, ինչի առիթները այնքան էլ շատ չեն լինում։

«Որերորդ անգամ համոզվեցի, որ հարուստ եմ ինձ շրջապատող հայ երաժիշտներով, մտավորականներով և հավատարիմ, արժեքներ ճանաչող հանդիսատեսով։ Սա է իրական հարստությունը», — ամփոփեց Լուսինե Ազարյանը։

Կարդացեք նաև

Back to top button