
Այս օրերին Երևանում են «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ: Հանդիպումների ժամանակ նրանք կներկայացնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձը՝ քննարկելով Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականը, առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու միջոցները։ Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում տեղի կունենա ընդհանուր տեսլականի վերաբերյալ քննարկում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների միջև։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներն այսօր ԿԳՄՍ նախարարի մոտ էին հյուրընկալվել, որտեղ էլ քննարկվել են առաջիկա անելիքները։
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծն արդեն հաստատվել է, և արդեն պատրաստ է մտնելու ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցման փուլ։ Աշխատանքները, սակայն, նախատեսվում են 2026 թվականին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Սրան զուգահեռ տեղի են ունենում նաև բուհական համակարգի խոշորացման ծրագրով նախատեսված գործընթացները։ Սարգիս Հայոցյանի փոխանցմամբ, եթե բուհերի խոշորացման ծրագրով գործընկերների հետ պայմանագրերը ընթացքի մեջ են, ապա Ակադեմիական քաղաքին վերաբերող բոլոր պայմանագրերն արդեն պատրաստ են։
«GMP ընկերությունը կհամակարգի գործընթացը, «Սիստեմատիկա»-ն մշակելու է «Ակադեմիական քաղաք»-ի կապակցվածությունը հանրապետական տրանսպորտային ցանցի հետ, կմշակի նաև ներքին շարժունության մոդելը։ Մյուս գործընկերները կմշակեն ուրբանիստական կոնցեպտը, թե ինչպես է այն աշխատում, ինչ տնտեսական, կենցաղային համակարգեր կարող են լինել ներսում։ Մյունխենի տեխնիկական համալսարանի մեր գործընկերներն արդեն մշակում են բովանդակային մասը»։

Եթե մինչև հիմա նախագիծը միայն կոնցեպտուալ գաղափար էր, որի վրա աշխատում էր միայն Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թ․-ին մշակած և ներկայումս քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերությունը, ապա այժմ այդ գաղափարի իրագործմանն արդեն ինժեներներ են մասնակցում, որոնք պատրաստ են գործնական փուլին անցել, լրագրողների հետ զրույցում նկատեց գերմանական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։
«Մարտահրավերներ շատ են եղել, բայց գլխավոր մարտահրավերն էր հասկանալ, թե ինչ է Ակադեմիական քաղաքը։ Այն իրենից ենթադրում էր խոսել շահագրգիռ կողմերի, ուսանողների, դասախոսների, քաղաքացիների հետ, որովհետև նախագիծն առաջին հերթին հենց նրանց համար է լինելու։ Իսկ այս փուլում արդեն գործնական փուլն է մեկնարկում, մասնավորապես, տրանսպորտային ենթակառուցվածքներ, կոմունալ հարցեր»։
Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան» միջազգային կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրն ընդգծեց, որ իրենց համալսարանն օգնելու է գիտական կազմակերպությունների, բուհերի խոշորացման և միավորման գործում, մասնավորապես, օգնելու են ուժեղացնել կրթության և գիտության կապը, որից շահելու են երկուսն էլ։
«Ակադեմիական քաղաքի բազմաթիվ օրինակներ կան աշխարհում, և փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներ են այդ ուղղությամբ գնում, քանի որ դա արդյունավետ կառավարման մոդել է։ Այո, դժվար պրոցես է, բայց մեր օրերում բուհերի դերը ոչ միայն կրթելն է, այլև մեծ ազդեցություն ունենալն է ու դառնալ հաբ, որն ընդգրկում է կրթությունը, գիտությունն ու արդյունաբերությունը»։
Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկերներին, նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ «Ակադեմիական քաղաք»-ը ՀՀ կառավարության ամենակարևոր ու առաջնային նախագծերից է, և որի իրագործման վրա այժմ ակտիվորեն աշխատում են։ Այդ հարցում կարևորելով նաև ոչ միայն միջազգային գործընկերների դերը, այլև համագործակցությունը տեղական բուհերի, հետազոտական ինստիտուտների, դասախոսների, ուսանողների հետ, նախարարը հայտնեց, որ ներդրումային ծրագրի զարգացման նպատակով համագործակցում են ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների հետ։ Աշխատանքներում կներգրավվեն նաև մասնագիտացված ընկերությունները։




