
Մարսի վրա կյանք կա՞, մարդը կարո՞ղ է երկար ապրել այդ մոլորակում ու, օրինակ, գյուղատնտեսությամբ զբաղվել կամ բնակավայր կառուցել։ 3 տարին մեկ անցկացվող հետազոտության նպատակը դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելն է։
Նախորդ տարի նախապատրաստական գիտափորձն անցկացվել է Արարատի մարզի Արմաշ գյուղում։ Հայաստանյան առաքելությունը ոչ միայն բարեհաջող է անցել, այլև նոր պատասխան տվել օրինակ այն հարցին, թե գենետիկ ինչ փոփոխություններ են տեղի ունենում երկարատև մեկուսացման ընթացքում։
Մարսագնացների ջոկատի պատրաստման հայաստանյան առաքելությունը գիտական փորձին հայկական ձեռագիր է ավելացրել։ 3 տարին մեկ անցկացվող հետազոտության նպատակն է դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելը։ Այդ ճանապարհի կանգառներից մեկը Հայաստանն էր։ Արարատի մարզի Արմաշ գյուղում իրականացված գիտահետազոտական աշխատանքների ընթացքում հավաքվել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու իրական թռիչքների նախապատրաստությանը․ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասում է AMADEE-24 Մարսի անալոգային գիտական առաքելություն Հայաստանի ղեկավար, հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր Հայկ Ասլանյանը։
«Երկու տարի նախապատրաստված գիտափորձերը իրականացվեցին Մարսին մոտ մեկուսացված պայմաններում, արդյունքները գերազանցեցին բոլորի սպասումները։ Ավելի քան 30 երկիր լուսաբանեց, ավելի քան 800 լուսաբանում եղավ, որտեղ խոսվեց, որ Հայաստանը իր գիտական հայտն է ներկայացնում Մարսի հետազոտությունների բարդ խնդիրների լուծմանը»։
Նախորդ տարի գարնանը Արարատի մարզի Արմաշ գյուղի շրջակա ամայի տարածքը 4 շաբաթ վերածվել էր անալոգային տիեզերակայանի։ Մարս մոլորակը հիշեցնող փորձագիտական վայրում տեղադրվել էին հատուկ կացարաններ, իսկ տարբեր երկրներ ներկայացնող 6 «տիեզերագնացները» տարբեր գիտափորձեր էին իրականացնում, փորձարկում տիեզերական տեխնոլոգիաներ։

Այդ մարդիկ Մարս չեն թռչելու, բայց ծրագիրը նախապատրաստած Ավստրիական տիեզերական ֆորումի ներկայացուցիչները համոզված են՝ նման հետազոտությունները, որոնք անցկացվել են նաև Մարոկոյում, Իսրայելում, Օմանում, կօգնեն նրանց, ում վիճակված է առաջինը ոտք դնել Կարմիր մոլորակի ավազին։
Հայաստանյան առաքելության արժեքավոր արդյունքներից մեկը վերագրվում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանին։ Խոսքը գենի փոփոխություններին վերաբերող նրա հետազոտության մասին է։ Ըստ դրա արդյունքների՝ տիեզերքում մարդու գենում կարող են քրոմոսոմների որոշակի փոփոխություններ տեղի ունենալ։
«Զեկույցի ժամանակ Արսենը ներկայացրեց օրինակը, երբ երկվորյակ եղբայրներից մեկը Երկրի վրա է գտնվել, մյուսը` տիեզերքում։ Երկիր վերադառնալուց հետո ակնհայտ է եղել, որ կան էական տարբերություններ նրանց գենային փոփոխության մեջ` մեկը երիտասարդ է մնացել, մյուսը շուտ է ծերացել։ Իրականում վաղուց արվում են նման գիտափորձեր, և մեր ներդրումն ու կանխատեսումը շատ կարևոր են, որովհետև հենց Մարս առաքելությունների ժամանակ շատ անկանխատեսելի է մարդկային գործոնը»։
Ի դեպ՝ Մարսում գոյատևելու նախապայմաններից մեկն էլ տիեզերագնացների լավ մարզավիճակն ու հատուկ մշակված սննդակարգն են՝ նկատում է հայաստանյան առաքելության շրջանակում անալոգային տիեզերագնացների սննդաբան և մարզումների պատասխանատու Հովհաննես Ավագյանը։
«Սննդակարգերը մշակելուց բացի, անհատական տվյալներ էինք վերցնում, ինչ-որ չափով նաև ներառել ենք արհեստական բանականությունը՝ փորձելով նորություն մտցնել սննդակարգերի ճիշտ մշակման և անհատականացման համար՝ մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի։ Այսինքն, սխալվելու գործոնը փորձել ենք մինիմալիզացնել և տիեզերագնացների համար ստանալ գերճշգրիտ սնունդ։ Դրանք սննդային բատոններն են, գելերը, որոնք 8 ժամ կուշտ են պահում տիեզերագնացին»։
Ավագյանի խոսքով` սննդային բատոնները, հատուկ գելերը հնարավոր է նաև տիեզերակայանում աճեցնել։ Դրանք շատ սպիտակուցներ ու ամինաթթուներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին ոչ երկրային պայմաններում գոյատևելու համար։ Աշխատանքային խմբի այս նորամուծությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ճանաչվել է բարձր տեխնոլոգիական պրոդուկտ։




