
Ֆրանսիայից Հայաստան են բերվել և առաջին անգամ ցուցադրվում են անվանի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Ախթալայում 19-րդ դարի 80-ականներին պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան ցուցանմուշներ։ Հայաստանի պատմության թանգարանում դրանք ներկայացված են 1990-ականներին հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից Հայաստանի հնավայրերում հայտնաբերված առարկաների համադրությամբ։
«Մուսի-Յերի» դամբարանադաշտը՝ Լոռիում բարձրակարգ մետաղագործությամբ զբաղվելու ապացույց, բրոնզե երկժանին՝ տարածաշրջանի քրմի կամ ռազմական առաջնորդի իշխանության խորհրդանիշ։
Հայաստանի պատմության թանգարանում մինչև մարտի 11-ը կգործի «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսը։ Դրանում մեկտեղված են 19-րդ դարի հայտնի ֆրանսիացի հնագետի և 1990-ականներից ի վեր հայ-ֆրանսիական արշավախմբերի պեղումների արդյունքները։

Մորգանը հենց Լոռվա տարածաշրջանի շնորհիվ է ձեռք բերել իր գլխավոր մասնագիտությունը՝ հնագիտությունը։ 1880-ականներին ցարական իշխանության օրոք որպես երկրաբան ժամանել է պղնձագործական շրջան, նրան ապշեցրել է տեղի հնագիտական շերտը՝ պատմում է հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը։
«Լոռին, բացի նրանից, որ շատ հարուստ է բնական հանածոներով, նաև բրոնզ-երկաթեդարյան հուշարձաններով Հայաստանի ամենահարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող մարզերից է։ Ժակ դը Մորգանը, տեսնելով, թե ինչքան հարուստ է մասնավորապես Ախթալան, սկսում է պեղումներ 1887 թ.-ից ։ Պեղումների շնորհիվ դամբարանադաշտն է բացվում, ավելի քան 1000 դամբարաններ է պեղում, որը չտեսնված է»։

Ախթալայի կամ ինչպես Մորգանն է իր ձեռագրերում անվանել «Մուսի-Յերի» դամբարանադաշտը, հնագետը նաև գծանկարով՝ ժամանակի ամբողջական տեսքով է պատկերել։ Ցուցադրությունում ժամանակակից մոտեցմամբ ներկայացված նկարում տեղանքի բլուրներն են, պեղավայրում աշխատողներն իրենց գործիքներով։
Նրա մեկ այլ գծանկարում քարե դամբարաններից մեկն է՝ լայն բրոնզե գոտիով և ապարանջաններով թաղված հանգուցյալի կմախքը, կողքին կարաս, սափոր և սկուտեղ։

Հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյան․
«Ժամանակակիցները նշում են, որ նա բավականին մանրակրկիտ էր աշխատում՝ փորձում էր յուրաքանչյուր դետալ առանձին վերցնել, ոչինչ բաց չթողնել։ Ինչպես նշում է իր հուշերում՝ անգամ մազերը, կտորի մնացորդները, որոնք շատ քիչ են պահպանվում, փորձում էր վերցնել շատ մանրակրկիտ։

Այնուամենայնիվ, ամբողջ նյութը, որը պեղվում է, անգամ ցարական Ռուսաստանի պայմաններում, տեղափոխվում է Ֆրանսիա։ Սեն Ժերմեն թանգարանում է, որը մինչև հիմա այդ ամբողջ ժառանգության պահպանողն է»։
Ներկայացված են նաև հայ-ֆրանսիական համատեղ մերօրյա հնագիտական պեղումների արդյունքներ։ Ֆրանսիական տարբեր համալսարաններից ժամանած հնագետները հայ մասնագետների հետ 90-ականներից ի վեր Հայաստանում ուսումնասիրել են թվով 7 հնավայր։

Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից պեղված, սկսած վաղ բրոնզի դարի 2-րդ փուլից՝ 3000-ամյա կտրվածքով՝ Այրումի դամբարաններից մինչև Բենիամինի անտիկ ժամանակաշրջանի նյութեր են՝ նշում է Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանը։
«Տեսնում ենք կենդանակերպ անոթ, որը «Մուսի-Յերի» դամբարանադաշտից է հայտնաբերված։ Խոսում է խեցեգործության զարգացման մասին, որովհետև երկաթե դարում հանդես են գալիս արդեն ծիսական բնույթի այնպիսի բարդ կառուցվածք ունեցող անոթներ, որոնք իրենց ձևով են կենդանակերպ, այլ ոչ թե պարունակում են կենդանու պատկեր։ Առանձնահատուկ տեղ ունի նաև Ֆրանսիայից ժամանած կենդանակերպ բռնակող անոթը՝ խոյակերպ ձևավորմամբ»։

Մետաղական գտածոները ցույց են տալիս, որ Լոռվա տարածաշրջանն իր բնական հանածոների շնորհիվ դեռ դարեր առաջ առաջանցիկ տեմպերով է զարգացել մետաղամշակման գործում։ Երկաթե դարի բրոնզե երկժանին, իշխանության խորհրդանիշ է եղել ժամանակի քրմի կամ ռազմական առաջնորդի ձեռքում։
Պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյան․
«Երկժանին, որը պատրաստված է բարձրորակ բրոնձից և դաշույնը՝ նիզակածայրը, որը երկմետաղ է՝ պատրաստված երկաթից և պղնձից, ներկայացնում են ժամանակաշրջանի գլխավոր տեխնոլոգիական ձեռքբերումները, որտեղ երկաթը և բրոնզը կամ պղինձը համադրվում են արդեն իրար հետ և ստանում են կրկնակի համաձուլվածներ»։

Ցուցասրահում կարելի է տեսնել 1950-ականներին Ախթալայից հայտնաբերված ուշ բրոնզադարյան «մետաղական իրերի գանձը»՝ բրոնզե կաթսա, որի մեջ դրված է եղել 7 հարթ տապար՝ միասայր կացնաձև ռազմական զենք և 7 սակր՝ կրկին կացնաձև հնագույն զինատեսակ։ Հետքաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև կաթսայում տեղադրվելը դրանք եղել են երկարատև կիրառման են ենթարկվել։




