
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը քննարկել են ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի դերը և տարածաշրջանում երկու երկրների ընդհանուր շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ պետքարտուղարության՝ անդրադարձ է եղել նաեւ Սիրիայում իրավիճակին։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։
Ռուբիո- Ֆիդան հեռախոսազրույցին անդրադառնալով՝ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախարարներն ընդգծել են երկու երկրների միջեւ դաշնակցային համագործակցությունն իրականացնել փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա», ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերում համակարգված գործողությունների կարեւորությունը։




