
Հունվարի 22-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի «Մեգարոն» երաժշտական համալիրի տնօրենների խորհրդի նախագահ Նիկոս Պիմբլիսի և գեղարվեստական ղեկավար Յանիս Վակարելիսի հետ։
Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում մշակութային ոլորտում Հայաստանի և Հունաստանի հետագա համագործակցությանն ուղղված նախագծեր։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է երաժշտական համալիրի ծրագրերում Հայաստանից արվեստի գործիչների և խմբերի ներգրավվածության բարձրացման կարևորությունը։
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Մեգարոնի մեծ համերգասրահում 2023 թ. նոյեմբերին Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի կազմակերպման համար, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։




