
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրաման` էներգետիկայի, սահմանների և ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, հայտնում են Fox News-ի աղբյուրները։ Իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «գործադիր հրամանագրերի և գործողությունների պատմական շարք, որոնք արմատապես կբարեփոխեն ԱՄՆ-ի կառավարությունը»։ Թրամփը նաև ասել է, որ չեղարկելու է նախորդ վարչակազմի ընդունած գրեթե 80 գործադիր հրաման, կհայտարարի դաշնային աշխատանքի ընդունման ժամանակավոր սառեցման մասին և կպահանջի դաշնային կառավարության բոլոր աշխատակիցներից վերադառնալ գրասենյակներ՝ վերացնելով հեռավար աշխատանքը: 78-ամյա Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում՝ առաջ անցնելով դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսից։ Դոնալդ Թրամփն արդեն զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2017-2021 թվականներին, որից հետո նրան փոխարինել է դեմոկրատ Ջո Բայդենը։ Ջեյմս Դեյվիդ Վենսն էլ դարձել է ԱՄՆ 50-րդ փոխնախագահը։
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ Սպիտակ Տուն ժամանելուց հետո, Օվալաձև աշխատասենյակում մի շարք փաստաթղթղեր է ստորագրել, որոնցով, ինչպես ինքն է վստահեցնում, նրա վարչակազմն սկսելու է երկրի վերականգնումը և բանականության հեղափոխությունը։ Թրամփը նախ՝ արտակարգ դրություն է հայտարարելու Մեքսիկայի հետ սահմանին։ Այնտեղ տեղակայված զորքերը պետք է կանխեն միլիոնավոր միգրանտների հոսքը։ ԱՄՆ նոր նախագահը հայտարարել է, որ կիրականացնի «միլիոնավոր ու միլիոնավոր» անօրինական ներգաղթյալների ծրագրված զանգվածային արտաքսումը։
«Ես կդադարեցնեմ բռնել և բաց թողնելու պրակտիկան։ Եվ զորքեր կուղարկեմ՝ կանխելու մեր աղետալի ներխուժումը հարավային սահմանից»։
78–ամյա նախագահը հրաման է ստորագրել, որով Վաշինգթոնը դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Ավելի վաղ Financial Times պարբերականը հայտնել էր նախագահական լիազորություններին անցնելուց հետո Թրամփի այս մտադրության մասին, նշելով, որ ոչ մի երկիր չի կարողանա լրացնել այն բացը, որը կառաջանա ԱՀԿ-ում, եթե ԱՄՆ-ն դուրս գա կազմակերպությունից։
Թրամփը, իր հերթին, ԱՀԿ-ին մեղադրել է, որ կառույցը չի կարողացել անկախ գործել և «անարդարացիորեն խոշոր վճարումներ» է պահանջել ԱՄՆ-ից, որոնք անհամաչափ են եղել այլ երկրների, օրինակ՝ Չինաստանի տրամադրած գումարների համեմատ: Նրա այդ որոշումը քննադատել են հանրային առողջապահության փորձագետները։ Թրամփը երկար ժամանակ քննադատում էր ՄԱԿ-ի առողջապահական գործակալությանը, և նրա վարչակազմը պաշտոնապես սկսեց դուրս գալ ԱՀԿ-ից 2020 թվականի հուլիսին, քանի որ Covid-19 համաճարակը շարունակում էր տարածվել։ Բայց չորս տարի առաջ, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը դադարեցրեց այդ գործընթացը։
Թրամփը ստորագրել է նաև Փարիզի համաձայնագրից ԱՄՆ–ի կրկին դուրս գալու մասին հրամանագիրը։ Նա դադարեցրել է հողմային տուրբինների, էլեկտրական մեքենաների և ջերմային պոմպերի սուբսիդավորումը և առաջարկել է վերականգնվող էներգիայի փոխարեն վերադառնալ հանածո վառելիքին՝ նավթին ու գազին։
Կլիմայի փոփոխության վերաբերյալ համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, Փարիզում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովից հետո։ 2019 թվականի նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես դուրս եկավ այդ համաձայնագրից։ Նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո երկիրը կրկին միացավ համաձայնագրին 2021 թվականի փետրվարի 19-ին։
Թրամփը նաև նամակ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ տեղեկացնելով 2015 թվականի ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու մասին համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին:
Դոնալդ Թրամփը խոստանում է Միացյալ Նահանգները դարձնել մոլորակի գլխավոր էներգետիկ ուժը և էժան նավթով ու հեղուկ գազով հեղեղել ոչ միայն Ամերիկան, այլև ամբողջ աշխարհը, ի տարբերություն Ջո Բայդենի «կանաչ» օրակարգի։ Նա խոստացել է արտակարգ դրություն հայտարարել էներգետիկայի ոլորտում, ինչը թույլ կտա մեծացնել հանածո վառելիքի արտադրությունը։
«Մենք նորից հարուստ երկիր ենք դառնալու, և մեր ոտքերի տակի հեղուկ ոսկին է, որ մեզ կօգնի այս հարցում»։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթվանից ԱՄՆ-ում ճանաչվի միայն երկու կենսաբանական սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել է վերջ տալ «ռասան և սեռը հասարակական և անձնական կյանքի բոլոր ասպեկտներում սոցիալական կերպով սերմանելու փորձի քաղաքականությանը»։
«Այսօրվանից Միացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնական քաղաքականությունը լինելու է այն, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»։
ԱՄՆ նախագահը խոստանում է «հետ բերել» Պանամայի ջրանցքը, հայտարարելով, որ հիմարություն է Պանամային տալ ջրանցքը, որն ամենաթանկ շինարարական նախագիծն էր ԱՄՆ-ի պատմության մեջ: Նա նշել է, որ ամերիկյան նավերն այժմ ստիպված են չափազանց մեծ տուրքեր վճարել Պանամայի ջրանցքով անցնելու համար, որն ըստ նրա, ղեկավարում է ոչ թե Պանաման, այլ Չինաստանը։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիին, վերադարձնելու իր նախկին անունը՝ ՄաքՔինլի։




