ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գովազդը կարող է նաև վնասել առողջությանը․ մի ուսումնասիրության արդյունքների մասին

Առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում երեխաների համար նախատեսված սննդի և ըմպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն են իրականացրել: Հետազոտության արդյունքները, ըստ մասնագետների, անհանգստացնող են, քանի որ գովազդն էական ազդեցություն ունի երեխաների կողմից անառողջ սննդի և ըմպելիքների օգտագործման վրա: Ուսումնասիրությունը պարզել է, որ գովազդվող սննդամթերքի 65 տոկոսը անառողջ սնունդ է։

Հեռուստատեսությամբ գովազդվող՝ երեխաների համար նախատեսված սննդի և խմիչքների ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են: Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնասիրությունը ներառում է 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածը։ 316 եթերային ժամում մշտադիտարկվել է բարձր ռեյտինգ ունեցող 5 հեռուստաալիքի 5 հազար գովազդ, հայտնաբերվել է սննդի և խմիչքի 1587 գովազդ, որոնցում ամենաշատը գովազդվել են շոկոլադը, հրուշակեղենը (30.2%), գազավորված զովացուցիչ ըմպելիքները (20.3%), թեյը և սուրճը (16.2%), հյութերը(2.1%): Քանի որ գովազդն էական ազդեցություն ունի երեխաների կողմից անառողջ սննդի և ըմպելիքների օգտագործման վրա, հետազոտության արդյունքներն ավելի քան անհանգստացնող են, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԱԱԻ փոխտնօրեն Դիանա Անդրեասյանը․

«Յուրաքանչյուր ընտրված հեռուստաընկերություն ձայնագրվել էր 4 օրվա ընթացքում և համաձայն պահանջի՝ 2–ը աշխատանքային և 2–ը հանգստյան օրերին։ Ձայնագրումը իրականացվել է ժամը 6-ից մինչև ժամը 10, այսինքն, երբ երեխաների ներկայությունը և ուշադրությունը առավել բարձր է։ Համաձայն ԱՀԿ մեթոդաբանության՝ ընդգրկված են 17 սննդամթերքներ, որոնցից  5–ը արգելված են գովազդի համար, և այդ սննդամթերքները՝ դա շոկոլադն էր տարբեր տեսակի, դա տորթերն էին, հրուշակեղենն էր, դա քաղցրաբլիթներն էին, հյութերն էին, էներգետիկ հյութերը և սառեցված քաղցր սննդամթերքը՝ պաղպաղակը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գովազդվող սննդամթերքի 65 %–ը արգելված են գովազդի համար»։

Հետազոտությունը զուգահեռ իրականացվել է նաև այլ երկրներում։ Պատկերը հիմնականում նույնն է։ Իսկ ուսումնասիրության համար հիմք է ծառայել համաշխարհային վիճակագրությունը՝ դարձյալ մտահոգիչ։

«Ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը ամբողջ աշխարհում կրում է համաճարակի բնույթ։ Համաձայն միջազգային տվյալների՝ 2022 թվականի դրությամբ յուրաքանչյուր 8-րդ մարդը տառապում է ճարպակալմամբ։ Ի դեպ, համաձայն միջազգային տվյալների, եթե մենք կատարենք համեմատական վերլուծություն, 1990 ական թվականների համեմատ ճարպակալումը և ավելորդ քաշը մեծահասակ բնակչության շրջանում կրկնապատկվել է, իսկ դեռահասների շրջանում այն քառապատկվել է։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա մինչև 5-տարեկան երեխաների շրջանում ճարպակալման տարածվածությունը և ավելորդ քաշը կազմում է 37 միլիոն։ Ի դեպ, 5-ից 19 տարիքային խմբում այն կազմում է 390 միլիոն»։

Միջազգային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ երեխաների շրջանում ավելորդ քաշին և ճարպակալմանը նպաստող գործոններից մեկը անառողջ սննդի օգտագործումն է։ Ըստ ուսումնասիրությունների,անառողջ սննդի օգտագործման գլխավոր պատճառներից մեկը սննդամթերքի մարքեթինգն է, որը նպաստում է անառողջ սննդային վարքագծի ձևավորմանը։

«Ի դեպ՝ սննդային արդյունաբերության մարկետինգային ռազմավարությունը ուղղված է հենց երեխաներին և երիտասարդներին, քանի որ սա ամենաանպաշտպան խումբն է, որը չունի համապատասխան գիտելիքներ և չի գիտակցում, չի հասկանում, թե ինչ սննդամթերք է օգտագործում և ինչպես կարող է այդ սննդամթերքը վնասել իր առողջությանը»։

Ապացուցողական բժշկությունը ցույց է տալիս բարձր կապը կալորիականությամբ սննդակարգի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման և ճարպակալման, շաքարային դիաբետի, սիրտ–անոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև: Հետազոտության նպատակն է գնահատել մինչև 16 տարեկան երեխաներին ուղղված սննդամթերքի և ըմպելիքների հեռուստատեսային մարքեթինգի շրջանակը և բնույթը՝ փաստահեն հիմք ստեղծելով նոր/գործող քաղաքականության մշակման համար, ամրապնդելով երեխաներին ուղղված հագեցած ճարպերով, տրանսճարպաթթուներով, շաքարով կամ աղով հարուստ սննդամթերքի և ըմպելիքի մարքեթինգի սահմանափակումը, ասում է ԱՆ ներկայացուցիչը։

Հեռուստատեսային գովազդը, անշուշտ,նպաստում է, բայց միայն դրա դեմ պայքարելով արդյունքի չենք հասնի, նկատում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։

«Հավատացեք, երեխաները այսօր այդքան չեն օգտվում հեռուստատեսությունից, ինչքան որ ոչ ավանդական հաղորդակցության ուղիներն են, և դա էլ է շատ կարևոր, երբ որ պետությունները ժամանակին համահունչ կարիքների գնահատում չեն անում, թիրախային չեն աշխատում, պատկերը սա է լինում։

Կան բազմաթիվ երկրներ, որտեղ անգամ դպրոցների տարածքում արգելված է շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների վաճառքը։ Երկրներ կան, որտեղ դպրոցներում, մանկապարտեզներում դիստրիբյուտոր մեքենաներին, որտեղից հնարավոր է վաճառք իրականացնել, թույլատրվում է միայն երեխաների մանկական սննդամթերք իրացնել, բայց մեր երկրում եկեք գնանք մանկապարտեզ, տեսնենք՝ քանի մանկական սննդամթերք է տրվում, երբ տեխնիկական կանոնակարգով դա նորմավորվում է, այսինքն, սա շատ կարևոր խնդիր է, որպեսզի հասկանանք, որ չի կարելի միայն մեկ դրվագ կամ մի փոքրիկ ուսումնասիրություն անել և շեշտադրել միայն այդ խնդիրը։ Այդպես մենք խնդիր չենք լուծելու, ես ձեզ հավաստիացնում եմ»։

Սննդագետը գտնում է, որ խնդրի համալիր լուծումը դեռևս հեռու է, ուստի ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին բացատրել անառողջ սննդի ռիսկերը իրենց բոլոր հետագա բարդություններով։ Իսկ դրանք, ըստ մասնագետների, քիչ չեն՝ շաքարային դիաբետից մինչև սիրտ–անոթային հիվանդություններ։

Կարդացեք նաև

Back to top button