
Չնայած 2024–ին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն պնդում էին խաղաղության բանակցություններում դրական տեղաշարժերի մասին, բայց տարին ավարտվում է առանց փաստաթղթով արձանագրված խաղաղության։ Տարվա ավարտին ընդամենը 2 չհամաձայնեցված կետ է մնացել պայմանագրի նախագծում, որոնց առնչությամբ Հայաստանը սկզբունքային անհամաձայնություն չունի, անգամ առաջարկել է ընդունելի լուծումներ։ Որ դեպքում և երբ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, փորձում են հասկանալ Երևանում՝ տարվա վերջին քայլն անելով դեպի խաղաղություն։
2024–ի տարեվերջին Հայաստանի խորհրդարանում արվեց ևս մեկ քայլ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ քայլն արեց՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում լուսանկար հրապարակելու միջոցով։ ԱԺ նիստերի դահլիճում՝ նախագահության թիկունքում, պատին այսուհետև փակցված է լինելու Հայաստանի Հանրապետության քարտեզը։
Այն Հայաստանի խորհրդարանում մինչ այս պահը ցուցադրվել էր մի քանի անգամ, քարտեզն իր հետ սովորաբար նիստերի դահլիճ էր բերում վարչապետ Փաշինյանը, երբ մասնակցում էր պատգամավորների հետ հարց ու պատասխանին։

«Վիզուալ պատասխան եմ պատրաստել․ ՀՀ–ն սա է։ Համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանը, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել, այդ ադմինիստրատիվ սահմանից ինչ–որ գտնվում է դեպի այն կողմ Ադրբեջան է, իսկ գտնվում է դեպի այս կողմ՝ Հայաստան: Հիմա, դելիմիտացիայի գործընթացում, մենք պետք է աշխատենք այդ սահմանը վերարտադրելու վրա»։
Այս քարտեզով է, փաստորեն, Հայաստանը հաստատում, որ տարածքային հավակնություններ չունի հարևան պետությունների նկատմամբ և որ դե յուրե հաստատված Հայաստանի տարածքը 29 743 քարակուսի կիլոմետր է։
Խաղաղության սկզբունքների մասին գրված է նաև Ադրբեջանի արտգործնախարարության 2024–ի արդյունքների հաշվետվության մեջ։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ 2024 թվականին գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի խթանմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա։ Ադրբեջանի ԱԳՆ հաշվետվությունում կան նաև մեղադրական տողեր, որտեղ օգտագործվում է «զրպարտչական արշավ» ձևակերպումը, որոշ երկրներ պիտակավորվում են որպես Հայաստանի «հովանավորներ»։
Այս ձևակերպումն առաջին հերթին ուղղված է հավաքական Արևմուտքին, ավելի կոնկրետ՝ խաղաղության օրակարգում միջնորդ երկրներին, որոնց հետ 2024–ի ընթացքում պաշտոնական Բաքուն աստիճանաբար սրեց հարաբերությունները՝ մերժելով նախ Փարիզի միջնորդությունը, հետո՝ Բեռլինի, ապա՝ Վաշինգտոնի։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է, որ քայլերն առաջին հերթին կապված են Միացյալ Նահանգների նախագահի ընտրության հետ։
«Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի մինչեւ ընտրություններ ձգձգի գործընթացը: Նա կարողացել է դա անել։ Ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, իրենց համար նպաստավոր են։ Այդպես են գնահատում Բաքվում, և վերջին ամիսների ընթացքում, որից հետո արդեն հաստատ իշխանության գալու է այլ նախագահ, որը գուցե ավելի ադրբեջանպաստ քաղաքականություն կվարի: Այս վերջին ընթացքում ունենալ հանդիպումներ կամ գործընթացը ավարտին հասցնելը, ընդհանրապես, տրամաբանությունից դուրս է Ադրբեջանի շահերի և Ալիևի շահերի տեսակետից: Ես կարծում եմ, սա Միացյալ Նահանգներում գնահատել են և Միացյալ Նահանգներում գիտեին, որ մերժելու է Ադրբեջանը»։
Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Կոնկրետ ԱՄՆ–ին ուղղված մեղադրանքները կարող են չմոռացվել, քանի որ այդ երկիրն առաջնորդվում է ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։ Դրա կողքին նաև նախընտրական շրջանում Թրամփի ոչ ադրբեջանահաճո հայտարարություններն են, այդ թվում՝ Արցախի մասին հենց այդ բառի օգտագործմամբ։ Թրամփը հայտարարել էր նաև, որ իր նախագահության դեպքում հատուկ ուշադրություն է դարձնելու Հարավային Կովկասին, հատկապես Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Այս ամենը հաշվի առնելով վերլուծաբանները չեն բացառում, որ այդ խաղաղությունը ինչ–որ պահի կարող է դառնալ նաև պարտադրված։ Ռոբերտ Ղևոնդյան․
«Ինստիտուցիոնալ առումով ԱՄՆ–ն ավելի շատ հիմքեր ունի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը ավելացնելու, որովհետև Բայդենը վիրավորել է Միացյալ Նահանգներին որպես պետություն և ոչ թե կոնկրետ Բայդենի իշխանությանն է վիրավորել։ Այսպիսով, այո, շատ հնարավոր է, որ Թրամփը հարկադրի խաղաղություն ոչ միայն Ադրբեջանին, գուցե նաև՝ Ռուսաստանին, գուցե նաև Իրան–Իսրայել կողմերին և այլն: Այլ հարց է, թե դա որքանով կստացվի, բայց հավանաբար Թրամփը ունի այդպիսի մոտեցումներ»։
Հայաստանն ու Ադրբեջանը 2024–ն ամփոփում են՝ Խաղաղության պայմանագրի 17 կետերից չհամաձայնեցված թողնելով երկուսը։ Արդեն գաղտնիք չէ, թե որ երկու հարցերի մասին է ծոսքը։ Առաջինը միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումն է, երկրորդը՝ սահմաններին օտարերկրացիների ներկայության խնդիրը։ Այս կետն ակնհայտորեն ԵՄ դիտորդական առաքելության մասին է։ Հայաստանի առաջարկը՝ դիտորդների պարեկությունից հրաժարվել միայն սահմանազատված տարածքներից, դիտարկվում է նաև այլ տեսանկյունից։ Կարծիք կա, որ Հայաստանն այդ քայլով փորձում է արագացնել սահմանազատման գործընթացը, որի ուղղությամբ աշխատանքներն ակնհայտորեն դանդաղել են։




