ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ռուս-ուկրաինական զինադադար հնարավոր է 2025 թ․-ի աշնանը․ քաղաքագետ

Բարդ տարի, անհասկանալի ընթացքով․ փորձագիտական շրջանակներում վերլուծում են ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, ըստ որի, Մոսկվայի ու Կիևի միջև հավանական է զինադադար հաստատել, հակառակ դեպքում պատերազմը դեռ երկար կշարունակվի։ Մինչ այդ միջազգային պարբերականները ուշադրություն են հրավիրում Ուկրաինայում ռուսական կողմի իրականացրած հանցագործությունների վրա։

Ուկրաինայի համար իրավիճակը վատթարացավ հատկապես 2024թ երկրորդ կեսին, տարեվերջին արդեն, մի քանի հանգամանքներով պայմանավորված, վերլուծական շրջանականերում սկսեցին խոսել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին։ Այս հարցում էական նշանակություն ունեցան ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը այս հարցում բավարար հիմք էր պնդելու, որ ՌԴ-Ուկրաինայի միջև լարվածությունը դեպի մարում է գնում։

Թրամփը դեմ է, որ ամերիկյան հրթիռները հասնեն Ռուսաստանի խորքը․ «Ես կտրականապես դեմ եմ հարյուրավոր մղոն հեռավորությամբ Ռուսաստան հրթիռներ արձակելուն: Ինչո՞ւ ենք մենք դա անում: Մենք պարզապես սրում ենք այս պատերազմը և վատթարացնում այն»։

Սա նշանակում է, որ ԱՄՆ ոչ թե կթողնի Ուկրաինային առանց աջակցության, այլ ըստ Թրամփի, կօգտագործի ամերիկյան օգնությունը՝ որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ բանակցություններում:

Քաղաքագետ Բենիամին Պոսոսյան․ «Եթե խաղաղություն ասելով հասկանում  ենք խաղաղության համաձայնագիր, ապա վախենամ՝ դա չլինի ոչ 2025-ին, ոչ էլ առաջիկա 10 կամ 15 տարիների ընթացքում: Սակայն 2025-ին հնարավոր է ռազմական գործողությունների դադարեցում և զինադադարի մասին համաձայնագրի ստորագրում, եթե Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին հաջողվի պայմանավորվել և կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում, եթե դա կոչենք զինադադար, ապա այդ պայմանավորվածությունները, եթե ոչ հրապարակային, ապա ոչ հրապարակային մասով, պետք է առնչվեն նաև հետխորհրդային տարածաշրջանի, Ռուսաստանի, Չինաստանի հարաբերություններին: Ենթադրում եմ, որ այս պայմանավորվածությունները կամ ձեռք կբերվեն 2025 թվականի առաջին վեց-ինը ամիսներին, կամ ռազմական գործողությունները կշարունակվեն, այդ թվում նաև 2026 թվականին»։

2024–ը բարդ տարի էր Ուկրաինայի համար՝ փաստում է քաղաքագետը, մատնացույց անելով Կուրսկում ուկրաինական առաջխաղացումը օգոստոսին։ Պատկերը, սակայն, փոխվեց տարեվերջին։ Բենիամին Պողոսյանը խոսում է նաև Ռուսաստանի տնտեսության վատ վիճակի մասին․

«Հատկապես Ուկրաինայի իրավիճակը ծանրացավ 2024-ի երկրորդ կեսին։ Մենք տեսնում ենք, որ հատկապես Ուկրաինայի արևելքում ռուսական բանակը դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ է գնում։ Ուկրաինան փորձեց իրավիճակը փոխել 2024-ի օգոստոսին՝ Կուրսկի մարզ ներխուժելով՝ հույս ունենալով, որ որոշ տարածքներ, որ ինքը կգրավի Ռուսաստանից, այնուհետև այդ փաստը կարող է օգտագործել որպես կռվան հետագա բանակցություններում։

Առաջին հարվածին Ռուսաստանի տնտեսությունը դիմացավ, բայց հասկանալի է, որ կա դանդաղ, բայց անկում, և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները նույնպես լավը չեն։ Կան նաև ժողովրդագրական խնդիրներ։ Հասկանալի է, որ երկու կողմերից էլ հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել և վիրավորվել։ Այս ամենը հաշվի առնելով, չեմ բացառում, որ եթե Միացյալ Նահանգները կարողանա Ռուսաստանին առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք Ռուսաստանին կբավարարեն, իսկ այստեղ գլխավորը հարցը այն է, որ ՌԴ չի բավարարվի միայն Ուկրաինայով»։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր ռուս-ուկրաինական պատերազմն ավարտել 24 ժամում: Սակայն, ընտրվելուց հետո խոստովանեց, որ խաղաղության հասնելն ավելի դժվար ու բարդ է լինելու, քան ինքն ակնարկալում էր։

Մինչ ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր զինադադար, Amnesty Internationalը-ը գրում է Ուկրաինայում երեխաների նկատմամբ ռուսական զինված ուժերի իրականացրած հանցագործությունների մասին։

Մեծ Բրիտանիան էլ նախատեսում է Ուկրաինային տրամադրել 4,5 միլիոն ֆունտ ստերլինգ, կամ մոտ 5,4 միլիոն եվրո՝ օգնելու բացահայտել ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Լոնդոնի հատկացրած գումարը, կստանա նաև Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ Միջոցները կօգտագործվեն փաստաթղթավորման, հետաքննության և քրեական հետապնդման համար։

Կարդացեք նաև

Back to top button