
Մայրաքաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է տեսախցիկների տեղադրումը, իսկ սննդի վերահսկողությունը շատ ավելի խիստ է լինելու՝ Երևանի քաղաքապետի հայտարարությունն է: Ամիսներ առաջ սննդամթերքի մի քանի տեսակներում լաբորատոր փորձաքննությամբ մանրէների մտահոգիչ առկայություն էր արձանագրվել, ինչի հետևանքով ողջ խմբաքանակը հանվել է շրջանառությունից։ Ավինյանը զգուշացրել է սննդի մատակարարման գործընթացին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, հակառակ դեպքում հետևանքները միայն ֆինանսական չեն լինելու։
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է ՝ կուժեղացվի մանկապարտեզներին մատակարվող սննդի վերահսկողությունը։ Լրամշակվել և նոր պահանջներ են ներկայացվել մթերքի տեխնիկական բոլոր բնութագրերի նկատմամբ։ Վերահսկողություն իրականացվում է սննդի ողջ շղթայով՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Պայմանները խստացվել են․ անորակ սնունդ այլևս չի մտնի մանկապարտեզ, իսկ մտնելու դեպքում պատասխանատվությունից խուսափել հնարավոր չի լինի՝ հավաստիացրել է քաղաքապետը։
«Առհասարակ, անորակ սնունդը ոչ միայն չպետք է ընդունել, այլ նաև պետք է հետևից գնալ, գտնել այդ ամբողջ խմբաքանակը։ Սա մի քիչ մեխանիկական պրոցես է եղել այս տարվա ընթացքում, հաջորդիվ մենք գործելու ենք հստակ ստանդարտների ավելի խիստ պայմաններով։ Հիմա մրցույթ է դրված, բայց դա էլ, միանշանակ չէ, որ կլուծի մեր հարցը։ Բայց, այնուամենայնիվ, ես շատ ուրախ եմ, որ նաև ֆինանսների նախարարությունն է վերանայել մեր գնումների վերաբերյալ ողջ օրենքը և շեշտը դնում է որակական չափորոշիչների վրա, որովհետև այս «պոլիցայի» մեթոդով գնման համակարգը գող բռնելու տրամաբանությամբ է ներդրված։ Այս նոր համակարգն ավելի շատ կենտրոնացած է լինելու որակ ապահովելու վրա։ Գողը այսպես, թե այնպես բռնվելու է»։
Սննդամթերքի գնման գործընթացը եկող տարի ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ուսումնասիրվել են մթերքի բնութագրերը, հստակեցվել մթերքի քանակին և որակին առաջադրվող պահանջները։ Խստացվել է վերահսկողության մակարդակը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականն է․«Տարիներ շարունակ ինչ-որ տրամաբանությամբ գործել են և աշխատել, այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել։ Հաջորդ տարվանից, ուղղակի այս պահից զգուշացնում եմ, որ չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նմանատիպ սնունդ մատակարարվի»։
Հիշեցնենք, որ Երևանի 146 մանկապարտեզում ստուգված 3850 կգ հավի մսում հայտնաբերվել է վնասակար բակտերիա։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ լաբորատորիայի տված եզրակացության հիմքով որոշվել է դադարեցնել մսի ողջ խմբաքանակի օգտագործումը։ Նույն լաբորատորիայում մանրէաբանական և զգայաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի 4 տեսակի փորձանմուշ, և դարձյալ հայտնաբերվել են վնասակար մանրէներ, իսկ զգայաբանական ցուցանիշերը՝ հոտը, համը, գույնը, ընդհանրապես չեն համապատասխանել սահմանված չափանիշերին։
Մատակարար կազմակերպություններին առաջարկվել է նշված սննդատեսակները փոխարինել շուկայում այլ արտադրողների և ներկրողների առաջարկած՝ պետական ստանդարտներին համապատասխանող սննդամթերքով։ Ի դեպ՝ փորձաքննության էին ներկայացվել նաև մանկապարտեզներին մատակարավող աղը, մածունը, հացը, պանիրը։ Ի տարբերություն նախորդների՝ այս սննդատեսակները համապատասխանել են նորմերին։
Սննդագետ Դավիթ Պիպոյանն արձանագրում է. այն, ինչ հայտնաբերել են, դեռ չարյաց փոքրագույնն է։ Նրա կարծիքով՝ իրական խնդիրները ետնաբեմում են մնում։
«Փաստացի, ամենակարևոր ոլորտը մնում է բաց, որովհետև, օրինակ, երեխային մատուցվող ուտելիքի պահանջներ կան, որոնք հստակ նշում են, որ չի կարելի երեխաներին տալ միայն ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստվող հաց: Երբ գնում ես երևանյան կամ մարզային մանկապարտեզներ, համեմատարած խախտումներ են։ Բոլոր երեխաներին տալիս են ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստվող հաց: Կամ մենյուում նշված է, որ երեխաներին պետք է տան ձուկ, գնում տեսնում ես՝ ձուկ չկա, կաթը փոխարինում են՝ ինչով ուզում են: Եկեք ես և դուք միասին մտնենք այնտեղ, մենք մի հատ մանկական կաթնամթերք չենք գտնելու։ Այսինքն՝ սա այնպիսի բարձիթողի ոլորտ է, որ նման հատվածական ստուգումները, հավի հետ խնդիր հայտնաբերելը մեր ցավերը չի ամոքելու»։
Ըստ սննդագետի՝ քանի դեռ մանկապարտեզների վերահսկողությունը սահմանափակվում է բացառապես ստուգումների և պետական գործող ստուգաթղթերի չափանիշերով, առողջ սննդակարգի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Քաղաքապետարանից վստահեցնում են՝ այսուհետ ոչ միայն պահանջներն են ավելի խիստ լինելու, այլև հետևանքները։ Եկող տարվանից կոնկրետ հացի մասին լինելու է նաև ամբողջահատիկ հացահատիկից պատրաստված հացամթերքի ապահովման պահանջ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորում է սննդի մատակարարման գործընթացին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, հակառակ դեպքում հետևանքները միայն ֆինանսական չեն լինելու։
«Եթե այս գործընթացում դուք ռիսկ եք տեսնում, որ որակով սնունդ չեք կարողանում ապահովել, ես ձեզ խորհուրդ կտամ հետ կանգնել այս գործընթացներին մասնակցելուց: Անորակ սնունդը այսուհետ միայն ոչնչացվելու է, և դրան այլընտրանք չկա»։
Որակյալ սննդամթերքի մատակարարմանը կնպաստի նաև սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը։ Երեխաների համար առողջ սնունդը պարտադիր պայման է։ Որևէ բացթողում անհետևանք չի մնալու։




