ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

2024-ի 12 հիշարժան դրվագները․ ինչը կհիշենք նախորդ տարվանից

2024-ը հարուստ էր ներքին և արտաքին զարգացումներով, փոքր ու մեծ քաղաքական իրադարձություններով։ Խաղաղության ծանր բանակցություններ, որոնք ճանապարհի մեծ մասը, կարծես, անցել են, բայց համաձայնության եզրագծին այդպես էլ չեն հասել, սահմանազատման գործընթաց, որը 2024-ին սկսվել է, բայց հիմնականը դեռ առջևում է։

Տարին աղքատիկ չէր նաև ներքին փոփոխությունների առումով․ դրանցից անմասն չմնացին ոչ ընդդիմադիր ուժերը, ոչ էլ իշխանությունը։ Մեր ամփոփիչ թողարկմանը փորձել ենք պայմանականորեն խմբավորել դրանք և առանձնացնել նախորդ 12 ամիսների 12 հիշարժան  իրադարձությունները։

Ի՞նչ կարևոր զարգացումներ տեղի ունեցան 2024-ին, ինչի՞ մասին ենք ավելի շատ խոսել, ի՞նչը կհիշենք ու ի՞նչը կշարունակենք քննարկել 2025-ին։

Պետությունն ապրում է իր կյանքով, որն, ըստ էության, ստեղծում ենք բոլորս՝ փոքր, բայց որոշիչ դերակատարում ունենալով այն հարցում, թե ինչ ուղղությամբ  կընթանան իրադարձությունները։ Առանց գնահատականների հակիրճ վերհիշենք անցնող տարին։

Անցնող 2024-ի, թերևս, ամենաանսպասելի իրադարձությունը տեղի ունեցավ տարվա ավարտին։ 2018-ի հեղափոխությունից 6 տարի անց վարչապետ Փաշինյանը սափրեց մորուքը։ Իրադարձությունն ակտիվորեն քննարկվեց Հայաստանում, աննկատ չմնաց անգամ ԵԱՏՄ-ում։

Փաշինյանը, ինքն իրեն հոգեբանական վերլուծության ենթարկելով, բացատրեց․

Նիկոլ Փաշինյան. «Պատերազմի մեկնարկից և ավարտից հետո գործնականում 4 տարի ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով։ Ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ․ ես այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, և այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»։

Ալեքսանդր Լուկաշենկո. «Մենք ձեզ ընդունում ենք, որպես մեր կառույցի նոր, երիտասարդ՝ համենայն դեպս արտաքնապես, անդամ»։ (Мы воспринимаем Вас как нового, молодого, внешне по крайней мере, члена нашего союза)

Գագիկ Մելքոնյան. «Ինքը սափրվեց, նաև մնացածին սափրեց»։

Քայլը կարող էր ընկալվել որպես իմիջի փոփոխություն, եթե չհամընկներ նոր Հայաստանի մասին նոր թեզերի և ներքին փոփոխությունների հետ։

Հայաստանի վարչապետը նոր իմիջով առաջինը խոսեց Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու նոր առաջարկի մասին։ Ակնարկներից հետո բացատրեց, թե ինչի մասին է խոսքը։  

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է քաղաքական և մի շարք մեզ հայտնի առումներով հանգիստ թողնեն իրար, սկսեն կամաց-կամաց կոմունիկացիաների բացումով, տնտեսական կապեր հաստատել և այլն, շատ թույլ, շատ զգույշ։ Ընդ որում՝ Վրաստանն էլ այս առումով որոշակի կապ ունի։ Հարավկովկասյան երեք պետությունները ունեն ընդհանուր շահեր և կարող են ունենալ ընդհանուր շահեր և կարող են ունենալ ընդհանուր հետաքրքրություններ։ Սա է ռազմավարական գործարքի վերնագիրը կամ նախաբանը»։

Սա Երևանի բազմաթիվ առաջարկներից մեկն է, որին Ադրբեջանը այդպես էլ դեռ չի պատասխանել։

2024-ը Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության օրակարգով հերթական անավարտ բանակցությունների տարի էր, թեև կողմերը պարբերաբար խոսում էին դրական տեղաշարժի մասին։ Թվային արտահայտությամբ՝ Խաղաղության համաձայնագրի տեքստի 11 խմբագրումներից հետո պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ն ամբողջությամբ համաձայնեցված են։ Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման և սահմանազատման հարցերով։ 2024-ին Տավուշի հատվածում սահմանազատվեց հայ-ադրբեջանական սահմանի առաջին ՝ 12,6 կմ-ոց հատվածը, որտեղ տեղադրվեց 43 սահմանային սյուն։ Գործընթացը Հայաստանում տրամագծորեն տարբեր գնահատականներ ստացավ․ մի կողմում՝ խորը մտահոգություն ու դժգոհություններ էին, մյուսում՝ ընդգծված գոհունակություն։  

— Սենց խաղաղություն չի լինում։ Ինքը զիջում անո՞ւմ է 1 մ, 1 սմ։  

— 800-900 հեկտար թողած հող ունեմ։ Եթե ինքը զիջում անի, ես համաձայն եմ։ Ախր զիջում չի անում, ցավդ տանեմ։

Նիկոլ Փաշինյան․ «Սահմանազատումը միայն անվտանգության երաշխիք չէ։ Սահմանազատումը անկախության, ինքնիշխանության, պետականության երաշխիք է, որովհետև չի կարող լինել պետություն առանց կոնկրետ տարածքի»։

2024-ին անավարտ մնացին նաև հայ-թուրքական սահմանը բացելու բանակցությունները։

2024-ն աննախադեպ էր Հայաստանի կառավարման համակարգի և կառավարող կուսակցության համար։ Ամիսներ առաջ պաշտոնյաներն իմացան կառավարման նոր գործիքի՝ SMS-ծանուցումների մասին։ Վարչապետից ստացված նամակ-հորդորին հետևելով՝ միանգամից 6 պաշտոնյա լքեց իր պշատոնը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները բացատրեցին՝ որոշումների հիմքում վատ աշխատանքն էր։

2024-ը փոփոխություններ մտցրեց  նաև կուսակցական շարքերում, մասնավորապես՝ փոխեց խորհրդարանական մեծամասնության թվային պատկերը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարին ամփոփեց -2 արդյուքնով , իսկ  գործընթացն ուղեկցվեց  տհաճ բացահայտումներով, սկանդալներով և անգամ կուսակցության շարքերից հեռացումներով։

2024-ին նոսրացան նաև ընդդիմության շարքերը։ Խոսքը ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերի մասին է։ Բագրատ Գալստանյանը քաղաղական պայքարն ակտիվացնելու բազմաթիվ փորձերից և դադարներից հետո խոստացավ, որ առաքելությունը շարունակվելու է, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խմբակցությունից հեռացվեց իշխանափոխության մասին «ոչ հարիր» դիրքորոշման համար։

«Տենց օրակարգ չկա, չգիտեմ ՝ո՞վ է դա մտցրել: Ի՞նչ է նշանակում՝  եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք: Այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրիոմ պիտի անեինք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնեի՞նք»։  

Խորհրդարանական ընդդիմությունը տարվա ավարտին արձանագրեց -1 հաշիվը։ 

Մինուսներ ունեցան նաև պետական գերատեսչությունները․ կորցրեցին և դեռ կորցնելու են ծառայողական ավտոմեքենաները։ Վարչապետ Փաշինյանը խոստացավ կացնային միջոցների անցնել, հետո վերցրեց թուղթ ու գրիչը և անձամբ սկսեց վերանայել ծառայողական ավտոպարկը։

«Երբեք չեմ ուզել և չեմ ուզենա, որ սպոնտան որոշումների տրամաբանություն գործի։ Բայց երբ համակարգային հանձնարարականներ չեն կատարվում քաղաքական հայտարարությունների ի պատասխան, որովհետև իսկապես, ինչո՞ւ ընդդիմությունը պետք է բացի կարդա ես ինչ եմ ասել, մեր կառավարությունն էլ պետք է կարդա, լուծի, որպեսզի մեզ դրանով չկարողանան հարվածել»։

20 տոկոսի կրճատումը վարչապետը դեռ բավարար չի համարում՝ գործող իշխանության աշխատանքը ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի «պադավատապետության» մասին հայտարարություններին համապատասխանեցնելու համար։ 

2024-ին Հայաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը երբեք տեղի չէր ունեցել․ հանրության մի հատվածը՝ 50 հազար քաղաքացի, օրենսդրական նախաձեռնությամբ հասավ խորհրդարան։ Այս մեխանիզմը արտախորհրդարանական ուժերին տալիս է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը։ Դրանից օգտվեցին «Եվրաքվեի» ներկայացուցիչները։ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ–ում արդեն շրջանառության մեջ է և կքննարկվի 2025-ին։

2024-ը պատմական դրվագներ ունի նաև հայ-ամերիկայն հարաբերություններում․ ԱՄՆ հեռացող պաշտպանության քարտուղարը «պատմական» էր որակել Վաշինգտոնում հայ պաշտոնակցի հետ հանդիպումը։ Ամերիկացի պաշտոնյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ռազմավական հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։

Տարին եթե ոչ պատմական, ապա աննախադեպ էր կառավարությունում կանանց ներկայացվածության առումով։ Խոսքն այս դեպքում ոչ այնքան քանակի, որքան կանանց վստահված ոլորտների մասին է։ 2024-ին նրանց հանձնվեց առանցքային մի քանի կառույցների կառավարումը՝ գլխավոր դատախազություն, Ներքին գործերի ու արդարադատության նախարարություններ։ Մինչ այդ կանայք արդեն ստանձնել էին Արտաքին հետախուզական ծառայության ու ՄԻՊ գրասենյակի ղեկավարումը։ 

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հակիրճ է արձագանքում փաստին․

– Լավ չի՞։

Կառավարությունում հատկապես կանանց փխրուն ուսերին է նաև կոռուպցիայի բացահայտման ծանրությունը․ երևույթի  դեմ պայքարն արդյունքներ տալիս է, բայց՝ առայժմ ոչ ակնկալվող չափով։

ԱՕԿՍ-ից մինչև Ծաղկաձորի հողատարածքներ. 1 տարում պետությանն է վերադարձվել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք ու դրամական միջոց։ Կոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ևս 316 հայցադիմում է պատրաստ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում «հաջողության պատմությունները» առաջիկայում ավելի տեսանելի կլինեն։

«120 հայց ունենք այս պահին դատարանում և հիմա հետզհետե արդեն այդ արդյունքները ակնկալելու և ստանալու ժամանակահատվածն է։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է այդ դատական ակտերի թվաքանակը աճի»։

Կոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով անցնում են ոչ միայն նախկին պաշտոնյաները, այլև գործողները, տարվա ընթացքում դեպքեր արձանագրվեցին, երբ խուզարկություններն ու ձերբակալությունները իրականացվեցին հենց աշխատասենյակներում։

2024-ին վերաբացվեց նաև վերջին տարիների ամենահնչեղ քրեական գործերից մեկը․ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։ Հին գործի նոր զարգացումներին կհետևենք 2025 թվականին։

Կարդացեք նաև

Back to top button