
«Մեր մաշկի վրա են, բերանի խոռոչում, աղիներում, ամենուր։ Որևիցե կպչուն մակերեսի հանդիպելիս միանգամից ձևավորում են կենսաշերտեր և նման համակեցությամբ են հանդես գալիս»։
Ջրում, որ խմում ենք, սննդում, որ ուտում ենք, հողին, որ կանգնած ենք ու սարքին, որին հենց նոր ձեռք տվեցինք, մեր մեջ, մեր շուրջ ու մեր վրա․ ամենուր նրանք են։
«Հագուստ չեն կրում, որովհետև մտածում են, որ էդ հագուստի վրա հանկարծ ինչ-որ մի միջատ կամ մանրէ կարող է հայտնվել, իրենք էլ ակամայից կարող են վնասել։ Իրենց անվանում են դիգամբար, որը նշանակում է եթերազգեստ, իրականում ուղղակի մերկ են»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։
Այսօր խոսելու ենք անհաշվելի ու անտեսանելի բանակի, ամենատարածվածների ու ամենաթերագնահատվածների՝ մանրէների մասին։
Մենք երբեք միայնակ չենք։ Մինչ ապրում ենք մեր կյանքով, մեր օրգանիզմում իրենց կյանքն է կազմակերպում մոտ 40 տրիլիոն մանրէ։ Մենք նրանց հետ հիմնականում խաղաղ համակեցության մեջ ենք։ Բայց կյանքին բնորոշ զարգացումներով մանրէներն էլ հաճախ ունենում են հաղորդակցման ճգնաժամեր․ սկսում են պայքար իրենք իրար և իրենք՝ մեզ հետ։ Արդյունքում կամ չեզոքացվում է ինչ-որ հիվանդություն, որը կարող էր վատացնել մեր կյանքի որակը, կամ՝ ստեղծվում է այն։ Էկոհամակարգը, որում ապրում ենք, անխուսափելիորեն նաև (գուցե ավելի շատ) մանրէներինն է։
Ինչպե՞ս են ազդում անզեն աչքի համար գոյություն չունեցող այդ էակները մեր կյանքի որակի վրա, ե՞րբ են ռիսկ, ե՞րբ՝ փրկություն, ինչո՞ւ են հաճախ անտեսված և ինչպե՞ս են երբեմն մեծարվում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Արդյո՞ք մենք տուն ենք մարէների համար, թե՞ մարէներն են մեր տունը․ հարցը 2 ձևով էլ կարող էինք դնել։ Այժմ կա գիտական տեղեկատվություն, որ հասուն մարդու աղիներում մարէների քաշը կազմում է 3-4 կգ, և մարէային բջիջները մարդու օրգանիզմի մոտ 90%–ը կարող են կազմել։ Փաստացի իրենք մեր բջիջներից ավելի շատ են»։
Մանրէներին բարձրից մի նայեք՝ ձեզնից վերև ինչ-որ տեղ նրանք հաստատ գոյություն ունեն․ սա է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Փոլադյանի հետ զրույցի հիմնական շեշտադրումներից մեկը։ Նա իր ողջ կյանքն է նվիրել մանրէների ուսումնասիրությանը։ Նրանք՝ անտեսանելիները, աշխարհում բազմաթիվ գիտնականների մտքեր են ծանրաբեռնել։
«Մանրէները տարածված են ամենուրեք, ապրում են ծայրահեղ պայմաններում՝ ծայրահեղ սառը, ծայրահեղ բարձր ջերմաստիճան, ծայրահեղ աղի միջավայր, ծայրահեղ թթու միջավայր, և այս տեսանկյունից էլ շատ հետաքրքիր են․ ինչպե՞ս կարող են ոչ միայն դիմակայել այդ պայմաններում, այլև այդ պայմանները իրենց համար լինեն նորմալ, բազմանալու համար նպաստավոր համարվեն։ Գիտնականի տեսանկյունից հետաքրքրում է՝ ինչպես են նրանք հակազդում այդ պայմաններին, ինչպիսի կառույցներ ունեն, որ կարողանում են դիմակայել և բազմանալ»։
Դիմակայելու այս ձգտումն ինչ-որ կերպ պիտի արդարացված լինի, պիտի լինի «հանուն ինչի՞» հարցի մի ծանրակշիռ պատասխան, որը կդրդի մանրէներին գոյությունը պահպանելու հարցում ցուցաբերել բացառիկ հաստատակամություն։ Այսպիսի «մարդկայնացնող» մտքեր ինձ մոտ չէին առաջանա, եթե Աննա Փոլադյանը չպատմեր դրանց սոցիալական բարդ հարաբերությունների՝ հաղորդակցության, համագործակցության մասին։
«Վերջին տարիներին բացահայտվեց, որ մանրէները որևիցե կպչուն մակերեսի հանդիպելիս միանգամից ձևավորում են կենսաշերտեր և նման համակեցությամբ են հանդես գալիս։ Այդ շերտի ներսում կարող են լինել մեկ ցեղի, տեսակի և կարող են լինել տարբեր ցեղի և տեսակի մանրէներ։ Այդ կառույցի ներսում սոցիալական նույն հարաբերություններն են։ Մեկը մյուսին տեղեկատվություն են փոխանցում, միասին հակազդում են արտաքին միջավայրի պայմաններին, ինֆորմացիա են տեղափոխում սննդի առկայության և բացակայության հետ կապված, տարբեր գործողություններ իրականացնելու համար, ինչպիսին է աճը, բազմացումը, կիսումը, սպորառաջացումը։ Միասին, համաձայնեցված են գործում և կան տարբեր ազդակային մոլեկուլներ, որոնց միջոցով, կարելի է ասել՝ խոսում են միմյանց հետ։ Դա արվում է արտաբջջային տարբեր նյութերի միջոցով, որոնք հենց իրենք էլ արտադրում են։ Դրանք կարող են լինել թե՛ քիմիական բնույթի, թե՛ սպիտակուցային բնույթի փոքրիկ մոլեկուլներ, որոնց քանակով հսկվում է մանէների վարքագիծը, ամբողջ պոպուլյացիայի վարքագիծը»։
Հիշո՞ւմ եք օճառի այն գովազդները, որոնցում մանրէն իրական թշնամի էր։ Մանրէաբանն ասում է՝ դա արդարացված է, մանրէն կարող է լրջագույն հիվանդություններ առաջացնել։ Բայց պետք է խուսափել ծայրահեղացումներից․ մեկն առաջացնում է, մյուսը՝ չեզոքացնում ու պաշտպանում։ Ավելորդ համարձակություն է կարծելը, թե ճանաչում ենք նրանց․
«Ընդհանրապես կա տեղեկատվություն, որ մանրէների միայն 1%-ն է ուսումնասիրված։ Դուք պատկերացնու՞մ եք։ 99%-ը լաբորատոր պայմաններում չի ուսումնասիրվել, դրանք ոչ կուլտիվացվող և, կարելի է ասել, անհայտ մարէներ են։ Սա վկայում է այն մասին, որ դեռևս շատ անելիքներ կան այս ոլորտում»։

«Արևելյան կրոնները, հատկապես հնդկական իրականության մեջ՝ հինդուիզմը, ջայնիզմը, բուդդայականությունը վաղ շրջանում, ձևավորել են յուրատեսակ մի աշխարհակառույցի մոդել, որտեղ հավերժական մեկ ընդհանուր օրինաչափություն է գործում կամ օրենք համատիեզերական, որին ենթակա են բոլորը, և այդ օրենքը դրսևորվում է առաջին հերթին մեծ շրջապտույտի՝ սանսարայի շղթայի կամ ուղղակի մեզ բոլորիս ծանոթ ռեինկարնացիայի վերածննդությունների շղթայի տարբերակով»։
ԵՊՀ Կրոնագիտության ամբիոնի վարիչ, կրոնագետ Պարգև Բարսեղյանն ասում է՝ այնտեղ մանրէն կարևոր է։ Նա այս կյանքում դրսևորվում է՝ հաջոդում ավելի բարձր մի բան՝ բույս, կենդանի, կամ, ասենք, մարդ ծնվելու ակնկալիքով։ Եվ մարդն ապրում է հույսով, որ չի վնասի ոչ ոքի՝ չի փչացնի իր կարման, և հաջորդ կյանքում ևս մարդ կծնվի։ Խիստ պարզեցված ձևակերպումներով սա է սանսարայի վերածնությունների հավերժական շղթայի բնույթն ու կրոնական այս ուղղության հետևորդների քայլերի հիմքը․
— Դրանից էլ բխում է նաև տարատեսակ կենդանիների նկատմամբ վերաբերմունքը։ Ահիմսան չվնասելու սկզբունքն է, բայց այդ չվնասելու ձևը և ընթացքը կարող է տարբեր կրոններում դրսևորվել տարբեր ձևերով՝ մեկի մոտ մի քիչ ավելի ծայրահեղ, մեկի մոտ մի քիչ ավելի նուրբ։
— Ո՞րն է ամենածայրահեղը։
— Ամենածայրահեղը, բնականաբար, ջայնիզմն է։ Հիմնական մոտեցումն այն է, որ գոյության բոլոր ձևերը սանսարայի հավերժական շրջապտույտի մեջ են, յուրաքանչյուրն էլ հոգի է, Ջիվա են իրենք կոչում, որը սահմանափակված է և կարող է ազատագրվել մատերիայիայի կամ օբյեկտիվ իրականության կապանքներից և ազատագրվելով դուրս գալ շրջապտույտից, հասնել բարձրագույն կատարելության վիճակին։ Ջայնականների պրակտիկան բավականին հետաքրքիր է և նույնիսկ էկզոտիկ տուրիզմի սիրահարների համար գայթակղիչ։ Նախ՝ բոլորը բուսակերներ են, պարտադիր միայն այն մասնագիտությունների կրողներն են, որոնք որևէ կերպ կենդանական ծագման որևէ երևույթի հետ կապ չունեն, այսինքն՝ չկան գյուղատնտեսության մեջ ներգրավված աշխատողներ, հողագործներ, բանվորներ չկան, բժիշկներ չկան, նույնիսկ կոշկակար կարող է չլինել ջայնական, որովհետև կաշվի հետ գործ ունի։
Սա հանուն նրա, որ չվնասվի ոչ ոք, նույնիսկ մանրէն։ Պարգև Բարսեղյանն ասում է՝ ջայնականները խուսափում են գիշերը շարժվելուց, որ մթության մեջ պատահաբար չստանան հաջորդ կյանքում, ասենք, բույսի մեջ հայտնվելու ուղեգիր։ Ուտում են օրական մեկ անգամ՝ դա անելու համար պատշաճ ներողություն խնդրելով։

— Ամեն երեկո իրենք աղոթում են և ներողություն խնդրում, եթե աննկատ կամ ակամայից ինչ-որ օրգանիզմի վնասել են։ Քեզ վերապահված է կոնկրետ կրոնական պրակտիկա, որը քեզ տանելու է փրկության․ դու կանես՝ կփրկվես, չես անի՝ չես փրկվի։ Եվ եթե դու մեղքեր ես գործել, պատասխանատվությունը միայն քո վրա է, և չկա ամենակարևորը գերագույն էակի՝ Աստծու գաղափարը, որից ներողություն կարող ես խնդրել և վերադառնալ ճիշտ ճանապարհի վրա։
— Իրենք ումի՞ց են ներողություն խնդրում, օրինակ, հաց ուտելու համար։
— Այդ նույն կենդանուց և մանրէից վնասելու համար։ Այսինքն՝ ինքը գիտակցում է, որ ինքը ակամայից կարող է ինչ-որ մեկին վնասել և ներողություն է խնդրում, որ հանկարծ այդպիսի արարք է կատարել։
Քրիստոնեական աշխարհայացքով մարդկանց ականջին այս ամենը խորթ կհնչի։ Կրոնագետն ասում է՝ մեր դեպքում գործում է պատվիրաններից մեկը՝ «մի սպանիր»-ը, որը, սակայն, առաջին հերթին վերաբերում է մարդուն, քանի որ ըստ Քրիստոնեության՝ արարչագործության պսակը մարդն է և ամեն բան կա մարդո՛ւ համար։
Եվ այս մարդը գտել է մանրէների հետ համակեցության իր տարբերակը։ Արևմտյան աշխարհում մարդը մանրէներին կրում է իր մեջ, նաև օգտագործում՝ իր կյանքը բարելավելու նպատակով։
Այժմ դրանցից ստեղծվում են կենսազանգված՝ սպիտակուց՝ թերսնուցում ունեցողների կամ կենդանական ծագման սնունդից հրաժարվածների համար։
Մանրէն կարող է դառնալ կենսապլաստիկ՝ օգնելով լուծել չմշակվող թափոնների խնդիրը, դառնալ կենսաէլեկտրականություն՝ օգնելով նպաստել էներգետիկ ճգնաժամի լուծմանը։
Այստեղ մանրէն բարեկամ է ու հակառակորդ, չճանաչվող ու առավելագույնս կիրառվող, կարճ ձևակերպմամբ՝ գիտական հետազոտության առարկա։




