ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անհետ կորածների հարազատներն ուզում են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո  հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհետ կորածների հարազատներն այսօր խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ նախագահը։  Անհետ կորածների հարազատներն ուզում են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին։

Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  հայտնեց, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։

Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահը և խոստացավ կազմակերպել հանդիպումը։

Անդրանիկ Քոչարյանը նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ղեկավարն է։

Անհետ կորածների հարազատներն ուզում են ծանոթանալ հանձնաժողովի կազմած զեկույցին։  Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ հունվարին ԱԺ նիստում զեկույցը ներկայացնելուց հետո կփորձեն հասկանալ, թե ինչպես կարող են իրավական հնարավորություններ ստեղծել՝ անհետ կորածների հարազատներից մի քանի հոգու հնարավորություն տալով գաղտնիության ռեժիմի մեջ ծանոթանալու դրան։

Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ  հայտարարել էր, որ զեկույցը բովանդակային առումով պատրաստ է։ Այն, սակայն, դեռ չի հրապարակվել։ Ի պատասխան այն պնդումների, թե խախտվել են զեկույցի ներկայացման ժամկետները, հանձնաժողովի նախագահը նշել է՝ այն կարող է ներկայացնել մինչև Ազգային ժողովի 8-րդ գումարման ավարտը։

Անդրանիկ Քոչարյանը նաև ասել էր, որ հաշվի առնելով փաստաթղթում գաղտնի տեղեկատվության առկայությունը՝ այն կներկացնի փակ նիստում։ Ապա նաև հավաստիացրել, որ կատարված հսկայական աշխատանքը ստվերում չի մնալու և որ զեկույցին «հազարավոր քրեական գործեր են հետևելու»

«Բովանդակային առումով քննիչ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը։ Աշխատանքի ավարտը լինում է այն դեպքում, երբ լիագումար նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահն ունենում է ելույթ և ներկայացնում է հանրությանը։ Հանձնաժողովը իր աշխատանքը մեկ ու կես տարվա ավարտել է, բայց  ելույթը լիագումար նիստում ներառելուց հետո նոր հանձնաժողովը կավարտի այդ աշխատանքը»։

Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները նախօրեին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով, որ Անդրանիկ Քոչարյանն ընդունի իրենց և պատասխանի հարցերին:

Առաջարկվել էր հանդիպում ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ, ինչին անհետ կորածների հարազատների չէին համաձայնել։  Նրանք  ակցիան դադարեցրին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։

Անհետ կորածների հարազատներրն ուզում են իմանալ, թե ինչ ուսումնասիրություն  է կատարել քննիչ հանձնաժողովը և ինչ եզրակացություններ է եկել՝ հանդիպումից հետո լրագրողներին  ասել է անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, զոհված Արման Ղուկասյանի եղբայր Արսեն Ղուկասյանը։

«Ինքը հայտարարում է, որ ավարտվել է։ Այդ դեպքում ներկայացրեք մեզ։ Ես գիտեմ, որ լիքը մարդիկ, նորից եմ ասում, բազմաթիվ մարդիկ կան, որ պետք է քննվեն ու չեն քննվել։ Ինչու չեն քննվել նրանք։ Նրանք կարող  էին բեկումնային փոփոխություններ մտցնել այս ամեն ինչում»։

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցել։

Կարդացեք նաև

Back to top button