ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանում կոյուղու շուրջ 29 տոկոսը փոփոխման կարիք ունի

Ջրահեռացման համակարգի արդիականացումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է, բայց առկա խնդիրներն ու հնարավորությունները միշտ չէ, որ համընկնում են։ Մայրաքաղաքի տարբեր հասցեներում շուրջ 70 կմ կոյուղագիծ անհետաձգելիորեն պետք  փոխարինվի, 90 կմ էլ պետք է կառուցվի․ գնահատումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանինն է՝ ի պատասխան «Ռադիոլուրի» հարցի։

Նոր կառուցվողը, ի դեպ, ներառում է նաև  նորակառույց թաղամասերը։ Ու չնայած դա Երևանի քաղաքապետարանի պարտականությունը չէ, կարիքից ելնելով ամեն տարի մոտավորապես 14-15 կմ կոյուղատար համակարգ կամ փոխարինում է կամ կառուցում՝ ընդգծել է քաղաքապետը։

Մայրաքաղաքում առկա տարբեր խնդիրներից է ջրահեռացման հարցը․ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների ռիսկը մեծացել է։ Խնդրի հիմքում Երևանում վերջին տասնամյակների քաղաքաշինական և ինժեներական բազմապիսի փոփոխություններն են։ Հարյուրավոր շենքերի կառուցմանը հետևել են ջրահեռացման համակարգի խնդիրները։ Որ մայրաքաղաքի կոյուղացանցը արդիականացման ու փոփոխման կարիք ունի, մեկ անգամ չէ, որ նաև քաղաքային իշխանություններն են բարձրաձայնել։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան․ «Քայքայվածությունը, վթարները շատ են, մաշվածության աստիճանը՝ բարձր, բացասական ազդեցությունը շենքերի ու շինությունների ու ենթակառուցվածքների վրա՝ մեծ»։

Արեյանը մայրաքաղաքի կոյուղացանցի մասին խոսելիս ընդգծում է՝ ջրահեռացման համակարգի արդիականացումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է, բայց առկա խնդիրներն ու հնարավորությունները միշտ չէ, որ համընկնում են։ Համայնքային բյուջեով միայն այս տարի 1 միլիարդ 730 միլիոն դրամ էր հատկացվել առաջնահերթ փոխարինման ենթակա կոյուղագծերի հարցը լուծելու համար։

«Ծրագիրն այսքանով երբեք լուծում չի ստանա, մայրաքաղաքի խնդիրները շատ մեծ են։ Չեմ ուզում տագնապահարույց հայտարարություն անել, բայց ժամ առաջ պետությունը նաև այլ աղբյուրներով պետք է միջամտի այս աշխատանքներին, որովհետև մաշվածության ու քայքայվածության աստիճանը շատ մեծ է, հետագա շահագործումը շատ ավելի մեծ ծախսեր կպահանջի, քան նորի կառուցումը»։

«Ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի 240 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղացանցն ամբողջությամբ ուսումնասիրվել ու գույքագրվել է․ մայրաքաղաքի 340 հասցեներում շուրջ 70 կմ կոյուղագիծ անհետաձգելիորեն պետք է փոխարինվի, «Ռադիոլուրին» ի պատասխան հաստատում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«71 կմ-ն ենթակա է փոխարինման։ 90 կմ էլ նոր կոյուղատար համակարգ կառուցելու պահանջ ունենք չկոյուղացված թաղամասերի համար։ Սա նաև ներառում է նորակառույց  թաղամասերը։ Եվ Երևանի քաղաքապետարանը, (չնայած կոյուղատար համակարգը համայնքային գույք չէ, պետական գույք է), կարիքից ելնելով ամեն տարի մոտավորապես 14-15 կմ կոյուղատար համակարգ կամ փոխարինում է, կամ կառուցում»։

Փոխվող կոյուղագծերը ֆիզիկապես մաշված են, այլևս անօգտագործելի, վթարների ու շենքերի նկուղային հարկերում ու միջբակային տարածքներում կոյուղաջրերի կուտակումների պատճառ են դառնում։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասում է՝ այս տարվա ծրագրերի ծավալն աննախադեպ է։

«Եթե 2019-2022թթ մայրաքաղաքում կառուցվել ու վերակառուցվել է ընդամենը 11 կմ կոյուղագիծ, ապա 2023թ «Վեոլիա ջրի» հետ միասին վերանորոգել ենք 13 կմ, իսկ այս տարի արդեն՝ 16 կմ․ կարող եք համեմատել մեկ տարվա ծավալը նախորդ 4 տարիների հետ»։

Երևանում կան նաև առհասարակ կոյուղի ու ջրահեռացման համակարգ չունեցող հատվածներ, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ ավելի քան12 հազար շահառու կոյուղի չունի․ այս հարցը լուծելու համար հավելյալ 100 կմ կոյուղի պետք է կառուցվի։

Մայրաքաղաքում օր օրի ավելացող շինարարությունը, նոր բազմաբնակարանների կառուցումը ևս լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Կառուցապատողները, իհարկե, լրացուցիչ կոյուղիներ են կառուցում, բայց դրանք միանում են մայրաքաղաքի՝ տասնամյակներ առաջ կառուցված ցանցին։

Կամո Արեյան․«Այն համակարգը, որին պետք է միանան նորակառույց շենքերը, իր թողունակությամբ այլևս չի բավարարում։ Որոշ հատվածներում «Վեոլիա ջուրը», դա հաշվի առնելով, վերատեղադրում, շրջանցում և թողունակության վերանայում է իրականացնում»։ 

Մինչև «Վեոլիա ջուրը» չհավաստի, որ տվյալ հասցեում արդեն կարելի է շենք կառուցել և որ լուծված է նաև կոյուղու խնդիրը, նորակառույց որևէ շինթույլտվություն չի տրվում, շեշտում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հիմա կառավարությունը բանակցություններ է վարում «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որպեսզի նոր ներդրումային ծրագիր իրականացվի։ Այդ ծրագիրն առաջին հերթին կենտրոնանում է Երևան քաղաք մուտք գործող հատվածներում ջրի կորուստների նվազեցման վրա, այսինքն՝ այդ հատվածներում էական կորուստներ ունենք, նոր ջրատար կառուցելու նոր աղբյուրից և կոյուղատար համակարգի վրա»։

Չհանդիսանալով լիազոր մարմին այդ ոլորտում և չունենալով որևէ պարտավորություն, Երևանի քաղաքպետարանը, այնուամենայնիվ, գիտակցելով կոյուղատար համակարգում առկա համալիր խնդիրը, սկսել է մեծ ծավալով կոյուղացման ծրագրեր իրականցնել՝ ծախեսլով տարեկան 1․8 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Back to top button