ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ամանորյա վերահսկողությունը սննդի շուկաներում ու խանութներում շարունակվում է

Առջևում ամանորյա տոներն են և շուկաներում առևտուրն է՛լ ավելի է ակտիվացել, իսկ սննդամթերքի ամբողջ շարժը վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Ամանորին ընդառաջ հատկապես ուժեղացված վերահսկություն է իրականացվում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրել են տեսչական մարմնից, ընդգծելով, որ այս պահի դրությամբ, լուրջ խախտումներ դեռևս չեն արձանագրել։ Թեև փողոցային առևտուրը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում չէ, հատկապես այս օրերին տեսուչները նաև այդ ուղղությամբ են հսկողություն իրականացնում, հորդորելով զերծ մնալ փողոցում վաճառվող սննդամթերքից, իսկ կասկածի դեպքում անհապաղ դիմել տեսչական մարմնին։

Ամանորի նախաշեմին գների թանկացումից ոչ պակաս մտահոգիչ է վաճառվող սննդամթերքի որակը։ Սպառողների իրավապաշտպանները դա շեշտում են, հատկապես, այս օրերին, երբ զեղչի անվան տակ կարող է հրամցվել անորակ և ժամկետանց մթերք։ Ըստ նրանց, մեծ սուպերմարկետներում վերահսկողությունը ավելի հեշտ է կազմակերպվում, և գոնե վերջին տարիներին սպառողներից շատերը նախընտրում են մեծ խանութներից  գնումներ կատարել։ Դրանք ավելի վստահելի են թվում։ Մյուս կողմից, փոքր խանութները սննդամթերքը, որպես կանոն, ավելի փոքր խմբաքանակներով են ստանում, ինչը ենթադրում է, որ փչանալու ռիսկը մեծ չէ, քանի որ շուտ էլ սպառվում է։ Թեև շատ կարգավորումներ նաև տնտեսվարողի բարեխղճությանն են մնում, Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ, իրավապաշտպան Սյուզաննա Չիլինգարյանը հորդորում է չկորցնել զգոնությունը, հատկապես ամանորին ընդառաջ, և գոնե պիտանիության ժամկետներին և մակնշմանը հետևել թե՛ մեծ սուպերմարկետներում, թե՛ փոքր խանութներում։

«Սուպերմարկետները, որոնք մեծ խմբաքանակներ են ստանում, միանշանակ այդ ժամկետանց ապրանքները կարող են կեղծել, սառեցնել ապրանքները, նորի տակ ներկայացնելով, կամ ապրանքների գները թանկացնելով այս օրերին, օգտվում են մարդկանց հրատապ վիճակից, փորձում գերշահույթ և գայլային ախորժակ բավարարել, ինչը, բնականաբար, անթույլատրելի է։ Խայտառակ պայմաններում են այսօր խախտումները. կաթնամթերքը, կրուպեղենը՝ բորբոսնած։ Այսինքն, վատ, խոնավ պայմաններում են պահում»։

Թեև խնդիրները բարձրաձայնում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, վերահսկողությունը տեսչական մարմնինն է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հավաստիացնում են՝ հատկապես այս օրերին իրենց հսկողությունից հեշտ չի լինելու խուսափել։ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյան.

«Ամանորի տոներին ընդառաջ ուժեղացված վերահսկողություն է իրականացվում  իրացման բոլոր ցանցերում, հատկապես մսի շուկայում՝ ստանդարտային ծագման պահանջի հետ կապված։ Տեսչական մարմնի կողմից նաև շրջայցեր են իրականացվում հանրապետության տարածքում գործող տոնավաճառներում։ Իսկ եթե ունենում ենք ահազանգեր, դրանց նույնպես ընթացք է տրվում։ Խախտումներ, ժամկետանց և թերի մակնշման հետ կապված, մենք ամբողջ տարվա ընթացքում էլ ենք արձանագրում։ Այս պահի դրությամբ, որպես այդպիսին, դեռևս լուրջ  քանակային վտանգավոր սննդամթերքի բացահայտում չունենք, բայց վերահսկողությունը հետևողականորեն իրականացվում է»։

Սննդագետ Դավիթ Պիպոյանը սպառողներին հորդորում է չկորցնել զգոնությունը։ Ըստ նրա, միայն ժամկետի առկայությունը դեռ երաշխիք չէ, հատկապես այս օրերին, երբ խանութներում առևտուրը եռում է, ոչ ոք ժամանակ չի հատկացնելու, օրինակ, կտրատող սարքավորումները ախտահանելու վրա։ Իսկ դրա արդեն իսկ մեծ ռիսկ է պարունակում։

«Ակնհայտ է, որ առավոտից երեկո մարդիկ կտրատում են այդ սարքերով։ Պատկերացրեք, եթե դուք գնում եք երեկոյան, իսկ սարքերը առավոտից աշխատել են, այդ յուղոտ պանիրները, երշիկները՝ բոլորը դրանով են կտրատվել։ Եվ այդտեղ լիքը միկրոօրգանիզմներ կան, որոնք պատրաստ են ներթափանցել ձեր պանիրների և երշիկների վրա։ Հետևապես, կարող եք միայն փոքր քանակություն ձեռք բերել դեկտեմբերի 31-ի համար կամ առավել ևս կարող եք տանը գեղեցիկ պատրաստել այդ ամենը՝ առանց որևէ դժվարության, ինչպես նախկինում մենք բոլորս անում էինք»։

Սննդագետը նաև խորհուրդ է տալիս չխաբվել արժեքին և բացառել անթույլատրելի վայրերից, հատկապես կենդանական ծագման, մթերք ձեռք բերելուց։ Դրանք գուցե արժեքով ավելի մատչելի լինեն, բայց կարող են շատ ավելի թանկ արժենալ ձեր և ձեր ընտանիքի առողջության համար։

«Լրիվ այլ բան է, երբ  որ մարդը արգելված վայրից ձեռք է բերում նուռ, այլ բան է, երբ որ մարդը ձեռք է բերում ձկնկիթ, որից կարող է ամբողջ ընտանիքը թունավորվել կամ բակտերիալ վարակների հետ գործ ունենալ»։

Թեև փողոցային առևտուրը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում չէ, հատկապես այս օրերին, տեսուչները նաև այդ ուղղությամբ են հսկողություն իրականացնում, հորդորելով զերծ մնալ փողոցում վաճառվող սննդամթերքից, իսկ կասկածի դեպքում անհապաղ դիմել տեսչական մարմնին։

Կարդացեք նաև

Back to top button