
Անհրաժեշտ մասնագետների պակասի պատճառով Հայաստանի մի շարք դպրոցներում որոշ առարկաներ չեն դասավանդվում: Խնդիրն առավել սուր է մարզերում, հատկապես՝ սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում։ Այս իրավիճակի շտկմանն է ուղղված կրթության նախարարի նոր հրամանը, որով նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին ևս մեկ հնարավորություն է տրվում մասնակցելու ատեստավորմանը։
Հաշվի առնելով, որ օրենսդրության հստակեցումներն արվել են այս տարի, ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ դրանք հետադարձ ուժ չունեն։ Այս տարվա մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է շեմը, ուստի նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունք չգրանցած ուսուցիչները գոնե հաջորդ փորձից բարձր արդյունք կգրանցեն։ Իսկ այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ավելի բարձր վարձատրվել։
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում։ Ատեստավորմանը մասնակցած, բայց դրական արդյունք չգրանցած բոլոր ուսուցիչներին եկող տարի ևս մեկ հնարավորություն կտրվի մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ ԿԳՄՍ նախարարի այս որոշումը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բարձր է գնահատում։
Ավելին՝ հիշեցնում է իր առաջարկը, որ գոնե 5 տարի որևէ ուսուցիչ աշխատանքից չհեռացվի կամավոր ատեստացիան չհաղթահարելու հետևանքով։ Դա կմոտիվացնի ուսուցիչներին՝ ավելի հանգիստ դիմել ատեստացիային, և ավելի մեծ թվով ուսուցիչներ կսկսեն մասնակցել։ Իհարկե, շատերը կցանկանան ավելի բարձր աշխատավարձ ստանալ, բայց եթե նժարի մյուս կողմում աշխատանքը կորցնելն է, շատերը չեն էլ փորձի ռիսկի դիմել։

«Մենք այսօր Հայաստանում ունենք ուսուցիչներ, որոնց համար արժանապատվությունը շատ թանկ է, և իրենք կարող են վախենալ նման ռիսկի գնալուց, որովհետև շատ դեպքերում բանիմաց մարդիկ ավելի կասկածամիտ են լինում, քան քիչ իմացող մարդիկ: Չէ՞ որ այդպիսի ֆենոմեն կա: Դրա համար ես կառաջարկեի, որ այդ ժամկետը ոչ թե մեկ տարով, այլ հինգ տարով երկարացվի, որպեսզի մարդկանց ասենք՝ եկեք փորձեք: Հիմա եթե չի ստացվում, ոչինչ, նորից կփորձեք։ Բայց եթե հինգ տարի չստացվի, դա արդեն կարող է խնդիր լինել»։
Մյուս կողմից էլ մեկ այլ խնդիր կա․ բազմաթիվ դպրոցներում ուսուցիչների պակաս կա, և չենք կարող մեզ թույլ տալ այդքան հեշտությամբ ազատվել եղած ուսուցիչներից՝ առանց նրանց փոխարինող գտնելու՝ նկատում է փորձագետը։
«Հիմա Արցախից եկած ուսուցիչների շնորհիվ մենք մի քիչ մեղմեցինք իրավիճակը, բայց հո ամեն տարի Արցախից ուսուցիչ չի՞ գալու։ Դրա համար կարծում եմ` շատ զգույշ պետք է լինել, մանավանդ, չկա երաշխիք, որ այն ուսուցիչները, որոնց մենք ազատում ենք, ավելի վատն են, քան այն ուսուցիչները, որոնք նրանց կփոխարինեն»:
Մարզերում ուսուցիչների պակասը լրացնելու համար գործում են մի շարք ծրագրեր, սակայն նույնիսկ դա չի օգնում։ Մասնագետների պակասի պատճառով մի շարք դպրոցներում որոշ առարկաներ նույնիսկ չեն դասավանդվում: Այս պահին մարզերում մանկավարժի 643 թափուր հաստիք կա, որից միայն 176-ը՝ Արագածոտնում։ Այս մարզի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատում է՝ թափուր հաստիքների թիվն ավելացավ, երբ որոշվեց, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները չեն կարող դասավանդել դպրոցում։
«Օրինակ՝ Աշտարակում 39, Թալինում՝ 48, Ապարանում 18, Արագածում՝ 52։ Ամենաշատը Արագածի տարածաշրջանն է, որտեղ ազգային փոքրամասնությունների դպրոցներ ունենք։ Թափուր հաստիքներն ամենաշատն այնտեղ են։ Երբ միջին մասնագիտական օրենքը կիրառվեց, ազգային փոքրամասնությունների առարկաներ դասավանդող ուսուցիչների մեծամասնությունը բարձրագույն կրթություն չուներ։ 2023-ի օգոստոսից հետո դպրոցներում դասավանդում են բացառապես բարձրագույն կրթություն ունեցողները կամ ատեստավորում անցածները»։
Կամավոր ատեստավորման շնորհիվ, իհարկե, որոշ մասնագետներ վերադարձան դպրոց, բայց եղան նաև այնպիսիք, ովքեր և բարձրագույն կրթություն չունեին, և ատեստավորումը չկարողացան հաղթահարել։
«Մեր մարզում 2023 թվականին ունեցել ենք կամավոր ատեստավորում անցած 248 ուսուցիչ: Այսինքն, ունենք ուսուցիչներ, որոնց աշխատավարձը շուրջ 400 հազար է, նրանք ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց տնօրենը կամ վարչության պետը։ Նման ուսուցիչները, վստահաբար, չեն թողնի դպրոցը ու գնան խանութում աշխատեն։
Նույն կամավոր ատեստավորման շրջանակում ունենք ուսուցիչներ, ովքեր չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը, և եթե նախարարի տվյալ հրամանը չլիներ, նրանք դուրս կմնային դպրոցից։ Մոտ 20 ուսուցիչ չունեն բարձրագույն կրթություն, մասնակցել են, և իրենց վրա դա չի անդրադառնալու, քանի որ 2025թ. արդեն օրենքը կիրառվելու է»։

Ըստ մարզպետարանի կրթության վարչության պետի՝ 2025-ից թափուր հաստիքների կավելանա ևս 2 տասնյակը։ Դրանց վրա նախարարի վերջին հրամանը չի տարածվի։
Ամենախնդրահարույցը բնագիտական առարկաների մասնագետներն են․ այս մասնագետների պակաս կա բոլոր դպրոցներում։ Չնայած մտահոգիչ պատկերին՝ Գալուստ Թադևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց, որ մանկավարժների պակասից աշակերտները չեն տուժում։ Դպրոցն ինքն իր եղած ռեսուրսներով է փորձում այդ բացը լրացնել։
Եթե դպրոցում աշխատող ուսուցիչը բարձրագույն կրթություն ունի, կարող է մեկ այլ առարկայից 30 կրեդիտ վաստակել և դասավանդել նաև երկրորդ առարկան, որն, ի դեպ, կարող է որևէ ընդհանրություն չունենալ իր հիմնական առարկայի հետ։
Կամ էլ այդ բացը լրացնում են դպրոցի վարչական աշխատողները, ովքեր նաև տվյալ առարկան դասավանդելու հմտություն ունեն։ Ի դեպ, Արագածոտնում, բացի բնագիտական և մյուս առարկաներից, թափուր է նաև մաթեմատիկայի ուսուցչի 15, տարրական դասարանների 10, հայոց պատմության 11 հաստիք։




