ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Սուրմալուի» պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է․ քննչականը մանրամասներ է հրապարակել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Մինչ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում նախաքննության ավարտից, տուժողների փաստաբանները ընդգծում են, որ միայն գործերն են տարանջատվել։ Մյուս մեղադրյալների մասով գործի քննությունը դեռ շարունակվում է։ Շարունակվում է պայքարը նաև բարոյական և նյութական վնասի փոխհատուցման մասով։ Առայժմ՝ անարդյունք։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իննա Մադաթովայի և փոխտնօրեն Վարդան Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ «Սուրմալու»-ում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է։

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ընկերության տնօրենը և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրենը, չեն պահպանել անվտանգության կանոնները, մասնավորապես, չեն կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, չեն մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չեն պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները։

Հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14-ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ: Հիշեցնենք, որ պայթյունից ամիսներ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել ևս մեկ հրդեհ։ Այդ դեպքով հարուցված քրեական գործը միացվել էր 2022թ. օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթին:

Մեջբերում Քննչական կոմիտեի հաղորդագրությունից. «Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»:

18 անձի մահվան պատճառ դարձած պայթյունից ավելի քան 2 տարի է անցել, սակայն, թե՛ տուժողները, թե՛ նրանց փաստաբանները դժգոհ են, որ քրեական գործով քննությունը պատշաճ չի իրականացվում: Տուժողների հայտնած տվյալներով՝ պայթյունի պատճառած գույքային վնասը կազմում է 1 մլրդ 521 մլն դրամ: Ֆինանսական փոխհատուցում են ստացել միայն զոհված անձանց ընտանիքները՝ յուրաքանչյուր զոհվածի համար 3 մլն դրամ։ Ինչ վերաբերում է նյութական վնաս կրած տուժողներին, որևէ փոխհատուցում մինչ օրս չի տրամադրվել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է 2022թ. պայթյունի տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Ավագ Լալայանը։

«Երևանի պահածոների գործարանի» կողմից տուժողների փոխհատուցում չի կատարվել։ Իմ պաշտպանյալ Համբարձում Հայրապետյանի մասով գույքային վնասը գնահատվել է 130 միլիոն դրամի չափով: Բացի դրանից, ոչ գույքային պահանջ, այսինքն, հարազատի կորստի կապակցությամբ ներկայացրել եմ 100 մլն դրամի չափով փոխհատուցում ստանալու պահանջ։ Մարգարիտա Եղոյանն էլ Արտավազդ Հայրապետյանի կինն է, որի մեքենան է վնասվել պայթյունի հետևանքով»։

Նախաքննության ավարտով, ըստ էության, գործերն են տարանջատվել։ Եթե տնօրենի և փոխտնօրենի գործողություններին քրեաիրավական գնահատական է տրվել, ապա վարձակալների մասով գործի քննությունը դեռ շարունակվում է։ Փաստաբանն ասում է, որ այս երկու գործերի տարանջատումը նոր գլխացավանք է դարձել տուժողների համար։

«Տուժողները, հերիք չէ, որ պայթյունի հետևանքով են տուժել, նաև հիմա ստիպված պետք է յուրաքանչյուր քրեական գործով, այսինքն՝ առանձնացված մասով, առանձին մեղադրյալների գործողությունների հետևանքով հաշվարկեն, թե որ մեղադրյալի գործողությունները ինչ վնաս են հասցրել: Պահանջ ներկայացնեն, տարանջատեն, հիմնավորեն, ապացուցեն։ Այնինչ՝ այս ամենը պետք էմեկ ընդհանուր քրեական գործի շրջանակներում քննվեին»։

Ըստ Ավագ Լալայանի, մինչև հիմա դեռ պարզ չէ, թե պաշտոնատար անձանց նկատմամբ քննչական մարմինները ինչ գոծողություն են կատարել։ Հաշվի առնելով, որ դեռ 2021թ. հրդեհից հետո տեսչական մարմինը հրդեհային անվտանգությանը վերաբերող մի շարք խախտումներ էր արձանագրել, և եթե ժամանակին դադարեցվեր առևտրի կենտրոնի շահագործումը, փաստաբանները կարծում են, որ երկրորդ հրդեհն ու պայթյունը տեղի չէին ունենա: Առնվազն թերությունները կշտկվեին: Ավելին՝ առևտրի կենտրոնում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղյակ է եղել նաև վարչապետը և հանձնարարականներ է տվել, որոնք չեն կատարվել: Ըստ փաստաբանի՝ առկա է մի իրավիճակ, երբ բոլորը տեղյակ են եղել, որ առևտրի կենտրոնը խախտումներով է շահագործվում, սակայն քայլեր չեն ձեռնարկվել:

«Եթե պարոն Փաշինյանը, ըստ էության, տեղեկացված է եղել, որ տեսչական մարմնի ղեկավարը ձախողել է իր աշխատանքը, թերի է աշխատել, որի հետևանքով նաև առևտրի կենտրոնում այդ դեպքը տեղի է ունեցել, պետք է այդ հանգամանքները ևս քննարկման առարկա դառնան»։

Ինչ վերաբերում է նյութական վնասի փոխհատուցմանը, ըստ Ավագ Լալայանի, տուժողների հույսը ամեն դատական նիստից հետո ավելի է պակասում։ Պետությունը  հրաժարվում է ֆինանսական փոխհատուցում տրամադրել, հույս չեն ներշնչում նաև դատական զարգացումները։

Ավելին, վերջին նիստի ժամանակ մեղադրյալներից մեկի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, առաջարկելով փոխհատուցում տրամադրել պայթյունի պատճառ դարձած պայթուցիկ նյութերի վաճառքից գոյացած գումարից։

«Պայթուցիկները, որոնք 1200 տուփ են և իրեղեն ապացույց են հանդիսանում, միջնորդություն է ներկայացվում, որպեսզի դատարանը թույլ տա, որպեսզի այդ պայթուցիկները վաճառվի, և այդ գումարի վրա արգելանք դրվի, որպեսզի դրա հաշվին փոխհատուցեն տուժողների վնասը։ Ստացվում է, որ մենք դեռ պետք է պարզենք՝ այդ սարքերն ու պայթուցիկները ինչի հետևանքով են պայթել, մարդկանց կյանքից զրկել, դատարանում ներկայացվում է, որ դրանք արդեն կարող ենք վաճառել, և դատախազը չի առարկում»։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ: Փաստաբանները հավաստիացնում են, որ պայքարը շարունակելու են անկախ այն հանգամանքից, թե ինչպես են աշխատում դատախազներն ու քննչական մարմինները:

Կարդացեք նաև

Back to top button