
Ամանորը, Թումանյանի ընտանիքում նշվող ամենահետաքրքիր տոներից էր, չնայած, միշտ չէ, որ Թումանյանները տոնածառ դնելու և այն զարդարելու հնարավորություն են ունեցել, բայց դա չի խանգարել, տոնական տրամադրությանը։
Նոր տարվա առիթով հայրիկը նվերներ էր գնում, վաղ առավոտյան երեխաներին կանչում էր իր սենյակը, բարձի տակից հանում դրանք և բաժանում։ Ամանորին սովորաբար հյուրառատ էր լինում Թումանյանների տունը։ Իսկ եթե այնպես էր ստացվում, որ հյուր չէին ունենում, բանաստեղծը երեխաներին հավաքում էր իր շուրջը և կարդում հատվածներ համաշխարհային գրականությունից։
Դա նրանց շատ էր օգնում ճանաչել աշխարհը, նրանց մոտ ձևավորել աշխարհայացք ու համոզմունքներ։
1905 թվականի հունվարի 1-ին, երբ դեռ ութ երեխա էինք,- գրում է Նվարդ Թումանյանը,- հայրիկը մեզ տոնածառի կանչեց մի փոքրիկ երգով՝ չորս տող ութ երեխայի անունից կազմված․ Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ, Արտիկ, Համլիկ, Արփուշիկ, Աշխեն, Արեգ, շուտ եկեք, Տոնածառը զարդարեք։
Երևանի Թումանյանի թանգարանում պահվում է բանաստեղծի ընտանիքին պատկանող տոնածառի երեք խաղալիք՝ դեղձ, սալոր, սերկևիլ։ Թանգարանում պահվում է նաև մի արհեստական տոնածառ, որը, ինչպես ավագ գիտաշխատող Սուսաննա Ադամյանն է ասում, ցուցադրվում է որպես Թամարի տոնածառ։
Այն զարդարել է Թամարը, երբ ընտանիքով տեղափոխվել և ապրել են թանգարանի հարկի տակ։ Ամեն տարի, հունվարի 1-ին, Թամարն այցելուներին ընդունում էր այդ փոքրիկ զարդարված տոնածառով։

Այժմ, երբ թանգարանը հիմնանորոգվում է և ֆոնդը գտնվում է պահոցներում, Թամարի տոնածառը չի զարդարվել, բայց նաև չի խախտվել ավանդույթը։ Թումանյանի թանգարանում մի խումբ փոքրիկների մասնակցությամբ զարդարվել է Ամանորի տոնածառը, բաժանվել նվերներ։




