Երաժշտական եռանկյունի

Դաշնակահարուհի և երգահան Մարգարիտ Սարգսյանի կատարողական արվեստի և երգեր ստեղծելու ուղիները․ «Երաժշտական եռանկյունի»

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանի հետ մեր զրույցը ծավալվեց կատարողական արվեստի, ստեղծարարության և գրականության խաչմերուկում։

Երգիչների և երաժիշտ-կատարողների մի քանի սերունդների հետ աշխատած հմուտ դաշնակահարը, մանկավարժը և փայլուն նվագակցողը ստեղծագործել սկսել է շատ վաղ հասակում։

«Երաժշտության միջոցով ինքնաարտահայտվելու իմ ձգտումը արտահայտվել է թե՛ կատարողական արվեստի ոլորտում, թե՛ սեփական ստեղծագործության մեջ։ Թեև որոշ ժամանակ վերջինը ճնշվել է դաշնակահար-կատարողի մասնագիտական գործունեությամբ։ Բայց արի ու տես՝ ստեղծագործողի ոգին տարիների ընթացքում գտավ իր դրսևորումը ռոմանսի ժանրում» — ասում է Մարգարիտ Սարգսյանը։

Նա գրում է երգեր դասական և ժամանակակից բանաստեղծությունների հիման վրա՝ Վահան Տերյան, Խաչատուր Աբովյան, Պարույր Սևակ, Պյոտր Վյազեմսկի, ժամանակակից պոետներ՝  Հասմիկ Սարգսյան, Վահագն Մուղնեցյան, Բաբկեն Սիմոնյան, Արմեն Աշոտյան, արևմտահայ բանաստեղծներ’ Զահրատ, Հակոբ Այնթապլյան։

Նիկոլ Գալանտերյանի երգերի մշակումը նույնպես կոմպոզիտորի կարևոր ստեղծագործական դրսևորումներից է։

Մարգարիտ Սարգսյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 22-ին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1992 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ 1995 թվականին ավարտել է ասպիրանտուրայի նվագակցության բաժինը (Ա. Հակոբյանի դասարան)։ Կոմպոզիցիայի դասեր է առել Էդվարդ Միրզոյանից (1987-1988), 1997-1999 թվականներին կատարելագործվել է Պրետորիայի «Մոցարտ» ակադեմիայում (ղեկավարներ՝ Ի. Թոման, Ա. Զաց), նվագակցել Ք. Մայերի, Է. Բլահովայի, Մ. Լետիեկի և ուրիշների դասարաններում։

1992 թվականից հանդես է եկել որպես կոնցերտմայստեր, նաև դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (նվագակցություն)։ Համերգներով շրջագայել է Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում, Իտալիայում, Կանադայում, Իսրայելում, Պարսկաստանում, Կիպրոսում, Ստամբուլում և այլուր։

Ունի ֆոնդային ձայնագրություններ (Վ. Հարությունյանի, Աննա Մայիլյանի, Դիանա Հարությունյանի, Նարինե Անանիկյանի և ուրիշների հետ)։ Մշակել է Նիկոլ Գալանտերյանի շուրջ 30 մեղեդի (2015)։ Հեղինակել է «Տասը վոկալիզներ» (2005), «Տասնհինգ վոկալիզներ» (2008) ժողովածուները։

Կարդացեք նաև

Back to top button