
Ճապոնական Honda Motor-ը և Nissan Motor-ը բանակցություններ են վարում: Ճապոնական անպարտելի թվացող ավտոարդյունաբերությունը վերափոխվում է Tesla-ի և չինացի մրցակիցների մարտահրավերների պատճառով, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ բանակցությունները համագործակցությունն ամրապնդելու ուղիներ գտնելու, նաև հոլդինգային ընկերության ստեղծման հնարավորության շուրջ են։
Միաձուլման դեպքում համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ կհայտնվի 52 միլիարդ դոլարի ակտիվներ ունեցող հսկա, որը կդառնա աշխարհում երրորդ խոշորագույն ավտոարտադրողը Toyota-ից և Volkswagen-ից հետո, և ներդրումներ ներգրավելու հնարավորություն կունենա՝ մրցակցելու Tesla-ի և չինական BYD-ի հետ։
«Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում սա լավ է ճապոնական ավտոարդյունաբերության համար, նոր առանցք կձևավորվի Toyota-ի դեմ։ Toyota-ի հետ կառուցողական մրցակցությունը դրական կլինի ճապոնական ավտոարդյունաբերության համար, քանի որ այն պետք է մրցակցի չինական ավտոարտադրողների, Tesla-ի և այլոց հետ»,-ասել է Tokai Tokyo Intelligence Laboratory-ի ավագ վերլուծաբան Սեյջի Սուգիուրան:




