ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ինքնամաքրո՞ւմ, թե՞ պատիժ․ ՔՊ–ում ներկուսակցական խմորումները շարունակվում են

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խմորումները շարունակվում են և, ըստ ամենայնի, կուսակցության հերթական վարչության նիստում կքննարկվի ՔՊ–ական հերթական պատգամավորի հետագա «ճակատագիրը»։ Վերջին օրերին խորհրդարանական մեծամասնությունը զրկվել է երկու մանդատից։ Պատգամավորները հեռացվել են խմբակցությունից, բայց վայր չեն դրել մանդատները։ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախապես չի հաստատել կամ հերքել որևէ օրակարգային հարց, պարզապես նշել է, որ ավանդույթի համաձայն՝ նիստում քննարված հարցերն ու կայացված որոշումները հայտնի կդառնան օրվա ավարտին՝ վարչության նիստից հետո։

Նոր տարում` 2025–ի հունվարին, Հայաստանի գլխավոր դատախազը պատրաստվում է գնալ խորհրդարան, անգամ կոնկրետ օր է շրջանառվում։ Հունվարի 20–ին նա Ազգային ժողովին կառաջարկի արդեն նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին քննվող քրեական գործի շրջանակներում զրկել անձեռնմխելիությունից։ Տեղեկությունը շրջանառվում է խորհրդարանում, բայց հաստատում պաշտոնական կառույցներից դեռ չկա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համար նման զարգացումներն անսպասելի չեն․

«Ենթադրում եմ, որ այն գործի շրջանակներում է, որի հետ կապված մինչ վարչապետի խնդրանքը, պարոն Աղազարյանը ներգրավված էր։ Խոսքն այն մանր եղջերավորների հետ կապված կոռուպցիոն կամ չգիտեմ ինչ քրեական գործի մասին է: Դեռ չեմ ծանոթացել, չգիտեմ: Եթե գաղտնիք հրապարակելու հետ կապված է, գիտեք, որ կուսակցությունը դրա վերաբերյալ հայտարարություն տարածել է: Եթե քրեական մյուս գործով է, ապա կգա դատախազը, և հարցեր ուղղելու հնարավորություն կունենանք, բացի իր զեկույցից»։

Շրջանառվող տեղեկությունն, ըստ էության, հաստատել է նաև պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Պատգամավորի քրեական հետապնդումը նա կապում է մանդատը վայր դնելու մասին վարչապետի խնդրանքը մերժելու հետ։ Մինչդեռ իրավական հարթությունում պատգամավորի անունն առնչվում է քննության մեջ գտնվող երկու գործերի, վերջին շաբաթների ընթացքում դրանց ավելացել է ևս մեկը։ Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը չի հավատում Աղազարյանի միամտությանը, թե արտահոսքը թույլ է տվել թյուրիմացաբար։

«Ինքս չեմ կարդացել նամակագրությունը, բայց գործընկերներս, ովքեր ծանոթացել են, հնարավորություն ունեցել են իրենցից լսելու կոնկրետ իմ մտահոգությունների հետ կապված պատասխանները: Այո, այն ինֆորմացիան, որը մենք վարչապետից տեղեկացել ենք, ենթակա չէ հրապարակման, և նաև պետք չէ ասել այդ ինֆորմացիան ընտանիքի անդամներին կամ որևէ մեկին: Այդ ինֆորմացիայի արտահոսքը եղել է, բայց պարոն Աղազյանը շատ ուշադիր միշտ ներկա է լինում և, արտահայտվելով, երևում է, որ շատ մանրամասն լսում է ինֆորմացիան: Բայց այն հատվածները, որոնք, այո, տեղեկացվում են որպես գաղտնի, չլսելը, կարծում եմ, կարող է նպատակաուղղված լինել։ Ինչ վերաբերում է պարոն Աղազարյանի անձնական խոսակցություններին, ինձ բացարձակ չի հետաքրքրում և իմ գործընկերներին՝ ևս։ Պարզապես մենք մեղավոր չենք, որ այն խնդրահարույց նամակագրությունները, որտեղ կան խնդրահարույց կետեր, որոնք վերաբերում են մեզ, համեմված են նաև ինտիմ մանրամասներով։ Այսքանը կարող եմ ասել»։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի պնդմամբ՝ առնվազն մեկ դրվագով արդեն ապացուցված է Աղազարյանի կողմից արտահոսք կազմակերպելու փաստը․

««Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրեց ստատուս, որտեղ ասաց, որ Հովիկ Աղազյանը իրենց ինֆորմատորներից ամենաքիչ ինֆորմացիան Հովիկ Աղազանն է փոխանցել՝ դրանով հաստատելով փաստը, որ Հովիկ Աղասյանը եղել է «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատը։ Երբ գործատուն իր աշխատակցի անունը և հաստիքը ասում է, ես դրանից մեծ ապացույց չգիտեմ»։

Հովիկ Աղազարյանի խնդիրները կուսակցությունում և խմբակցությունում սկսվեցին այս տարվա հոկտեմբերի 15–ի լսումներից հետո, երբ նրա ու Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հրապարակային վեճի ժամանակ պարզվեց, որ պատգամավորը փորձել է միջամտել քննվող կոնկրետ քրեական գործերին։

Պատգամավոր Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին գրությունների միջոցով ներկայացրել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։  Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը նշել է՝ «թեև մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ ունի պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում է, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց և անընդունելի է»։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով ԱԺ դիմելու փորձ ունի։ Վերջին անգամ նման առաջարկով նա խորհրդարանին դիմել էր 2023–ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Ինչ վերաբերում է իշխող քաղաքական թիմում տիրող իրավիճակին, ապա դեկտեմբերի 14–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հավաքվել և իրենց համար «խաղի» նոր կանոններ են սահմանել։ Հիմնական շեշտադրումները  բացահայտել է վարչապետ Փաշինյանը։

«Առաջինը, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության յոթերորդ հերթական համաժողովում: Եվ հաջորդը, որ առաջիկայում և հետագայում, կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի»։  

Դեկտեմբերի 17–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն է, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու են մեկ այլ պատգամավորի՝ Հակոբ Ասլանյանի և կուսակցության փոխհարաբերությունները։  Ասլանյանը պաշտպանել էր գործընկերոջը՝ հայտարարելով, որ գնում է արդարության հետևից, հետո զղջացել էր գրառման համար։

«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, խնդրում եմ ինձ հանգիստ թողնել։ Ոչ մի մեկնաբանություն չեմ տալու առաջիկա առնվազն մեկ ամիսը։ Այդպես եմ որոշել ես»։  

Կարդացեք նաև

Back to top button