Պետությունների ղեկավարների՝ միմյանց հասցեին արվող հայտարարությունները հատուկ նպատակներ ունեն, համոզված են փորձագետները։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին անվանել է «խելոք տղա», սակայն այս հայտարարության խորքում ԱՄՆ-Թուրքիա անհամաձայնություններն են, ասում են փորձագետները։ Սակայն նրանք վստահ են նաև, որ Անկարայի հետ անհամաձայնությունները հիմք չեն Թեհրանի նկատմամբ ԱՄՆ բարեհաճության համար։
Որևէ երկրի նախագահ մյուս երկրի նախագահին գովում է, երբ հարաբերությունները սկսում են լարվել, համոզված է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Պարզաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի հայտարարության ենթատեքստը, որ «Էրդողանը խելացի տղա է», նա հիշեցնում է, որ Սիրիա ներխուժելուց ու Ռուսաստանին խաղից դուրս թողնելուց հետո Թուրքիայի նախագահն էլ հաճոյախոսել էր Պուտինին։
«Պետությունների ղեկավարները, որպես կանոն, սկսում են ուշադրություն դարձնել ուրիշ պետությունների ղեկավարներին, երբ կան լուրջ խնդիրներ, և նրանք անձնական գովերգով փորձում են միջպետական հարաբերություններում խնդիրները ծածկել կամ փորձել թեթևացնել, այսպես ասած։ Վերջերս, մոտավորապես մի շաբաթ առաջ, երբ Էրդողանը Պուտինին, շատ լուրջ քաղաքական ապտակ հասցրեց Սիրիան գրավելով տարբեր զինյալների միջոցով, ինչը, ի դեպ, խոստովանում է։ Հետո Էրդողանը դուրս եկավ ու հայտարարեց, որ աշխարհում երկու փորձառու քաղաքական գործիչներ են մնացել են՝ ինքը և Պուտինը։ Դա հենց այսպիսի մեղմող միջոց էր Պուտինի համար, որ ինքը շատ չնեղանա պարտության պատճառով»։
Նախօրեին ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը որոշ ուշագրավ հայտարարություններ արեց Էրդողանի հասցեին․
«Ոչ ոք չգիտի, թե ովքեր են կանգնած մյուս կողմում։ Ես գիտեմ։ Գիտե՞ք ով է, Թուրքիան է։ Թուրքիան է կանգնած դրա հետևում։ Նա (Թուրքիայի նախագահ Էրդողանը, խմբ․) շատ խելոք տղա է, հազար տարի դրան էին ձգտում և ստացան իրենց ուզածը։ Եվ այդ մարդիկ, որոնք մտել են, վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Եվ դա նորմալ է»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը համոզված է, որ ԱՄՆ ու Թուրքիայի միջև անհամաձայնություններ կան և դրանք խորանում են։ Նա հիշեցրեց, որ անցած տարի Թուրքիայում կայացած ընտրություններում ԱՄՆ սատարում էր Քըլըչդարօղլուին, սակայն Էրդողանը վարչական ուժ կիրառեց ու հաղթեց։
«Թուրքիան սկսել է հակաիսրայելական ու հակաամերիկյան քաղաքականությունը շատացնել։ Թեև դա ինչ-որ աստիճան խաղ է, սակայն որոշ աստիճանից սկսած՝ դա արդեն դառնում է խնդիր, որովհետև իսլամիստական ճանապարհով գնացող Թուրքիան հակասում է Ամերիկայի քաղաքականությանը: Այսպիսով, մենք բախվում ենք խնդրի հետ, որ Թուրքիայի հետ ճանապարհները սկսում են հեռանալ»։
Սակայն Թուրքիայի ու ԱՄՆ միջև խնդիրների առկայությունը չի նշանակում, որ Վաշինգտոնի համար տարածաշրջանում Իրանը ավելի արժևորվում է, հստակեցնում է փորձագետը։ Նա դա պայմանավորում է առաջին հերթին Իրան-Իսրայել լարված հարաբերություններով։
Իսրայելը պնդում է, որ Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենքի ստեղծման իր ծրագրից։ Իրանագետ Արմեն Վարդանյանը տեսականորեն հնարավոր է համարում կարճ ժամկետներում անգամ Իրանին հարվածելու սցենարը։
«Թրամփը կոշտ գծի կողմնակից է Իրանի նկատմամբ և չի բացառվում։ Հատկապես, որ Իսրայելի հատուկ ծառայությունները մեկ ամիս առաջ փորձնական հարձակում իրականացրին Իրանի վրա, օդային հարվածներ հասցնելով, և պարզվեց, որ Իրանի ղեկավարությունն այդքան էլ պատրաստ չէր դիմագրավելու այդ հարձակումներին»։
Դոնալդ Թրամփի թիմն Իրանին զսպելու ծրագիր է առաջարկել, որը կներառի Իսրայելի օդուժի հարվածները Թեհրանի միջուկային օբյեկտներին՝ գրում էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյան․ «Քանի դեռ Իրանի հակաիսրայելական քաղաքականությունը չի փոխվել, ԱՄՆ-ը շարունակելու է իր ճնշումները Իրանի դեմ։ Նույնիսկ մտավախություններ կան, որ Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա մինչև հունվարի 20–ը»։
Իրադարձությունների նման զարգացումները քաղաքագետը, սակայն, քիչ հավանական է համարում։ Ավելին, նա կարծում է, որ Իրանի մոտեցումներում որոշակի մեղմացումներ են նկատվում, ինչը կարող է թուլացնել Իրան-Իսրայել լարվածության ալիքը։




