ՀարցուԳԻՏԱփորձ

Երբ «10 րոպեում» անցնում է 3 ժամ․ ինչպե՞ս են աշխատում ռիլերը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Եվ դուք, և ես, և բոլոր գիտակցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ մենք գամվում ենք հեռախոսին 2-3-4 ժամ։ Հիմա հարց․ ու՞մ է սա պետք»։

Այս հաղորդումը խնդրանք-առաջադրանքով սկսենք․ հաջորդ անգամ, երբ սոցցանցերում կարճ հոլովակներ՝ ռիլեր կթերթեք, մի պահ կանգ առեք ու փորձեք հիշել՝ ինչի մասին էր 3 րոպե առաջ ձեր դիտած ռիլը։
Դուք հավանաբար դա անել չեք կարողանա։

«Տարիներ, հարյուրամյակներ առաջ մարդիկ երկար աշխատում էին, որ բերկրանքի ինչ-որ պահ ունենային»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր խոսելու ենք արագ, բայց կեղծ էմոցիաների ձեռքբերման աղբյուրի՝ ռիլերի մասին։


Ես ու ընկերներս հաճախ էինք ընկնում։
Մեր մանկության տարիներին երեխաների ծնկների վերքերը սովորական բան էին։ Մենք պիտի արագ վազեինք, բարձր ցատկեինք, լավ թաքնվեինք, ծառ բարձրանայինք ու, որ ավելի կարևոր էր, բարեհաջող իջնեինք այնտեղից։ Պիտի փորձեինք նաև նոր ընկերներ ձեռք բերել, չմնալ խաղից դուրս, նեղացած ընկերոջ սիրտը շահել, տուն կանչող ծնողին՝ համոզել, որ մի քիչ էլ դրսում մնանք։ Մի խոսքով՝ պիտի ջանայինք էմոցիա ստանալու համար։
Մեր հաղթանակն ու ծիծաղը հաճախ ծնկների վերքի գնով էր։

Գուցե որոշ բակերում այսօր էլ է այդպես, բայց ավելի հաճախ երեխային այս էմոցիաներն ունենալու համար լավ նկարող հեռախոս ու մեկ մատ է պետք՝ ուրիշի լավ նկարող հեռախոսով ստեղծածը թերթելու, ժպտալու, տխրելու, կարճ ասած՝ էմոցիա ստանալու համար։

Արդյո՞ք համացանցային այդ էջերն ավելի ստերիլ ու ապահով են, քան բակն էր, ինչպե՞ս դրանք այսքան գրավիչ դարձան, ի՞նչ ենք փնտրում սոցցանցերի «ռիլեր» բաժնում ու ի՞նչ է այն մեզ առաջարկում իրականում, ինչպե՞ս է ռիլն ազդում մարդու, և հատկապես՝ երեխայի մտքի ու հոգու վրա․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Որպեսզի մարդը բավարարվածություն ստանա, իր մարմինն էլ պիտի շարժվի։ Մենք մեր զգայարանները անջատում ենք, միացնում ենք աչքը և ականջը՝ 5-ից 2-ը։ Եվ մատը։ Սա չի կարող բերել լիարժեք ուրախության, որովհետև արյան շրջանառությունը, օրինակ, ակտիվ չի, իսկ մարդը զգում է, որ ապրում է, երբ մարմինն է ակտիվ, երբ մարմինը շնչում է, քերծվածք է ստանում, վազում է, ցատկում է. մարմինն ուրախանում է այդ ժամանակ։ Այսինքն, միայն նայեցինք, ծիծաղեցինք՝ դա դեռևս ամբողջովին բավարարվածության զգացում չի տալիս։ Սերատոնինը, որ արտադրվեց, միևնույն է՝ նստած ժամանակ արտադրվեց»։

Հոգեբան Անի Ապիտոնյանն առաջին հերթին հարցի ֆիզիկական կողմին է անդրադառնում՝ առաջնորդվելով խնդիրները փոքրից մեծ թվարկելու տրամաբանությամբ։ Չշարժվելը նվազագույն վնասն է, որ հասցվում է երեխային՝ կարծում է։ Առաջին հայացքից անմեղ ժամանցը, ըստ հոգեբանի, կարող է բերել սեփական կյանքը տնօրինելու անկարողության ու միաժամանակ երկու կյանքում ապրելու զգացողության․

«Առաջանում է միտք՝ «վայ, ես սրա մասին լսել եմ», ու մենք փորձում ենք գտնել դա երկարատև հիշողության պահոցում, դժվարանում ենք գտնել կամ ֆրագմենտ ենք գտնում, նույնացնում ենք կամ հիշում ենք որևէ անուն, բայց չենք գտնում` որտեղ ենք դա տեսել, լսել: Ու մարդ ընկնում է մտահոգության գիրկը, թե՝ ի՞նչ է կատարվում ինձ հետ, արդյո՞ք ես ունեմ վատ հիշողություն, միգուցե ես ինձ լավ չեմ զգում, ուշադրության կենտրոնացման խնդիր է լինում, չենք կարողանում ինֆորմացիայի վերլուծություն կատարել»։

Հիմա գուցե փիլիսոփայությամբ զբաղվելու լավագույն ժամանակն է՝ ասում է հոգեբանը։ Սա նրա փաթեթավորված հորդորն է՝ ինքներդ ձեզ մի հարցի շուրջ երկար ու խորքային մտածելու հնարավորություն տվեք։ Մի բան, ինչը գրեթե էկզոտիկա է կարկուտի պես խիտ ու արագ գլխին թափվող ինֆորմացիոն հոսքի գերակայության ժամանակներում։ Եվ որպեսզի այս ամենը ժամանակակից զվարճանքի դեմ անողոք մերժողականության չվերածվի, հիշեցնում է՝ խոսքը ոչ թե զրկանքի, այլ բալանսավորման մասին է։ Շարադրում է այն խնդիրները, որոնցից կխուսափենք ինֆորմացիայի քանակը՝ նվազեցնելու, վերլուծելու ժամանակը ավելացնելու դեպքում։

«Հաղորդակցման լուրջ խնդիրներ․ մարդիկ կսկսեն ուղղակի իրար լավ չհասկանալ։ Սա պատահում է այն դեպքերում, երբ երեխան, օրինակ, օրվա մեծ մասը անցկացնում է մեր ասած տիրույթներում և ծնողների կամ հասակակիցների հետ շփումը գնալով թուլանում է։ Այդ դեպքում գալիս է ագրեսիա, որովհետև կախվածություն է արդեն առաջանում, անգամ սարքից է առաջանում կախվածություն և լուրջ հարաբերությունները խաթարվում են։ Երեխայի զարգացումը, կարծես թե, կանգ է առնում, ընդհանրապես սովորել չի ցանկանում, գիտի՝ աշխարհը մենակ էդ գծով է, բայց աշխարհը բազմազան է, մեր խնդիրն է էդ բազմազանությունը ցույց տալ երեխաներին, որովհետև ինքը էդ բազմազանությունը միայն սարքի միջոցով է տեսնում։ Աշխարհի դուռը այլևս դառնում է հեռախոսը կամ համակարգիչը»։

«Կամաց-կամաց ձեր գլխուղեղը սկսելու է դուրս մղել այն ինֆորմացիան, որը ձեզ պետք չէ և շատ ավելի երկար ու անիմաստ էներգիա է ծախսելու, որպեսզի ի վերջո կողմնորոշվի՝ դուք ի՞նչ եք ուզում։ Հիմա, երբ անընդհատ մեր աչքի առաջ իրար հետ կապ չունեցող սցենարներ են, գլխուղեղն ասում է՝ մի հատ կողմնորոշվիր՝ ինչ ես ուզում, ինչ ես նայում»։

Բժիշկ, նյարդաբան Ավետիս Ավետիսյանն ասում է՝ ուղեղի համար դժվար է։ Կյանքը, որ առաջարկում ենք նրան, հախուռն է ու անհասկանալի։ Մենք կարծում ենք, թե համալրել ենք մեր ինտելեկտուալ պաշարները, ասենք, 30 վայրկյանում Կանտի փիլիսոփայությունը հասկանալով, հաջորդ 30 վայրկյանին՝ մի լավ ֆիլմից հատված դիտելով, իսկ հետո՝ անգլերենի մի բարդ բառի արտասանություն կամ համեղ սննդի բաղադրատոմս սովորելով, բայց իրականում ուղեղին դնում ենք անհարմար վիճակում։ Մեր գլուխը փորձում է գլուխ հանել այդ ողջ քաոսից։ Կարճ հոլովակների մեծագույն խնդիրը, ըստ նյարդաբանի, հենց բազմազանությունն է։

«Տեղեկատվությունը թունավորում է մեզ, ինֆորմացիայի տարափ է և դրա մեջ դուք չեք կարող լավը լինել, դուք չեք կարող ժամանակի ընթացքում կենտրոնանալ, ֆոկուս լինել ինչ-որ մի կարևոր բանի վրա։ Բոլոր Նոբելյան մրցանակակիրները շատ երկար տարիներ ֆոկուս են եղել միևնույն խնդրի լուծման վրա։ Ֆոկուսը ամենահաջողված մարդկանց ամենակարևոր ունակություններից մեկն էր, որ մարդիկ իրենց կյանքի մեծ մասը նվիրել են որևէ խնդրի և էդտեղ դարձել են սուպեր պրոֆեսիոնալ։ Այս ամեն ինչը բերում է նրան, որ մենք ապակենտրոնանում ենք, արագ ձանձրանալու ենք, որովհետև բերկրանքները, պատրաստի, անընդհատ մեզ մատուցելու են, սա ծուլացնելու է մեր գլխուղեղը»։

Մեծագույն խնդիր համար 2՝ արագություն։ Ռադիոընդունիչով մեզ լսող ունկընդիրներից շատերը գուցե սրտնեղեն այս ձայնագրությունը արագացնելու անկարողությունից։ Այսօրվա սպառողը սովոր է ամեն ինչ 2 անգամ արագացված լսելուն։ Դե՝ մենք զբաղված մարդիկ ենք, շտապում ենք, եթե ինստագրամյան ռիլը ամբողջ ֆիլմը պատմում է 1 րոպեում, ապա ինչո՞ւ այն դիտելուն 2 ժամ հատկացնենք, այն էլ՝ առանց արագացնելու կամ առաջ անցնելու․ սա ժամանակակից մարդու համար մարտահրավեր է դարձել՝ կարծում է նարդաբանը։

«Վերցրեք ցանկացած 70-80-ականների տեսանյութ և նայեք, թե ինչ դանդաղ են ֆուտբոլ խաղում և տեսեք, թե ինչ արագ է ներկայիս ֆուտբոլը։ Վերցրեք 60-70-ականների ցանկացած երաժշտություն, տեսեք, թե ինչքան քիչ կլիպային, ինչ գեղեցիկ, իմաստավորված երաժշտություն է: Մենք 1.5-2-ով արագացնում ենք, բոլորս ինչ-որ տեղ ենք շտապում, ներկայիս սերունդը չի կարողանում դանդաղությունը ընկալել։ Դուք գիտեք, չէ՞, որ մարսողության համար որոշակի արագություն կա։ Ըստ էության, դուք արագ կարող եք ամեն ինչ կուլ տալ։ Դե ձեր ստամոքսը դարձյալ կմարսի այդ ամենը։ Բայց հաստատ չի մարսի, չէ՞, էնպես, ինչպես որ բնության կողմից նախատեսված է, որ սկզբում դուք ջերմային մշակում անցկացնեք, սնունդը ձեր բերանում մանրացնեք։ Տեղեկատվությունը մեր մտավոր սնունդն է, դուք ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս 2-3 անգամ արագ ուտել, առանց ընտրելու ուտել ինչ պատահի։ Հիմա ասացեք, խնդրեմ, Դո՞ւք առողջ կլինեք, թե՞ նույն Դուք, եթե նույն բանը անեք դանդաղ, առանց շտապելու»։

Այսպես ստացվում է, որ պարզ հոլովակները մեզ հեշտ դոֆամին ու սերոտոնին են տալիս, բայց կարող են առաջացնել մի քանի լուրջ խնդիր՝ սեփական կյանքի նկատմամբ վերահսկողության կորուստ, իրականությունն ընկալելու դժվարություններ, մտավոր ունակությունների բթացքում, կենտրոնացվածության, հետևաբար նաև՝ հաջողության հասնելու դժվարություն, ինֆորմացիոն փքվածություն։ Ավետիս Ավետիսյանը «հակաթույն» է առաջարկում․

«Ամենից լավ, հրաշալի ռեցեպտը այն է, որ երեկոյան երեխայի հետ դուրս գալ մարզվելու, քայլելու, առավոտյան դուրս գալ, վաղ արթնանալ, ժամանակին պառկել, քնել, ֆիլմեր նայել, այդ ֆիլմերը վերլուծել, սցենարի սկիզբը, բացատրել կուլմինացիան, բացատրել պիկը, ավարտը։ Երաժշտություն լսել՝ երկա՛ր երաժշտություն, դասական երաժշտություն լսել, որտեղ կան մի քանի բլոկեր, բացատրել այդ ամենը, երեխաների հետ շատ ճամփորդել, նախագծեր իրականացնել, ամեն ինչ վերածել միկրոախագծերի, որ երեխան սովորի ինչ-որ բան պլանավորել և սպասել արդյունքի․ միրգ, ծառ տնկել երեխայի հետ»։

Մի շտապեք, արդեն հասել եք՝ ասում է նյարդաբանը։ Կյանքն արդեն տրվել է Ձեզ ու արագ ապրելով շատ չեք ապրելու։ Անմեղ ժամանցը կարող է մարդուն հասցնել այնպիսի կետի, որտեղ նա հնարավորություն չունենա անգամ մտածելու՝ իսկապե՞ս անմեղ էր այդ ժամանցը։

Կարդացեք նաև

Back to top button