
Գավառագետը հայտնվել է քրոնիկ աղտոտման վտանգի առջև։ 50 կմ երկարությամբ գետն անցնում է Գեղարքունիքի մարզի տասնյակ բնակավայրերով ու թափվում Սևանա լիճ՝ իր հետ բերելով կենցաղային, շինարարական աղբ ու թափոններ։ Գետի էկոլոգիական վիճակով մտահոգ են թե՛ տեղական ու տարածքային կառավարման մարմինները, թե՛ տեղի քաղհասարակությունը։ Հավաքվել ու քննարկել են լուծումների իրենց առաջարկները՝ աղբորսիչ կայաններից մինչև էկոկրթություն ու գետի պահպանման տեղական քաղաքականություն։
Էկոակտիվիստ Պապին Կարապետյանը մեծերից է լսել, որ նախկինում Գավառագետը բացառիկ մաքուր ջուր է ունեցել։ Բայց հիմա Գավառի միջով հոսող ու Սևան թափվող գետ են լցվում կենցաղային թափոններ, կեղտաջրեր․

Գավառագետի աղտոտվածության խնդիրը դարձել է շատ երիտասարդների մտահոգության առարկա։
Փորձել են հանրայնացնել գետի էկոլոգիական խնդիրները։ Սկսել են ստորագրահավաքից, որին միացել են 200-ից ավելի բնակիչներ։ Մտադիր են փաստաթուղթը Գավառի ավագանուն ներկայացնել։

Լիանա Շահոյան, Գավառի բնակիչ․ «Անգամ էն մարդիկ էին արձագանքում, ովքեր որ աղբը նետում էին ու ասում՝ ի՞նչ ենք անում Գավառագետի մաքրությունը կամ մեր ինչի՞ն է պետք Գավառագետը։ Պետք է իրազեկվել ու իրազեկել քաղաքացիներին, պետք է պահենք ու պահպանենք ոնց մեզ, էնպես էլ բնությունը»։

Տեղի կազմակերպությունները 2021-ին Սևանա լիճ թափվող 10 գետերի մաքրման աշխատանքներ են իրականացրել։ 350 տոննա աղբ են հանել ջրից։ 2,5 ամիս անց կրկին նույն պատկերն են արձանագրել։

Գետի էկոլոգիական խնդիրներին նվիրված քննարկմանը քարտեզագրվել են Գավառագետը աղտոտումից փրկելու լուծումները՝ աղբաորսիչ կայաններից մինչև էկոկրթություն ու տուգանքների մեխանիզմ։

Լիաննա Ասոյան, «Բլեջան» ՀԿ նախագահ․ «Միայն կարող է տուգանքի մեթոդը գործել, այսինքն, պիտի լինի հստակ քաղաքականություն՝ աղտոտման համար սահմանվեն տուգանքներ»։
Այս տարվա հունիսին բյուջեից հատկացված շուրջ 3մլն դրամով մաքրման աշխատանքներ են տարվել։ Տիղմից, ջրիմուռներից, կենցաղային աղբի թափոններից մաքրվել է գետի շուրջ 650 մ երկարությամբ հատված։ Խնդիրը կարևոր է այնքանով, որ գարնանային վարարումներից Գավառագետի ջրերը բարձրացել ու ողողել էին շրջակա տնամերձերն ու լցվել նկուղները։

Այդ աշխատանքները պարբերական են՝ «Ռադիոլուրի» հետ զրուցում ասում է Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ Մարդկանց մոտ, ասում է, պետք է ձևավորվի գետը չաղտոտելու մշակույթ.

«Շատ կարևոր է բնակչության շրջանում էկոկրթության մակարդակի բարձրացումը։ Մենք ակնկալում ենք, որ խնդիրը բարձրաձայնելուն զուգահեռ նաև լուծումներ առաջարկեն»։
EU4 Sevan ծրագրի խորհրդատու Վարազդատ Սարգսյանն ահազանգում է Գավառագետի միջոցով Սևանի աղտոտման խնդրի մասին։ Ասում է՝ պակաս կարևոր չէ նաև զանազան քիմիական նյութերով ջրային ավազանների աղտոտումը, որը շղթայական ազդեցություն է ունենում․
«Էդ աղբորսիչ ցանցերով չգիտեմ քանի տոկոսը էդ խնդիրը կլուծի, բայց ավելի շատ կուզեի ուշադրություն հրավիրել կոյուղաջրերի վրա, կեղտաջրերի վրա, որը գյուղատնտեսությունից ա հոսում, անասնապահությունից։ Կեղտաջրերի մեջ կուզեի նշել լվացող միջոցների դերը, ազոտ և ֆոսֆորի հոսքը»։

Գավառագետի ճակատագրով մտահոգ շահագրռիռ կողմերը՝ ՏԻՄ-ից մինչև ակտիվ քաղաքացիներ, տեղական ու միջազգային կառուցներ պնդում են, որ խնդիրն իրապես մտահոգիչ մասշտաբների է հասել։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ համայնքը պետք է ունենա Գավառագետի էկոհամակարգի պահպանման տեղական քաղաքականություն։ Ասում է՝ հաջողելու դեպքում, այն կարող է օրինակ ծառայել այլ համայնքների համար։

«Հաստատի ավագանու որոշմամբ և սկսի այդ քաղաքականության իրականացման վրա նաև գումարներ հատկացնել տեղական բյուջեից, այսինքն, համայնքային բյուջեից, և համագործակցելով միջազգային կառույցների հետ, ստեղծի այն ինֆրաստրուկտուրաները, որոնք որ կբերեն գետի վերահսկողության, ասենք՝ նույն տեսախցիկների տեղադրումը։ Եթե տեղական մակարդակում դա լինի, ինքը կլինի Հայաստանում առաջինը և կարող է օրինակ ծառայել Հայաստանի մյուս համայնքների համար»։
Փաստաթուղթը միտված է լինելու քաղաքացիների վարքագծային փոփոխությանը՝ կրթական և իրազեկման բաղադրիչի շնորհիվ, նաև գետի մաքրության պահպանությանն ու վերահսկողությանը՝ շարունակական մոնիտորինգի միջոցով։




