ԿարևորՀասարակություն

ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է․ վարչապետի եզրափակիչ ելույթը

Պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրել, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է, այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս իր եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչով են ՀՀ կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած 14 հոգուց: Կառավարությունը մյուս 14 հոգիներից տարբերվում է միայն մեկ բանով՝ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ պետական բյուջեն է»,- նշել է վարչապետը։

«Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին կամ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,- հավելել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիներին: Հետևաբար ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, հետևաբար մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական, ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button