
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շարունակում են քննարկման բուռն ու ծանր թեմա մնալ։ ՓՄՁ ոլորտը ներկայացնող մոտ երկու տասնյակ միություն բաց նամակով դիմել էին Հայաստանի վարչապետին՝ առաջարկելով քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ աշխատանքային քննարկումներ սկսել հարկային փոփոխությունների նախագծի շուրջ։ Տեսակետերի բախումն առավելապես գործունեության մի շարք տեսակներ շրջանառության հարկի փոխարեն ավելացված արժեքի հարկով հարկելու շուրջ է։ Կառավարությունում կարծում են, որ շրջհարկի պատճառով արտոնյալ պայմաններում են հայտնվում որոշ ոլորտներ, իսկ տնտեսվարողները հակադարձում են՝ դա «կխեղդի» փոքր ու միջին բիզնեսը։
Հիմնական խնդիրն այն չէ, որ հարկային բեռը բարձրանում է, այլ այն, որ հարկման դաշտում անարդարության միջավայր կա ու ստվեր․ տնտեսվարողների դժգոհությունը հակիրճ այսպես է բացատրում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը՝ խոսելով շրջհարկի փոխարեն որոշ ոլորտներ ավելացված արժեքի հարկով հարկելու օրենսդրական նախագծից։
Շրջանառության հարկից ավելացված արժեքի հարկման դաշտ տեղափոխումը դժգոհության ալիք է բարձրացրել բիզնեսի մոտ։ Տնտեսվարողները պնդում են՝ պետք է նախ դաշտում ստվերը կրճատել, հետո միայն խոսել հարկման արդար համակարգի մասին։
Վահագն Համբարձումյանը մանրամասնում է․ «Հինգ տոկոս շրջանառության հարկ վճարողը մրցում է բացառապես ստվերում աշխատող տնտեսվարողների մի մասի հետ։ Բարեխիղճ տնտեսվարողը վճարում է հինգ տոկոսը՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, նաև՝ մասնագիտական արժանապատվության։ Ուստի նախ պետք է առաջնահերթություն տալ ստվերը ճնշելուն, երկրորդ հերթին նոր գնալ այդ նախագծի իրագործմանը»։
Իսկ կառավարությունում հարկման նոր լուծումներ առաջարկելը բացատրում են խնդրին այլ կողմից մոտենալով․ հիմնավորում են, որ շրջանառության հարկի համակարգն այլընտրանք լինելու փոխարեն արտոնյալ պայմաններ է ստեղծել մի շարք ոլորտների համար։
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ խորհրդարանական վերջին լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ամփոփելով առաջարկները, հայտարարել էր, որ գործունեության տեսակների մեծ մասի համար, բացառությամբ՝ իրավաբանական, փաստաբանական ու հաշվապահական հաշվառման ծառայությունների, հարկման նոր համակարգին անցումը կհետաձգվի մինչև 2025թ․ հուլիս։
Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հստակեցնում է․
«Ծառայությունների ոլորտում գործող փոքր ընկերությունները, որոնք աշխատում են շրջանառության հարկի դաշտում, կշարունակեն աշխատել այդ հարկատեսակով։ Բայց երբ նրանք ծառայություն մատուցեն ավելացված արժեքի հարկման դաշտում աշխատողներին, վերջինները իրավունք չեն ունենա ծախսագրել իրենցից գնված ծառայությունները »
Գործունության մի շարք տեսակներ՝ անշարժ գույքի գնահատում, դիզայներական, փորձագիտական, ճարտարապետական ծառայությունները, կշարունակեն աշխատել շրջանառության հարկի դաշտում։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը բացատրում է՝ այս ծառայություններից հիմնականում քաղաքացիներն են օգտվում, ուստի եթե ընկերությունների հարկման ռեժիմը չփոխվի, ոլորտում թանկացում էլ չի լինի։
«Իմաստ ունի, այո՛,այս փոփոխությանը գնալ։ Իհարկե, դուք շատ հեշտությամբ հենց հիմա կարող եք հակադարձել, ասել՝ փաստաբանական ծառայությունները ։ Չէ՞ որ դրանց մեծ մասը կրկին ձեռք են բերում ֆիզիկական անձինք։ Եվ ես գուցե դժվարանամ ծանրակշիռ հակափաստարկ ունենալ։ Թերևս սա էր պատճառը, որ մենք ասում էինք՝ հանձնառու ենք հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսներն ավելացնել, և փաստաբանների պալատից արդարացիորեն ասացին, որ այս տարվա բյուջեով գուցե դա հնարավոր չէ, բայց հետագայում մենք ներքին քննարկումներ ունեցանք ու հասկացանք, որ այդտեղ տարբեր շերտեր կան։ Այսինքն՝ նաև շահառուների շրջանակն է պետք հստակեցնել, որպեսզի խոցելի խմբերից զատ այլ անձինք չօգտվեն, հետո հավակնել պետական ֆինանսավորում»։
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն արձագանքում է՝ իր համար կարևոր հարցը որոշումների ընդունման ձևաչափն է,այս պահին դժվարանում էասել՝ ո՞ր առաջարկն է նախընտրելի։ Ավագյանը Բացատրում է՝ գնահատելու համար դեռ պետք է որոշ հարցեր հասկանալ․
«Գնահատել՝ ա՞յս որոշումն է ավելի լավը , թե՞ նախորդը, որը վատթարացնող նորմ ուներ, դժվար է, քանի որ պետք է նստել, տնային աշխատանք կատարել։ Բնական է, որ մենք, որպես քաղաքացիական հասարակություն, պատրաստ ենք հարցաթերթ մշակել, խոստանալ, որ ինֆորմացիան գաղտնի է։ Դա աշխատանք է, նոր բան չէ։ Բայց հիմա՞ ․․․։ Սա սահմանված է կառավարության որոշմամբ՝ կարգավորման ազդեցության գնահատում»։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հարկային օրենսդրության պարզեցման կողմնակից է։ Բայց նրա կարծիքով՝ այդ փոփոխությունն էլ պետք է մի քանի հարց լուծեր՝ վարչարարության պարզեցումից մինչև արդյունավետ վերահսկողություն։
«Այս ամենը միգուցե բերեր դրված խնդիրների լուծմանը։ Բայց ո՞նց եք լուծում։ Ասում եք՝ պետք է հարկերը բարձրացվեն, պետք է հարկեր էլ բարձրացնենք, որ դուք արդեն չկարողանաք ստվերում աշխատել։ Շրջանառության հարկի մեջ մտնում է, այն որ այս նախաձեռնությւոնը նաև ստվերի դեմ պայքար է, սա կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման գործիք է։ Հիմա նույն բանը ասում ենք հակառակ կողմից, իսկ սա հիմնավոր ու ընդունելի չէ»։
Հայաստանում գործունեության մի շարք ոլորտներ աշխատում են շրջանառության հարկի դաշտում ՝վճարելով իրենց շրջանառվող գումարի մինչև հինգ տոկոսը։ Այժմ գործադիրն առաջարկում է նրանց աստիճանաբար տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ։
Առաջինից երկրորդ ընթերցում քննարկումները կշարունակվեն, որոշումները կընդունվեն՝ հաշվի առնելով բոլոր առաջարկները՝ խոստանում են պատասխանատուները։ Իսկ առաջարկների մեջ առաջնայիններից է ժամկետի հետաձգումը ոչ թե 6 ամսով, այլ՝ մեկ տարով։
Օրենսդրական փոփոխությամբ գործադիրն ակնկալում է, որ համակարգի ներդրումը կնպաստի միասնական և հավասար հարկային միջավայրի ձևավորմանը։ Սա նաև թույլ կտա վերացնել հարկային պլանավորման և հարկերից խուսափելու հնարավորությունները՝ կարծում են կառավարությունում։




