ԿարևորՄիջազգային

Սիրիայում ապստամբները ներխուժել են Հալեպ․ բանակը փակել է Հալեպ տանող ճանապարհները

Սիրիայում ապստամբ ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Հալեպի որոշ շրջաններ։

Ընդդիմության գրոհայինները «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ (որն արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն Ռուսաստանում) չորեքշաբթի հարձակում են սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա և ուրբաթ հասել են Հալեպ: Խմբավորման հետ կապված ալիքում տեղադրված տեսանյութում երևում է, որ նրա մարտիկները մեքենաներով շրջում են քաղաքում:

Սիրիական իշխանությունները շաբաթ օրը փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, Reuters-ին հայտնել են երեք ռազմական աղբյուրներ։

Սիրիական բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ կարողացել է վերականգնել վերահսկողությունը դիրքերի վրա, որոնք գրավվել են ապստամբների կողմից Իդլիբի և Հալեպի նահանգների գյուղերում։ Կառավարությունն ասում է, որ իր ուժերն արդեն հասել են Հալեպ և դուրս են մղում ապստամբներին։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է, որ ուրբաթ օրը սիրիական և ռուսական ինքնաթիռները 23 ավիահարված են հասցրել Հալեպում և շրջակայքում: Ըստ Կազմակերպություն տվյալների՝ մարտերի ընթացքում զոհվել է 255 մարդ:

Ռուս զինվորականները հաստատել են, որ օդային աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակին։ «Ռուսական օդատիեզերական ուժերը հրթիռային ռմբակոծություններ են իրականացնում ապօրինի զինված խմբավորումների, հրամանատարական կետերի, պահեստների և հրետանու դիրքերի սարքավորումների և անձնակազմի վրա», — ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը:

Մոսկվան Դամասկոսին հավելյալ ռազմական օգնություն է խոստացել ապստամբների գործողությունները խափանելու համար, հայտնում են Reuters-ի աղբյուրները՝ հավելելով, որ նոր զինատեսակները կսկսեն ժամանել առաջիկա 72 ժամվա ընթացքում

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում, որը սկսվել է 2011թ.-ին, երբ կառավարությունը ճնշեց բողոքի ցույցերը, ավելի քան կես միլիոն մարդ է զոհվել։ Մի շարք զինված խմբավորումներ, այդ թվում՝ ջիհադիստներ, օգտվելով անկարգություններից, գրավել էին երկրի տարածքը:

Իդլիբ նահանգը ապստամբների վերջին հենակետն է, որտեղ ապրում է մոտ 4 միլիոն մարդ: Անկլավը հիմնականում վերահսկվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման կողմից, ինչպես նաև այնտեղ են գտնվում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումները:

Աղբյուրները, որոնք կապված են թուրքական հետախուզության հետ, ասում են, որ Անկարան, որը աջակցում է ապստամբներին, կանաչ լույս է վառել հարձակման համար: Սակայն  Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին ուրբաթ օրն ասել է, որ Թուրքիան ձգտում է խուսափել տարածաշրջանում անկայունությունից, իսկ ապստամբների հարձակումները խաթարում են դեէսկալացիայի համաձայնագիրը։

2020 թվականին Թուրքիան և Ռուսաստանը, որը աջակցում է Սիրիայի նախագահ Ասադին, համաձայնության էին եկել հրադադարի հարցում։ Սիրիական Կառավարությունը դադարեցրել էր Իդլիբը վերադարձնելու փորձերը։ Սա հանգեցրել էր ռազմական գործողությունների երկարատև դադարի:

Ապստամբների գրոհը ամենախոշոր հարձակումն է 2020 թվականի մարտից ի վեր, երբ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին հակամարտության դեէսկալացիայի հարցում, նշում է Reuters-ը։

Կարդացեք նաև

Back to top button