ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Մանդատային» կրքեր՝ ԱԺ-ում․ խմբակցությունները նիստեր են գումարում

Հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, մեկնարկում են ԱԺ՝ այս տարվա վերջին լիագումար նիստերը։ Օրակարգային հարցերից բացի, սակայն, հանրության ուշադրության կենտրոնում են նաև խորհրդարանի ներքին խմորումները։

ԱԺ երեք խմբակցությունից երկուսում փոփոխություններ են սպասվում։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների կազմերում տարվա վերջին, ըստ ամենայնի, փոխատեղումներ կլինեն։ ՀՀ վարչապետի հորդորով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի հրաժարական արդեն եղել է։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը նույնպես կարվի առաջիկա նիստին։ Բայց սա սպասվող միակ փոփոխությունը չէ։

ԱԺ-ում վերջին օրերին քաղաքական հումոր է պտտվում՝ «բացվել է տրանսֆերային պատուհան»։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս կերպ է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցություններում տիրող իրավիճակը։

– Իսկ կարո՞ղ է փոխատեղում լինի՝ Հովիկ Աղազարյանը գա Գեղամ Նազարյանի տեղը։

– Ես այդ անեկդոտը, որ ասացի, դրա մասին է խոսքը (ծիծաղում է` խմբ․):  

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցություններում դժգոհություն կա կոնկրետ պատգամավորների, համապատասխանաբար, Հովիկ Աղազարյանի և Գեղամ Նազարյանի դիրքորոշումներից և պահվածքից։ Երկուսի մանդատի և հետագա աշխատանքային գործունեության հարցն էլ դեռ որոշված չէ։

Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, ինչպես նաև Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի խնդիրները սկսվեցին հոկտեմբերի 15-ից՝ խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունից։ Կառավարությունում մի շարք պաշտոնանկությունների շրջանում վարչապետի հորդորով Քյարամյանն ու Զեյնալյանն արդեն ներկայացրել են հրաժարականների դիմումներ, Աղազարյանը դեռ «խորհրդավոր անորոշություն» է պահում՝ որոշման կայացումը կապելով այս կամ այն իրադարձության հետ, նաև ժամկետեր չի հստակեցնում։

Որոշ հարցերի պատասխաններ ակնկալվում են  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստից։ Իսկ մինչ այդ խորհրդարանում չեն բացառում, որ քննարկման թեմա կարող է դառնալ նաև Հովիկ Աղազարյանի մանդատի հարցը։ Ավելի վաղ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել էր, որ Սահմանադրության կամ ժողովրդավարական նորմերի խախտում չի տեսնում ոչ վարչապետի հորդորի, ոչ էլ պատգամավորին ուղղված պահանջներում։

«Նախ՝ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նաև քաղաքական ուժի ղեկավարն է։ Եվ երրորդը՝ սահմանադրական կամ իրավական, օրենսդրական ո՞ր ակտի համաձայն է, որ չի կարող խնդրել։ Քաղաքական կուսակցությունն ընտրություններից հետո չի տարանջատվում իր խմբակցությունից Ազգային ժողովում։ Քաղաքական կուսակցությունն օրգանական կապի մեջ է սեփական խմբակցության հետ, և այդ խմբակցությունը կուսակցության հետ է։ Ինստիտուցիոնալ իմաստով՝ սրանք մեկը մյուսին փոխլրացնում են։ Պարոն Զեյնալյանի դեպքում պարոն Զեյնալյանն ընդառաջել է այդ խնդրանքին։ Մյուս դեպքում, կարծում եմ, որ պարոն Աղազարյանը մտածելուց հետո վերջնական եզրահանգման կգա, և բոլորդ կիմանաք։ Բայց որևէ տարօրինակ բան ես դրա մեջ չեմ տեսնում։ Հասկանում եմ ընդդիմության շահարկումները»։      

Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին նման խնդիր ունի իր շարքերում։ «Հայաստան» խմբակցությունը նույնպես ծրագրում է նիստ, որի ընթացքում պատրաստվում են քննարկել գործընկերոջ՝ Գեղամ Նազարյանի հայտարարությունները։ Ընդդիմադիր պատգամավորի գործունեության ընթացքում մի քանի դեպք է եղել, երբ նրա հայտարարությունները չեն համընկել խմբակցության դիրքորոշման հետ։ Ընդդիմադիր պատգամավորը «Հայաստան» խմբակցության միջոցով խորհրդարան մտնելու և իշխանափոխություն անելու խոստումների մասին մասնավորապես հայտարարել է․

«Տենց օրակարգ չկա, չգիտեմ ՝ո՞վ է դա մտցրել: Ի՞նչ է նշանակում՝  եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք: Այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրիոմ պիտի անեինք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնեի՞նք: Պիտի իմպիչմենտ անենք, իմպիչմենտի ժամանակ էլ մեծամասնությունը պիտի անցնի քո կողմը: Դրա համար պետք է աշխատանք տանել՝ իրենց համոզել»:

Մինչ կկայանա խմբակցության նիստը, «Հայաստան» խմբակցության անդամները շտապում են հերքել գործընկերոջ արտահայտած մտքերը։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է․

«28 հոգի այլ կարծիք ունի։ 29-րդի կարծիքը ձեզ համար չգիտեմ ինչքանով է ուղենշային։ Ես ինստիտուցիոնալ մարդ եմ,  կարծում եմ, որ ինստիտուցիոնալ քաղաքականությունից հրաժարվել չի կարելի։ Կա քաղաքական կառույց՝ ֆրակցիա։ Քաղաքական կառույցի անդամ լինելով՝ դու պետք է հետևես քաղաքական կառույցի՝ ինստիտուտի քաղաքականությանը։ Ֆրակցիայում այդ հարցը քննարկվելու է։ Հետևանքների, արդյունքի մասին կտեղեկացվեք»։  

Գեղամ Նազարյանին կտրուկ որոշում կայացնելու պահանջ չի դրվելու՝ հավաստիացնում է «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա, սակայն, նույնպես կարծում է, որ պատգամավոր Նազարյանի հարցը խմբակցությունում պետք է քննարկվի։

«Ընդհանրապես, մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց երբ ֆրակցիայից մեկը՝ 29 պատգամավորներից մեկը, կարծիք է ասում, որը հակասում է ֆրակցիայի մոտեցմանը, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա: Եթե նա համաձայն չէ, կարծիքը փոխել է, ինքը կարող է նաև լքել ֆրակցիան: Կամ ֆրակցիան  իրավունք ունի որոշ գործընթացներից հետո ուղղակի հեռացնել ֆրակցիայից: Մանդատից հրաժարվելը տվյալ դեպքում, այսպես ասենք, պատգամավորի բարոյական մոտեցումների հարց է»։

«Հայաստան» խմբակցությունն այս հարցը քննարկելու է մոտ օրերս։ ԱԺ կանոնակարգի համաձայն, բացի մանդատը վայր դնելուց, պատգամավորներն ունեն նաև խմբակցությունից դուրս գալու և անկախ պատգամավորի կարգավիճակով աշխատանքը շարունակելու հնարավորություն։ Այլ խմբակցություններ մտնելու իրավունք պատգամավորները չունեն։

Կարդացեք նաև

Back to top button