ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Հրադադարից հետո Լիբանանի հարավ տանող ճանապարհները խցանված են․ հայ համայնքի ներկայացուցիչը՝ իրավիճակի մասին

Իսրայելի ու «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Լիբանանում դեպի հարավ տանող ճանապարհները խցանված են․ տեղահանվածները փորձում են վերադառնալ իրենց տները, որոնք հրթիռակոծության էին ենթարկվել Իսրայելի կողմից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հայագիտական կենտրոնի տնօրեն Ահարոն Շխրտմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ հրադադարից հետո էլ մայրաքաղաք Բեյրութում կրակոցներ հնչել են։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են դադարեցնել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի հակամարտությունը։ Հայ համայնքի ներկայացուցիչըն ասում է՝ դրանից հետո երկրում հաղթական տրամադրություններ են, չնայած ամենուր դեռ տեսանելի են ռազմական գործողությունների հետևանքները։ «Ռադիոլուրը» թեմայի շուրջ զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հայագիտական կենտրոնի տնօրեն Ահարոն Շխրտմյանի հետ։

Նոյեմբերի 27-ին Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել, կպատմե՞ք հրադադարից հետո ինչ իրավիճակ է երկրում, մասնավորապես, Բեյրութում, հաղորդագրություններ կային, որ հրադադարից հետո կրակոցներ են լսվել։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հայագիտական կենտրոնի տնօրեն Ահարոն Շխրտմյան

Երկարատև այս պատերազմից հետո Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և այլ պետությունների ուղղակի ու անուղղակի ջանքերի ու ճնշումների շնորհիվ 60-օրյա զինադադարի համաձայնություն կնքվեց Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև։ Այս պահին հստակ չեն համաձայնության կետերն ու պայմանները, և կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է մեկնաբանում։ Երկու կողմն էլ հայտարարում է, որ այս պատերազմից հաղթանակով են դուրս եկել, այնինչ իրականում Հարավային Լիբանանում մի քանի գյուղեր ու քաղաքներ քանդված են, մոտավորապես 2 միլիոն գաղթական կա, դպրոցները փակված են, հաստատությունները քանդված են։ Նաև Հյուսիսային Իսրայելի բնակչությունն է գաղթել դեպի այլ շրջաններ։ Մի խոսքով, այս պատերազմը որևէ մեկի համար հաղթական պատերազմ չէր, ընդհակառակը՝ ինքնասպառման պատերազմ էր։

Պարոն Շխրտմյան, իսկ ի՞նչ տրամադրություններ կան համաձայնագրի հետ կապված։

Մենք երկրում մեծ խանդավառություն ենք տեսնում, դեպի հարավ գնացող հիմնական մայրուղին ամբողջությամբ ավտոմեքենաներով էր լցված, առավոտյան վաղ ժամերից մարդիկ անհամբեր շտապում էին գտնելու իրենց օջախն ու հարազատներին, չնայած «Հեզբոլլահ»-ն ու Իսրայելը զգուշացրել էին, որ ժողովուրդը միանգամից չներխուժեն բնակարաններ։ Բայց ժողովուրդը շտապում է տեսնելու՝ կա՞ն արդյոք իրենց տները, թե՞ ոչ։ Չնայած ավերածություններին, ժողովուրդը համարում է, որ հաղթել է։

Պարոն Շխրտմյան, իսկ հայ համայնքում հակամարտության սրման սկզբից մինչ այսօր ի՞նչ իրավիճակ է, արդյո՞ք հայ համայնքն իր տեղում է, թե՞ շատերն են հեռացել։

Բարեբախտաբար, այս պատերազմի սկզբնական շրջանից սկսած հայ համայնքը բավականին հեռու է վտանգավոր շրջաններից, հայ համայնքը ապահով հատվածներում է։ Երեկ, օրինակ, երբ Իսրայելը «կույր» ռմբակոծումներ էր իրականացնում մայրաքաղաք Բեյրութի վրա, հայաբնակ որոշ շրջանների վրա էլ ռումբեր տեղացին։ Պետք է ասեմ, որ հայ համայնքը իր բոլոր միավորներով՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ու Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ ու անմիջական հովանավորությամբ, հայկական քաղաքական կուսակցությունները, բարեսիրական միությունները միասնաբար և գաղթականներին և տեղահանվածներին մարդասիրական օգնություն էին տրամադրում, կեցավայրեր էին տրամադրում ու տրամադրում են մինչ այսօր։ Օգնությունները սկսվել ու շարունակվում են մինչև այսօր։

Կարդացեք նաև

Back to top button