Թեպետ սկզբնապես մտածում էր իրավաբան դառնալու մասին, բայց ճակատագրի բերումով հայտնվեց թատերական ինստիտուտում: Թատերագետի հմտություններն, իհարկե, հետագայում շատ պետք եկան, սակայն առանցքային դերակատարում ուներ մաթեմատիկական մտածողությունը:
Նա հստակ գիտեր, թե ինչով է ուզում զբաղվել՝ պրոդյուսերական աշխատանքով: Խորհրդային տարիներից հետո հայկական կինոյի ծանր վիճակում և անորոշ ապագայի պայմաններում որոշեց բացահայտել այդ դժվարին, բայց չափազանց հետաքրքիր աշխարհը: Համոզված էր, որ ցանկացած գործ պետք է հետաքրքիր լինի, եթե ուզում ես հաջողել: Սկզբնական փորձառությունը սկսեց հեռուստատեսությունում՝ իրականացնելով իր երազանքը՝ հայտնվելով հեռուստատեսային կախարդական աշխարհում:
Պրոդյուսերական ոլորտում հաջողության գրավականը բիզնես մտածողությունն է և բիզնեսում փորձառությունը: Ամեն ինչում հաշվարկն է կարևոր, և պրոդյուսերական աշխատանքի հիմքում հենց ճիշտ հաշվարկն է դնում: Այսօր հայկական ֆիլմարտադրության թույլ կողմը սցենարական աշխատանքն է: Ստեղծել դրամատուրգիա, որը լինի հետաքրքիր, որակյալ և վաճառելի՝ դրան հասնելու համար ժամանակ ու փորձառություն է անհրաժեշտ:
«Անհայտ բաժանորդը» առաջին ֆիլմն էր, որի պրոդյուսերը Արման Միտոյանն էր: Ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ համագործակցությունը հիանալի ստացվեց, և այդ աշխատանքը մինչ օրս առանձնանում է նրա համար:
Երբ հաջողվում է ստեղծել որակյալ աշխատանք, այլևս հետ գնալու իրավունք չկա: Հաջորդը պետք է լինի մեկ քայլ առաջ, այլ ոչ թե հետ: Ազատությունից թանկ բան չկա. երբ որոշումներ կայացնելու մեջ ազատ ես և ժամանակդ ինքդ ես պլանավորում, ավելի հեշտությամբ կարող ես հաջողել:
Արման Միտոյանը լիահույս է, որ հեռու չէ այն ժամանակը, երբ հայկական ֆիլմարտադրողները կկարողանան գործակցել միջազգային խոշոր կինոընկերությունների հետ: