
Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամ Բաքվում ընթացող COP 29-ի առիթով հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ազատ արձակել հայ ռազմագերիներին և պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս կոչին միացել են Բելգիայի առաջատար քաղաքական կուսակցությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների և արդարության հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Փորձագետները նկատում են, որ Բելգիայի խորհրդարանների անդամների հայտարարությունը ևս մեկ կարևոր քայլ է միջազգային հանրության կողմից՝ բարձրացնելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը։ Այն ընդգծում է, որ նույնիսկ միջազգային համաժողովների շրջանակում կարելի է կարևորել մարդու իրավունքներն ու արդարությունը՝ որպես խաղաղության հասնելու հիմնական ուղի։
Բաքվում ընթացող COP 29-ի շրջանակում Բելգիացի քաղաքական գործիչներն իրենց հայտարարությամբ ներկայացրել են երեք հիմնական պահանջ.
«Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, ԼՂ հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքից, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում»,-ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Բելգիայի հիմնական քաղաքական կուսակցությունները։ Բելգիացի քաղաքական գործիչները նշում են, որ Ադրբեջանը, լինելով COP 29-ի ընդունող երկիր, պարտավոր է հավատարիմ մնալ մարդու իրավունքների, արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։ Նրանք հիշեցնում են 2020 թվականի դեկտեմբերից հետո Բելգիայի տարբեր խորհրդարաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերը, որոնք համահունչ են նաև Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը։
Այս համատեքստում Բելգիայի կառավարությանը կոչ է արվել գործել խորհրդարանական բանաձևերի ոգուն համապատասխան՝ պահանջելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան գործողություններ։

Բելգիայի հայկական համայնքի անդամ, Արմինե Հարեյանը, որն այս տարվա հունիսին «Բարեփոխումների շարժում» կուսակցության կողմից առաջադրվել էր ԵԽ ընտրությունների թեկնածու, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց. «Իհարկե, նման նախաձեռնությունները կարևոր են։ Դրանք կոտրում են միջազգային անտարբերությունը։ Որքան շատ լինեն նման հայտարարություններ, այնքան ավելի ուժեղ կլինի դրանց ազդեցությունը խաղաղության ընթացիկ բանակցությունների վրա։ Այսպիսի հայտարարությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունն անտարբեր չէ ինքնիշխանության խախտումների, մարդու իրավունքների ոտնահարման կամ մշակութային ժառանգության ոչնչացման նկատմամբ։ Սակայն այս հայտարարությունները արդյունավետ կլինեն, եթե միջազգային հանրությունը գնա հայտարարություններից անդին և կենտրոնանա գործողությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, մշտական դիվանագիտական ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա այս պահանջները կատարելու համար»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ թեպետ նման հայտարարություն-կոչերն այս պահին Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունեն, սակայն մեզ համար կարևոր են երկարաժամկետ առումով.
«Սա ևս ինչ-որ իմաստով նպաստում է, որպեսզի, ի վերջո, այս պետությունները հստակ դիրքորոշում որդեգրեն Ադրբեջանի նկատմամբ։ Սրանք մեզ համար ավելի շատ երկարաժամկետ ժամանակահատվածում, այսպես ասենք, քաղաքական կապիտալ են՝ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում օգտագործելու համար»։
ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել բելգիացի քաղաքական գործիչների հայտարարությանը, սակայն նախորդիվ հայկական կողմը պարբերաբար կարևորել է նման միջազգային կոչերը տարածաշրջանում խաղաղության հաստատումը երաշխավորելու գործում։ Հայաստանի ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է Ադրբեջանի գործողությունների՝ տարածաշրջանի անվտանգության վրա բացասական ազդեցությունը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տարբեր հանդիպումներում շեշտել է, որ ադրբեջանական առավելապաշտական մոտեցումները մեծապես խոչընդոտում են խաղաղության հաստատմանը և կարևորել միջազգային հանրության ակտիվ միջամտությունը։

Միրզոյանի և Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի վերջին հանդիպումը Վաշինգտոնում այս տարվա հուլիսի 10-ին էր․ քննարկել են երկկողմ գործակցության հարցեր և տարածաշրջանային զարգացումները։
Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի՝ բելգիացի քաղաքական գործիչների հայտարարությունը կարող է օրինակ դառնալ եվրոպական այլ երկրների քաղաքական գործիչների համար, ինչը, սակայն, նրա գնահատմամբ, կախված է ոչ միայն Հայաստանի պաշտոնական քաղաքականությունից.
«Կարծում եմ, կախված է լինելու ո՛չ միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականությունից, այլև՝ ոչ հրապարակային դիվանագիտության և հանրային դիվանագիտության աշխատանքից։ Մեծապես դրանով է պայմանավորված, թե որ երկրները կամ որ երկրների ներկայացուցիչները հանդես կգան այդպիսի հայտարարություններով»։
«Ռադիոլուրի» զրուցակիցը չափազանց բարձր է գնահատում հայկական Սփյուռքի դերակատարումը և ազդեցությունը հայանպաստ հայտարարությունների համատեքստում»։




