
Պոլսում այսօր վախճանվել է Հայ առաքելական եկեղեցու ավագագույն հայրերից մեկը՝ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանը։ Սրբազան հայրն իր մահկանացուն կնքել է այսօր առավոտյան՝ Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում։
Գարեգին Սրբազանը 1992- 2018 թվականներին եղել է Գերմանիայի առաջին՝ նորահաստատ թեմի առաջնորդը։
Կ. Պոլսի Սահակ Բ Պատրիարքը բոթն արդեն հայտնել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, գրում է եվրոպահայերի «Օրեր» պարբերականը։
Սրբազան հոր մարմինն արդեն փոխադրվել է Պոլսի Ս. Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցի։
Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանը ծնվել է 1942 թվականին Ստամբուլում, նախնական կրթությունն ստացել է Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարանում, ապա Սկյուտարի Ս. Խաչ դպրեվանքում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Ստամբուլի համալսարանում, ապա մեկնել Գերմանիա եւ սովորել Բոննի եւ Բոխումի համալսարաններում։
Կուսակրոն քահանա է ձեռնադրվել 1965-ին։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 1992-ին ստացել եպիսկոպոսի, Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ 1998-ին արքեպիսկոպոսի աստիճան։




