ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր դասագրքեր, բարձր աշխատավարձ և անավարտ դպրոցաշինություն․ կրթական համակարգի բարեփոխումները

ԵՄ-ի հետ կրթական երկխոսությունը ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները քննարկելու լավ առիթ է։ Անցնող տարին մարտահրավերային էր հանրակրթական 7 դասարաններում նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների ատեստավորման գործընթացը շարունակելու տեսանկյունից՝ ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծում է՝ նոր ռազմավարության արդյունքում բարձրացել է ուսուցչի մասնագիտության գրավչությունը․ 2024-ին ավելի քան 3000 նոր ուսուցիչ է մտել համակարգ․

«Հատկապես ուրախալի է, որ դպրոց նոր մտած ուսուցիչների մեջ մեծ համամասնություն են կազմում երիտասարդ տարիքի՝ մինչև 40 տարեկան ուսուցիչները։ Նրանք կազմում են նոր մուտք գործած ուսուցիչների 60 տոկոսը, ինչը բավականին մեծ, լուրջ թիվ է։ Շատ եմ կարևորում, որ նոր ուսուցիչների շուրջ 56 տոկոսը մարզային համայնքներում են աշխատում»։

2024-ին ամենաբարդը հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչներով դասագրքրերի ստեղծումն էր՝ ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Այդ գործընթացը, թեև հանրային ու մասնագիտական բուռն քննարկման ու քննադատության արժանացավ, նախարարության ներկայացուցչի կարծիքով՝ ամենահաջողված ծրագրերից մեկն էր․

«Չեմ վախենա ասել՝ հեղափոխական գործընթացներից էր, որովհետև տարիներ շարունակ միայն մեկ ընթացակարգ կար, որով տպագրվել են դասագրքերը։ Անցյալ տարվանից մենք տպագրել ենք նոր դասագրքեր, ինչը, բնականաբար, մեծ դիմադրության նաև արժանացավ, բայց մենք, կարող եմ ասել, որ հաջողել ենք, որովհետև դասագրքաստեղծ պրոցեսում հայտվել են նոր մարդիկ, նոր ուուցչկան խմբեր, նոր կազմակերպություններ»։

Բայց անշրջանցելի խնդիրներ կան՝ ասում է Սվաջյանը։ Որոշ դասագրքեր դեռ չեն ստեղծվել, որոշները՝ տպագրվել են, բայց չեն երաշխավորվել․

«Մենք ունենք խնդիր օտար լեզուների դասագրքերի հետ կապված, մասնավորապես, ֆրանսերենի, գերմաներենի հետ կապված։ Այս առումով դեսպանատների հետ ենք աշխատում, որպեսզի փորձենք այս դասագրքերի հարցը ևս լուծել։ Ունենք որոշ դասագրքեր, որոնք չեն ստեղծվել, մասնավորապես, ավագ դպրոցի դասագրքերն են մեզ անհանգստացնում։ Օրինակ՝ քննարկված «Հայոց պատմության» դասագիրքը չունենք, որը միջին դպրոցում բազմաթիվ քննարկումների առիթ տվեց, և 10-րդ դասարանի համար «Հայոց պատմության» մեկ դասագիրք ենք ունեցել, որը չերաշխավորվեց»։

10-րդ դասարանցիները սեպտեմբերից «Հայոց պատմություն» դասագրքի փոխարեն թղթապանակներով են գնացել դպրոց, ուսուցիչներն էլ օգոստոսից վերապատրասվում են՝ առանց դասագրքրի դասապրոցեսը կազմակերպելու համար։ Սվաջյանի խոսքով՝ սա կարող է նախադեպային լինել, չի բացառվում, որ մյուս առարկաների դեպքում էլ կիրառվի նման ձևաչափը։ Այդպիսով, մանրամասնում է փոխնախարարը, զարգանում է սովորողների ստեղծագործական, քննադատական մտածողությունը․

«Սա մեզ համար ևս մեկ մարտահրավեր էր, որպեսզի ավագ դպրոցում նոր մոտեցումների ներդրումներ անենք, որովհետև այն տրամաբանությունը, որով մենք ուզում ենք ավագ դպրոցում կազմակերպել ուսումնական պրոցեսը, չի կարող սկսվել և ավարտվել մեկ դասագրքով։ Դպրոցում խորացված որևէ առարկա կամ առարկաներ ուսումնասիրելու հնարավորություն պիտի ունենան սովորողները, հետևաբար ուսուցիչը պետք է պատրաստ լինի՝ ունենալու ուսումնական թղթապանակներ, լրացուցիչ նյութեր, որոնք այս կամ այն առարկան խորացված ուսումնասիրելու հնարավորություն կընձեռեն»։ 

Այս տարվանից ուսուցիչների կամավոր ատեստավորումը էլեկտրոնային եղանալով է իրականացվել, ինչը մի կողմից խնայել է նրանց ժամանակը, մյուս կողմից՝ անհանգստությունների տեղիք տվել։ Նախարարությունը դեռ ստանում է ուսուցիչներից բողոքներ, թե այս կամ այն առարկայի հարցերը ավելի բարդ են, քան մյուսներինը․

«Մենք էստեղ դեռևս մարտահրավերներ տեսնում ենք առարկաների բարդության գործընթացի համաչափեցման առումով, որովհետև, այնուամենայնիվ, դեռևս լսում ենք անհանգստություններ ուսուցիչներից, որ այս կամ առարկան ավելի հեշտ է, կամ բարդ է եղել։ Նաև մտածում ենք ատեստատային բարեփոխման բովանդակային ուղղությամբ աշխատել»։

Այս պահին որակավորման տարակարգ է շնորհվել 1268 ուսուցիչների, որոնց աշխատավարձը բարձրացել է 30-50 տոկոսով՝ ըստ որակավորման աստիճանների։ Ամենաբարձր՝ 4-րդ տարակարգ ունի 34 ուսուցիչ։ Սվաջյանը նաև կառավարության «Մինչև 2026-ը՝ 300 դպրոց ու 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման» ծրագրին անդրադարձավ։ 364 մանկապարտեզներից 157-ում արդեն ավարտվել են աշխատանքները, ընդ որում, սրանք այն հաստատություններն են, որոնք ամբողջությամբ վերակառուցվել կամ հիմնանորոգվել են, նշեց փոխնախարաը։ Դպրոցների դեպքում պատկերը այլ է, 300-ից դեռ իրականություն է դարձել միայն 35-ը․

«Բայց 2025-ը շատ մարտահրավերային է լինելու մեզ համար այն առումով, որ բազմաթիվ դպրոցներ՝ 200-ից ավելի շինարարության փուլում են, և կարծում եմ՝ գաղտիք չէ, թե որքան բարդ է մեր երկրում շինարարական գործընթացները վերահսկելը, հետևաբար մենք բազմաթիվ խնդիրների ենք բախվում և բազմաթիվ փոփոխությունների գնում»։ 

Իրականացված գրեթե բոլոր ծրագրերից անմասն չի մնացել Եվրոպական Միությունը։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը թվարկեց՝ հատկապես մեծ են Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության ոլորտում ներդրումները․

«Մենք աջակցել ենք ԲՏՃՄ (STEM) լաբորատորիաների գործունեությանը, ներդրումներ ենք կատարել միջնակարգ դպրոցների և նախակրթարանների վերակառուցման, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության և արտադասարանային պարապմունքների ուղղությամբ: Այս բոլոր ուղղություններով և կրթությունից անդին շատ կարևոր է շարունակել ներգրավել երիտասարդներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նշանակալից դեր ստանձնելու և նպաստելու քաղաքականությունների մշակմանը»։

Համաժողովին զուգահեռ անցակացվեց կրթական էքսպո։ Կրթական և ՏՏ 9 կազմակերպություններ ներայացրին իրենց ծրագրերը, որոնք ուղղված էին հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։

Կարդացեք նաև

Back to top button