Երաժշտական եռանկյունի

Ջոն Սարգսյան. սփյուռքահայ կոմպոզիտոր. «Երաժշտական եռանկյունի»

Երբ խոսում ենք հայ կոմպոզիտորական արվեստի մասին, հաճախ հիշատակում ենք «դպրոց» եզրույթը, նկատի ունենալով այն կրթական ավանդույթը, որի շնորհիվ ձևավորվեց հայ ակադեմիական կոմպոզիտորական դաշտը։

Մինչդեռ աշխարհում գործում են հայ կոմպոզիտորներ, որոնք անցնում են սեփական ճանապարհներով։

Ջոն Սարգսյանը ծնվել է Թեհրանում, կոմպոզիցիա և դաշնամուր է սովորել Իտալիայում, ապա Միացյալ Նահանգներում՝ ավարտելով UCLA համալսարանը և Բոստոնի New England կոնսերվատորիան։ Նրա ուսուցիչներից են եղել կանադացի լեգենդար դաշնակահարուհի Ջոանա Հարրիսը և ամերիկացի մեծ կոմպոզիտոր Ջոն Կորիլյանոն։

Սարգսյանի երաժշտությունը հնչել է Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Իսլանդիայում, Լեհաստանում, Հայաստանում, Պարագվայում, Բուլղարիայում, Իրանում, Թայվանում, հեռարձակվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Իսլանդիայի և Հայաստանի հեռուստա-ռադիո ալիքներով։

Նրա երաժշտությունը կատարել են Հասմիկ Պապյանը, Keith Lockhart-ը, Գայանե Գեղամյանը, Արմեն Բաբախանյանը, Եղիշե Մանուչարյանը, Արամ Ղարաբեկյանը, Մայքլ Բրուսսոն, Gottlieb Wallisch-ը, Anna Maria Pammer-ը, Maria Knapik-ը, Esther Budiardjo-Pickett-ը, Doriot Anthony Dwyer-ը, Կարինե Բաղդասարյանը, Սուսաննա Մարտիրոսյանը և շատ ուրիշներ։ Կատարող անսամբլների թվում են նշանավոր Boston Pops նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Orquesta Sinfónica de la Ciudad de Asunción-ը, Իսլանդական երիտասարդական նվագախումբը, Օտտավայի կամերային նվագախումբը, Arden լարային քառյակը, և այլն։ Ստեղծագործությունները հնչել են Carnegie Hall-ի, Boston Symphony Hall-ի, Jordan Hall-ի, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Siglufjord երաժշտական փառատոնի և բազմաթիվ ուրիշ բեմահարթակներից։ Որպես դաշնակահար, Սարգսյանը հանդես է եկել Հայաստանում, Իրանում, Գերմանիայում, Ավստրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։

Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի, ինչպիսիք են Լեհաստանի «Muzyka Ogrodowa» միջազգային մրցույթի Առաջին մրցանակը, Կալիֆորնիայի Armenian Allied Arts Association-ի ամենամյա  մրցույթի Առաջին մրցանակը, Օտտավայի համալսարանի 2014 Ottawa Summer Music Camp-ի ռեզիդենտ կոմպոզիտորի կոչումը և այլն։ Հրավիրյալ դասախոս է եղել Միչիգանի Ann-Arbor և Թայվանի Յանգ-Մինգ ազգային համալսարաններում։

2009-ին Երևանում Սարգսյանը հիմնադրել է Հայ-Ավստրիական երա-ժշտական փառատոնը և եղել համատնօրենը։ Նա նաև վարել է Ottawa New Music Creators կազմակերպության (2011) և Օտտավայի Հայ Մշակութային Կազմակերպության (2014-15) տնօրենի պաշտոնները:  Փարիզի «Տիգրան Չուհաճյան» միջազգային ինստիտուտի երաժշտական բաժնի գլխավոր խմբագիրն է:

Ջոն Սարգսյանը հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, բեմական, խմբերգային, վոկալ և մենակատարների համար գրված ստեղծագործությունների։  

Կարդացեք նաև

Back to top button