ԿարևորՄշակույթ

Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա է եղել նախարար Ժաննա Անդրեասյանը, որը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին:

«Թանգարանն այն վայրն է, որտեղ, բացի նմուշներ տեսնելուց, պետք է զգալ ամենակենդանի միջավայրը: Այս թանգարանը դրա լավագույն վկայությունն է, որտեղ զգում ես շունչը, տրամադրությունն ու շարժումը, լսում ես ձայները»,- ասել է նախարարը:

Նախարարին ներկայացվել է՝ Ալեքսանդր Սպենդիարյանը սիրել է հյուրերի համար անակնկալ նվագել, և թանգարանն էլ ավանդույթ ունի տարվա մեջ բացառիկ դեպքերում հնչեցնելու նրա դաշնամուրը: Այդ առիթներից մեկը պատանի սպենդիարյականների երդման արարողությունն է, երբ Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոց ընդունված ավելի քան 150 առաջին դասարանցիներն առաջին քայլը սկսում են հենց կոմպոզիտորի տուն-թանգարանից, և այդ առիթով երեխաներից մեկին հնարավորություն է տրվում նվագելու այդ գործիքով։

Ցուցադրությունը համալրվել է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը:

Ինտերակտիվ նոր ձևաչափով ներկայացված է կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն տվել նորերի ստեղծմանը:

Կարդացեք նաև

Back to top button