ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

2025–ի բյուջեի աննախադեպ տողը․ ի՞նչ նպատակով է ավելանում Հայաստանի պաշտպանական բյուջեն

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում բյուջետային ամենամեծ հատկացում ունեցող երկու ոլորտներից առաջինը սոցիալական է, երկրորդը՝ պաշտպանականը։ Եկող տարի երկրի անվտանգությանն ուղղվող հատկացումներն արդեն գնահատվել են որպես աննախադեպ։
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսել են քննարկել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը՝ ճյուղ առ ճյուղ։ Մինչև նոյեմբերի 7–ը կարվեն վերջնական շտկումները, ապա 2025–ի պետբյուջեի նախագիծը կընդգրկվի նոյեմբերի 12–ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։

ՀՀ կառավարությունը հաջորդ տարի մտադիր է ավելի քան 660 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ 700 միլիոն դոլար ուղղել պաշտպանության ոլորտին։ Հայաստանի անվտանգությանն ուղղվող ծախսերի մասին խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664.7 միլիարդ և 20%-ով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով պաշտպանությանն ուղղվող ծախսերը: Արդյունքում՝  պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ 6%-ը և 2024 թվականի համեմատ ավել կլինեն 0.7%-ային կետով։ Սա ամենաէական մասն է մեր բյուջեի, որովհետև այստեղ է կենտրոնացած մեր ամբողջ ուժը, այսինքն՝ այն պոտենցիալը, այն ուժը, որը մենք այս տարի դնում ենք, դա պաշտպանության ոլորտի զարգացման մեջ է»:

Նշված հատկացումները վերլուծաբաններն արդեն աննախադեպ են որակել։

Հայաստանի պաշտպանական բյուջեի զգալի մասը, ըստ գործադիրի զեկույցի, ուղղվելու է ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, սպառազինության ձեռքբերմանը։ Փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ որքան դրամ է պետությունը տրամադրելու հենց սպառազինության գնմանը։ Նմանատիպ հարցերը չի պարզաբանում նաև Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը․

«Դա հայտարարելու բան չէ»։

Հայաստանի պաշտպանական բյուջեն խորհրդարանում քննարկվել է դռնփակ։ Այնուամենայնիվ, մասնագիտական տարբեր գնահատումներով՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը դեռ շեշտակի զիջում են Ադրբեջանի ռազմական բյուջեին, որը 2025-ին գրեթե կրկնակի գերազանցելու է Հայաստանի բյուջեն։ Բաքուն մոտ 3.6 մլրդ դոլար է նախատեսում տրամադրել ռազմական ծախսերին։

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այս պահին ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Գնահատման այլ մեթոդաբանությամբ է բացատրում Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ միջազգային հանրությանն ուղղված զգուշացումները՝ COP29-ից հետո Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի մասին։

«Այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան ներկա դրությամբ։ Իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն։ Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է մեկ ամիս, երկու ամիս, այլ դիտարկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել վեց ամիս կամ մեկ տարի»։   

Ավելացվող պաշտպանական բյուջեն որևէ մեկի դեմ ուղղված չէ՝ հատուկ շեշտում է Ասրյանը՝ կիսելով վարչապետ Փաշինյանի դիտարկումը, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի օկուպացրած տարածքներն ուժային տարբերակով չեն ազատագրվելու։

«Այո, միանշանակ, ես համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով։ Այո, ես վստահ եմ։ Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»։

Դեռ երկու տարի առաջ Էդվարդ Ասրյանը կանխատեսում էր, որ Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժած և շրջափակման մեջ հայյտնված ադրբեջանցի զինվորները սննդի բացակայության պայմաններում հետ կքաշվեն։ Ինչո՞ւ են այսօր նրանք դեռ Հայաստանի տարածքում՝ Ասրյանն արդեն չի պատասխանում․

«Ասել եմ՝ դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է։ Դուք արդեն կոնկրետ ուզում եք ԳՇ պետին ասեք, որ գլխավոր  շտաբի պետը պետք է զենք վերցնի և գնա այնտեղից հանի։  Ճիշտ հարց չեք տալիս ինձ։ Ես այդ հարցին չեմ պատասխանում»։

Պաշտպանական բյուջեի ավելացման թեման առանցքային ու զգայուն է նաև հայ-ադրբեջանական բանակցություններում։ Իր սպառազինության իրական ծավալը ստվերելով՝ Ադրբեջանը պարբերաբար դժգոհում է Հայաստանի պաշտպանական ծախսերից և անգամ կրճատման պահանջներ է ներկայացնում։ Դրան ի պատասխան Հայաստանը նախ առաջարկել է սպառազինության վերահսկման մեխանիզմ ստեղծել, ինչն Ադրբեջանը չի ընդունել, և երկրորդը՝ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՄԱԿ կանոնադրությամբ և միջազգային օրենքներով՝ «ցանկացած պետություն ունի պաշտպանվելու իրավունք»։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել և հաստատել է․ ՀՀ–ն որևէ ագրեսիվ նպատակ չունի իր ոչ մի հարևանի նկատմամբ։

Երկրի անվտանգության տեսանկյունից որոշակի քայլեր արել է նաև Հայաստանի անվտանգության խորհուրդը։ Կառույցի ղեկավարը հուլիսին հայտարարել էր, որ հաստատվել է համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգը։ Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ ձեռնարկվող քայլերն ամբողջության մեջ կնվազեցնեն հնարավոր սպառնալիքները և Հայաստանը կդարձնեն ավելի անվտանգ։ Երկրի դիմակայունության կարևոր բաղադիչներից մեկը համարվում է անվտանգային դիվերսիֆիկացիան։

«Հայաստանն ունի բավարար կարողություն հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու և այստեղ բազմաթիվ գործիքներ կան: Շատ կարևոր է մեզ համար դիվերսիֆիկացիան, այսինքն՝ կախվածությունը: Մենք հաճախ ներկուսակցության քննարկումներում ասում ենք՝ մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ, որ մեկը մոնոպոլիա չունենա: Նաև շատերի կախվածությունն է մեզնից ավելացնել, փոխկախվածություն լինի, ինչը, մենք համոզված ենք, որ կայունության գործոն էլ է հատկապես տարածաշրջանի կոնտեքստում։ Այստեղ աշխատանքները պետք է տարվեն տարբեր ուղղություններով: Անվտանգության ոլորտում մենք որոշակի դիվերսիֆիկացիա ունենք»:

Արմեն Գրիգորյանը բացատրել էր, որ դիվերսիֆիկացիան վերաբերում է նաև սպառազինության գնումներին։ Ըստ ծրագրերի՝ Հայաստանը նախատեսում է ունենալ ռազմատեխնիկական համագործակցության մի քանի ուղղություն։ Յուրաքանչյուր կողմից ձեռք բերվող սպառազինությունը չպետք է գերազանցի պահանջարկի 20 տոկոսը, որպեսզի կախվածությունն իր հետ ռիսկեր չբերի։

Պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի առումով Ֆինանսների նախարարը նախորդիվ «Ռադիոլորին» նաև տեղեկացրել էր, որ եկող տարվա բյուջեով միակ ավելացումը պաշտպանական ոլորտի ծախսերի գծով է, ընդ որում՝ ոչ միայն ՊՆ-ի, այլև ԱԱԾ-ի մասով՝ ուղղված սահմանների կահավորմանը։

Կարդացեք նաև

Back to top button