ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Կազանում. օրակարգում ամենասուր ճգնաժամերն ու բազմաբևեռ աշխարի ձևավորման հարցերն են

Կազանում այսօր մեկնարկել է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են 36 երկրի ղեկավար և 6 միջազգային կազմակերպություն: Հատկանշական է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությունը։

«Ռոյթրզ»-ի փոխանցմամբ՝ BRICS-ի ամենամյա գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ինչպես նաև Բրազիլիայի, Իրանի, Հայաստանի, Եգիպտոսի և Բոլիվիայի ղեկավարները։ Կրեմլը, ի թիվս այլոց, հրավեր է ուղարկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։  

Կազանի քաղաքապետարանում կազմակերպված բարեկամական ճաշկերույթով է մեկնարկելու BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը։ Մինչև հոկտեմբերի 24-ը հավաքի ընթացքում քննարկվելու են գլոբալ և տարածաշրջանային խնդիրները՝ կապված քաղաքականության, անվտանգության, տնտեսության և բազմաբևեռ աշխարհի ձևավորման հետ։  

Գագաթնաժողովի շուրջ հետաքրքրությունը զգալի է նաև Կազանի բնակիչների շրջանում։ Նրանք արտահայտում են իրենց կարծիքները՝ համոզմամբ, որ այս հանդիպումը կարևոր դեր է խաղալու միջազգային համագործակցության մեջ։ 

Սերգեյ Բուտկոն, օրինակ, ասում է, որ BRICS-ի գագաթնաժողովի նկատմամբ ունի ամենադրական վերաբերմունքը։

«Իհարկե, դա ոչ ֆորմալ համայնք է, բայց դա նաև միավորում է, դա համախմբում է, համագործակցություն է։ Կարծում եմ՝ դա մեր ապագան է: Որովհետև մեկ զինվորը կռիվ չի անում: Մենք միշտ նպատակ ենք ունեցել ռազմավարական համագործակցության մեր գործընկերների հետ, այո՛, նրանք հիմա բարեկամ երկրներ են»։  

Կազանի բնակչուհի Մարիան էլ համոզված է, որ BRICS-ի այս գագաթնաժողովը նոր հորիզոններ է բացում Ռուսաստանի համար, քանի որ միանում են ավելի շատ երկրներ։

«Այդպիսով, նոր հնարավորություններ և նոր հորիզոններ կհայտնվեն ինչպես տարբեր երկրների քաղաքացիների, այնպես էլ տարբեր քաղաքական գործիչների համար. միշտ պետք է նկատի ունենալ աշխարհաքաղաքականությունը։ Հավանաբար դա կլինի նոր զարգացում, նոր փուլ այլ երկրների հետ հարաբերություններում»։

Գագաթաժողովն առաջին անգամ է անցկացվելու «տասնյակի» ձևաչափով՝ 2023-ին ընդունված նոր մասնակիցներով՝ Եգիպտոս, Իրան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիայ և Եթովպիա։ BRICS-ի ընդլայնումն ամենակարևոր զարգացումներից մեկն է։ Տասնյակից բացի՝ Կազան են ժամանել նաև Հարավի և Արևելքի այլ երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են միավորման հետ համագործակցությամբ: Ընդհանուր առմամբ՝ 36 երկիր և 6 միջազգային կազմակերպություն են մասնակցում միջոցառմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գոտերեշն է նաև գագաթնաժողովի մասնակիցների թվում։  

Ռուսական կողմը, հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է BRICS-ի անդամ երկրների ընդհանուր արժեքների և դիրքորոշումների հիման վրա համագործակցելու կարևորությունը։ Կազմակերպությունն ունի լավ, կայուն և հուսալի հեռանկարներ՝ գագաթնաժողովից առաջ համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահը․

«Այս վստահությունս հիմնված է նրա վրա, որ մենք իրականում ունենք ընդհանուր արժեքներ, ընդհանուր ըմբռնում այն մասին, թե ինչպե՞ս պետք է կառուցել հարաբերություններն իրար հետ»: 

Ռուսաստանի առաջնորդը Կազանի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսում է մոտ 15 երկկողմ հանդիպում: Հաշվի առնելով լիագումար միջոցառումներին մասնակցությունը՝ Պուտինի օրակարգը Կազանում այնքան հագեցած կլինի, որ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը նույնիսկ նշել է, թե՝ «այստեղ արդեն նախապես ուզում ես խղճալ մեր նախագահին»:   

Հայաստանի տեսանկյունից հետաքրքրություն է առաջացնում վարչապետ Նիկոլ 
Փաշինյանի մասնակցությունը BRICS-ին, թեև նա ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում BRICS-ին ինտեգրվելու հարցը։ Այնուամենայնիվ, մասնակցությունն ընդգծում է Հայաստանի կարևորությունը տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։

Միջազգային հարաբերությունների փորձագետ՝ Ալեքսեյ Կուզնեցովը նշում է, որ BRICS-ի ընդլայնումը ցույց է տալիս բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման ուղղությամբ քայլերը, որտեղ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ՝ որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Փաշինյանի մասնակցությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային դիվանագիտության գործընթացներում։

BRICS-ին մասնակցության հարցով, սակայն, հայաստանցի փորձագետների շրջանում տարակարծություն կա։

Երկրի ղեկավարի մակարդակով կազանյան գագաթնաժողովին մասնակցությունը քաղաքագետ Արեգ Քոչինյանը կոպտագույն սխալ է համարում, քանի որ, ըստ նրա, դա չի ընկալվի արևմտյան գործընկերների կողմից.

«Որովհետև մինչև այս պահը տեղի ունեցած ինտեգրացիոն գործընթացները, համագործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի և Արևմուտքի միջև, մեծագույն հարված կապրի Հայաստանի և, ըստ էության, հակաարևմուտքի միջև նման հանդիպման պարագայում, որովհետև ԲՐԻԿՍ-ը ձևավորվել է ի սկզբանե որպես հակաարևմուտք։ Ուրիշ ոչ մի այլ բան իրար հետ կապող պետությունները չունեն, որոնք որ մասնակցում են այդ միջոցառումներին, այդ ինտեգրացիոն գործընթացներին»։

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ BRICS-ը բազմիցս հայտարարել է՝ այս միավորումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ հակառակը՝ լրացնող նշանակություն ունի։ Մանասերյանի ձևակերպմամբ՝ որպես ռազմավարական դաշինք, BRICS-ն արդեն կայացել է և շարունակում է ընդլայնվել ու միավորմանն անդամակցում են Հայաստանի բարեկամ երկրներ, ուստի, փորձագետի խոսքով, ինտեգրումը և մասնակցությունը համատեղ նախագծերին չափազանց կարևոր են: Տնտեսագետի ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է ակտիվորեն ինտեգրվի BRICS-ին` հատկապես հաշվի առնելով կազմակերպության մասնակիցների հետ արդեն գոյություն ունեցող ամուր տնտեսական կապերը։

«Հայաստանի Հանրապետությունը ավելի պետք է խորացնի հիմնադիր մյուս անդամների հետ կապերը, մասնավորապես՝ Չինաստանի, Հնդկաստանի, և պետք է ասեմ, որ այս գերտերությունները հենց այդպես էլ դիտարկում են համագործակցությունը Հայաստանի հետ, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է մեր երկիրը, էնպիսի ձևաչափ է ներկայացնում, որը հնարավորություն է ընձեռել Հայաստանին էապես բարելավել տնտեսական ցուցանիշները, ներառյալ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով»։

Չնայած Հայաստանն այս պահին չի դիտարկում BRICS-ին ինտեգրվելու տարբերակը, տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները, փորձագետի համոզմամբ, կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման վրա։

Կարդացեք նաև

Back to top button