
Ստեղծագործությունը զարգացման նախապայմանն է։ Երաժշտության ասպարեզում ստեղծագործական և կատարողական տիրույթները կապված են միմյանց հետ, բայց հաճախ կատարողը ուշանում է, և կոմպոզիտորի ստեղծագործությունը «ի հայտ» է գալիս նույնպես ուշացած։ Երաժշտության պատմությունը հարուստ է նման օրինակներով։
21-րդ դարը իր սրընթաց տեխնոլոգիական ընթացքով նույնիսկ այդ ասպարեզում հեղափոխական փոփոխություններ է խթանում։ Այսօր, ժամանակակից կոմպոզիտորը, աշխատելով համակարգչի հետ, հենց ստեղծագործելու ընթացքում կարող է լսել իր ստեղծագործությունը, խմբագրել և փոփոխել այն։
«Մենք նախընտրում ենք աշխատել ավանդական ձևով՝ մատիտն ու թուղթը մեր «զենքերն են»։ Հատկապես պատանի հասակում երիտասարդ ստեղծագործողը՝ կոմպոզիտորը, պետք է անհրաժեշտ հմտություններ ձեռք բերի նոտագրելով սեփական ստեղծագործությունը, աշխատելով նյութի վրա», — ասում է կոմպոզիտոր, մանկավարժ Արփինե Կալինինա, որն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի մագիստրատուրան։ Վերադառնալով Հայաստան՝ նվիրել է իրեն կրթությանն ու մանկավարժությանը։
2007թ. հիմնել է հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն ու դաշնակահարն է ցայսօր: Անսամբլը նպատակ ունի տարածել հայ դասական երաժշտությունը (ակունքներից մինչև մեր օրեր) Հայաստանում և արտերկրում: 2010թ.-ից «Կանթեղը» ՀՀ կրթա-մշակութային օջախներում իրականացնում է համերգ-դասախոսություններից բաղկացած Կոմիտասյան համերգաշար. մինչ օրս տեղի է ունեցել 26 համերգ-դասախոսություն:
2013-2015թթ. Մեծ Բրիտանիայում կազմակերպել և բացառապես օտարազգի երաժիշտների կատարողական ուժերով իրականացվել է հայ դասական երաժշտության համերգներ: Ներկայումս Արփինե Կալինինան վարում է կոմպոզիցիայի դասարաններ 6 երաժշտական դպրոցներում՝ պարբերաբար կազմակերպելով հաշվետու համերգներ։
Հերթական համերգները կայացան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 14-ին և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի համերգային սրահում հոկտեմբերի 6-ին։ Համերգներին մասնակցեցին երիտասարդ կոմպոզիտորներ Հայկ Ջուլհակյանը (Պարոնյան Երաժշտական դպրոց), Արտաշես Մոսիկյանը (Պարոնյան երաժշտական դպրոց), Արթուր Գրիգորյանը (Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց), Սերոբ Գորոյանը (Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց), Արամ Թադևոսյանը (Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց), Հրաչյա Ղազարյանը (Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց), Գրիգոր Խաչատուրյանը (Չայկովսկու անվան երաժշտական դպրոց), Նատալի Եղիազարյանը (Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց), Լիանա Մազմանյանը (Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց), Նարեկ Դանիել Շուբինը (Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց), Զեփյուռ Նազարեանսը (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա):
Արփինեն հրավիրում է պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողների, որոնք սիրով կատարում են եկող սերնդի պատանի ստեղծագործողների կոմպոզիցիաները։ Այս անգամ հանդես եկան հետևյալ հրավիրյալ արտիստները՝ Գալինա Ցոլակյան (սոպրանո), Մարգարիտա Սարգսյան (սոպրանո), Աննա Տեր-Հովհաննիսյան (սոպրանո), Թերեզա Մարկոսյան (դաշնամուր)։
Հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացումը պայմանավորված է երիտասարդական ստեղծագործական լիցքերով, որոնք այսօր արդեն ասպարեզ են գալիս և ունեն հոգատար վերաբերմունքի, մասնագիտական խնամքի և աջակցության կարիքը։




