
«Երիտասարդական օպերային ծրագրի» մասկակիցները ելույթ են ունեցել Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի բեմում։
«Համերգը շռնդալից հաջողությամբ անցավ, և բծախնդիր ռուս երաժշտասերների համար բացահայտեց նոր հայկական խոստումնալից երգիչների, ինչը բարի համբավ է բերում ոչ միայն մեր ծրագրին, այլև հայ կատարողական արվեստին», — ասում է «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանը։
Մոսկվայում կայացած համերգից հետո երկու երկրների երիտասարդ օպերային կատարողները հանդես եկան նաև Հայաստանում։
«Երիտասարդական օպերային ծրագիրը» գործում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հովանու ներքո։ Ծրագրին մասնակցում են երիտասարդ տաղանդավոր երգիչներ ոչ միայն Հայաստանի մարզերից և մայրաքաղաքից, այլև արտասահմանյան երկրներից։ Մարի Մյուլլեր-Սիմոնյանը նույնպես ծրագրի մասնակից է և վերջերս Վիենայում արժանացել է «Բեթհովենյան մրցույթի» պատվավոր առաջին մրցանակին։
«Ինձ համար շատ կարևոր արդյունք է սա, 21 տարեկանում ես հաղթեցի շատ կարևոր մրցույթում, ինչը մեծ խթան է հանդիսանալու իմ հետագա օպերային կարիերայի համար», — ասում է Մարին։
Երգչուհին ծնվել է Փարիզում և մեծացել երաժշտական միջավայրում։ Նա դաշնակահար և երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Սովորել է Բուլոնի և Փարիզի կոնսերվատորիաներում՝ միաժամանակ երգեհոնի և երգեցողության բաժիններում։ 2023թ․-ից Մարին իր մասնագիտական ուսումը շարունակում է Երևանի երիտասարդական օպերային ծրագրում՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։




