ՀարցուԳԻՏԱփորձ

Իսկ ի՞նչ է հոգին․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Հոգին ամեն ինչում կա, բայց ստորացված է մարմնի առաջ, քանի որ գտնվում է նրա մեջ։ Խոշորագույն իմաստունները ասել են՝ նրա ազատության կրողը մաս մաքուր երկինքն է, և ուրիշ ոչինչ»։

Ծանիր զգքեզ՝ ասում է Ապոլլոնի տաճարի պատգամը՝ ինքնաճանաչման ուղին ամենաճշմարիտը համարելով։ Սակայն եթե ինքնաճանաչումը նպատակ է, ապա այն դատապարտված է ձախողման՝ ասում են մեծ մտածողները։ Նրանք գիտեն՝ ինքն իրեն փնտրող մարդը հոգի է գտնելու՝ անբացատրելի, չծանվող։

«Այսօր գիտական հետազոտություններ կան վերաբերող նրան, թե հոգի կա՞, ինչպիսի՞ն է այդ հոգին, կյանքից հետո կյանք կա՞, թե՞ չէ, ինչպիսի՞ն է էդ հոգու անմահությունը»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր խոսելու ենք հոգու մասին։

***

Հոգին մարդու երկվության գլխավոր և չբացատրվող ապացույցն է․ մարդը «բաղկացած է» մարմնից ու հոգուց։ Եվ եթե առաջինը հիմնականում հասկանալի, ուսումնասիրված է, երկրորդի մասին ոչ միայն պատասխաններ, այլ կարգին ձևակերպված հարցեր էլ չկան։ Ի՞նչ հարցնես մի բանի մասին, որը ոչ ձև ունի, ոչ չափ ու ծավալ, ոչ հոտ ու գույն, ոչ կոնկրետ գտնվելու վայր։ Որի ստեղծման, գոյության կերպի, սկզբի ու ավարտի մասին որևէ տեղեկության կողքին վերջնական ճշմարտության կնիք դնել հնարավոր չէ։

Եվ այնուամենայնիվ՝ անգամ այս պայմաններում այն եղել ու շարունակում է մնալ մշտական հարցականների տակ, ամենաորոնվածը և քննարկվածը։ Ի՞նչ գիտելիք է կուտակել մարդկությունը դրա մասին մինչ օրս, ի՞նչ տեսակետներ կան դրա գոյության, ձևի ու նպատակի մասին, ինչպե՞ս են դրան վերաբերվում կրոնն ու գիտությունը։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մեծն Բլես Պասկալն ասում է՝ մարդն իր ուսումնասիրություններում ողբերգական է, որովհետև վերևից, ներքևից և կենտրոնում սահմանափակված է անսահմանությամբ։ Այս պարադոքսալ արտահայտության մեջ է գտնվում մարդկության ու մարդու իրական ներաշխարհի ընկալումը՝ սահմանափակված է անսամանությամբ։ Ինչքան ուզում ես բարձրացիր տիեզերիք մեջ՝ միկրոաշխարհներ, գալակտիկաներ, մակրոգալակտիկաներ, մեգաալակտիկաներ և այլն, քո առջև սփռվում է անսահմանությունը։ Եվ ամենամեծ ողբերգությունը․ երբ մարդն ինքն է իրեն փորձում ուսումնասիրել, նրա առաջ ևս փռվում է անսահմանությունը։ Ինքն իր ներսում ևս անսաման է, որովհետև ունի հոգի»։

Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանն ասում է՝ ինչ հարցուփորձ ու գիտափորձ ուզում եք՝ արեք․ «Ի՞նչ է հոգին» հարցը չունի պատասխան։ Հիշեցնում է՝ մեծ մտածողները փոքր են համարել բոլոր այն մարդկանց, որոնք հանդգնել են կարծել, թե կարող են հասնել բացահայտման․

«Տալստոյին մի անգամ հյուր է գալիս Չեխովը։ Տալստոյի աղջիկը սիրահարված է Չեխովին՝ մինչև մազերի ծայրը։ Եվ անընդհատ ականջ է դնում դռան հետևից, հետո ասում՝ նա հանճար է, չէ՞, հայրիկ, նա հանճար է։
— Նա, ասում ա, տխմարի մեկն է։
— Բայց ո՞նց, չէ՞ որ նա հանճար է։
Ասում է՝ ոչ, նա տխմարի մեկն է, որովետև չի հասկանում, որ եթե մենք ունենք հոգի, ուրեմն առայժմ գտնվում ենք մեր տիեզերական ճամփորդության ամենավաղ փուլերից մեկում, եթե էդքանը չի հասկանում՝ էլ ի՞նչ հանճար։»

Այնուամենայնիվ՝ հոգու մասին կրոնը որոշակի պատկերացում տալիս է։ Վարդան Խաչատրյանը ներկայացնում է դրա ընկալման երկու տարբերակները՝ ուղղագիծ և շրջանաձև։ Առաջին ընկալման դեպքում ընդունված է համարել, որ մարդը ծնվում է, մահանում, գնում դրախտ կամ դժոխք և այնտեղ սպասում Հիսուսի երկրորդ գալստին։

— Իմիջիայլոց՝ Իսլամն էլ, Քրիստոնեությունն էլ ընդունում են, որ Քրիստոսը բացառիկ է, Իսլամը համարում է, որ բացառիկ մարգարե է, Քրիստոնեությունը համարում է՝ Աստված և անկրկնելի։ Գալիս է երկրորդ գալուստը, տեղի է ունենում երկրորդ դատաստանը։ Վերջնականապես չարը ոչնչանում է։ Նրանք, ովքեր դժոխքում էին և ապրողները, ովքեր այդ ժամանակ պետք է արժանանային դատաստանի, գնում են արմագեդոն կոչված դաշտը, որտեղ ոչնչանում է չարը և հաստատվում է Աստծո թագավորությունը՝ արդեն առանց այն արատների, որոնք բնորոշ են մարդուն։
— Սա ուղղագիծն էր։

— Երկրորդը դա Արևելյան հոգու անմահությունն է, որտեղ համարվում է, որ շրջանաձև է ամեն ինչ։ Դու քո կյանքի ընթացքում՝ քո վարքագծով, գործողություններով, մեղքերով, բարի գործերով պայմանավորում ես քո հաջորդ վերածնունդը։ Հինդուիզմում համարվում է, որ հոգին միակ երևույթն է տիեզերքում, որը չի կարող մահանալ, չի կարող ոչնչացվել, Բուդդայականությունը համարում է, որ հոգին կարող է փոփոխվել։ Այստեղ համարվում է, որ մարմինը գործում է մեղքեր, որոնց կնիքը դրվում է հոգու վրա։ Այդ կնիքը եթե դրվեց, դուք պետք է մտնեք բնության որևէ օբյեկտի կամ կենդանու մեջ։ Մեր մեջ կարող է ծիծաղ, ժպիտ առաջացնել, թե՝ ո՞նց թե, մարդու հոգին գայլի՞ մարմնի մեջ է մտնում։ Այո։ Իրենք համարում են, որ եթե գայլը ամբողջ կյանքում զբաղվում է սպանությամբ, էս մարդն էլ մարդասպան է, հաճույք է ստացել մարդ սպանելուց, նրա հոգու վրա եղած կնիքը մարդասպանության հանդեպ էդ ձգտումն է, ուրեմն մտնելով գայլի մարմնի մեջ, մեղք չի գործի։

Կրոնական պատկերացումից դուրս հոգին գիտական հետազոտությունների համար կիրառելի դարձնելու փորձեր ևս այսօր արվում են։

«Այսօր դնում են կաղապարների մեջ մեռնող մարդուն՝ սարկոֆագերի մեջ, որոշելու համար, թե ինչքան է կշռում հոգին, կան տեսակետեր, որ դուրս է գալիս, կա տեսակետ, որ հոգին ունի նաև կշիռ, կշիռը մոտավորապես 2,2-2,5 գրամն է տատանվում, միևնույն ժամանակ գոյություն ունեն նաև այնպիսի ուսումնասիրություններ, որոնք մի զգալի չափով հետազոտել են ոչ միայն այսօրվա բացառիկ զարգացման հասած սարքերով, այլև կլինիկական մահ ապրածների հիշողություններով։ Եվ ընդդեմ այդ ամենի նույնիսկ գոյություն ունի հոլանդական դպրոց, որը ոչ մի կերպ չի կարողանում համակարեպվել նրա հետ, որ գոյություն ունի հոգի»։

«Հոգու խորքում հավատում եմ հոգու գոյությանը, ես ինքս ընդհանրապես երազկոտ մարդ եմ և շատ հավատում եմ ինչ-որ հեքիաթային, գերբնական մի բանի»։

Հեքիաթային մի բանի հավատացողը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանն է, ով աշխատում է բժշկության ամենասահմանային օղակում՝ հենց կյանքի-մահվան խաչմերուկում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Հոգուն գիտնականի աչքերով է նայում, բայց դա նրան չի ապահովագրում չբացատրվող երևույթների ականատես լինելուց․

«Կան շատ գիտական բացատրություններ՝ ինչի էսպես եղավ, բայց միևնույն ժամանակ կան շատ հարցեր, որոնց պատասխանը որևէ մեկը չի կարող տալ, թե ինչի նույն Քովիդի համաճարակի ժամանակ մահացան մարդիկ, անհասկանալի մահացան, և չմահացան մարդիկ, որոնք ունեին բազում կողմնակի հիվանդություններ, որոնք քիմիոթերապիա էին ստանում էդ ժամանակ, որոնք ունեին ծանր շաքարային դիաբետ։ Մենք ունենք գեն, որը որ բջջի ինքնաոչնչացման, ինքնասպանության գենն է։ Այդ գենը սկսում է ակտիվանալ և դա հստակ մենք տեսնում ենք, որ բոլոր ներքին օրգանները սկսում են իրար հետևից այլևս չգործել։ Այսինքն՝ օրգանիզմը հանձնվում է։ Լինում են 2 իդենտիկ բուժառուներ նույն ախտորոշմամբ, գրեթե չունեն ուղեկցող հիվանդություններ։ Նմանօրինակ բուժման դեպքում մեկը ապրում է, մյուսը չի ապրում։ Լինում են դեպքեր, երբ մարդը գալիս է գրեթե կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով, բայց ապրում է և գալիս է մարդ, որը էնքան չնչին, փոքր մի բան էր, որ սովորաբար տենց բանից չեն մահանում, մեկ էլ սկսում է իր օրգանիզմը և ներքին օրգանները նենց դավաճանել իրեն, սկսում են մեկը մյուսի հետևից չգործել ու հասկանում ես, որ էդ մարդը պարզապես պետք է մահանար, հասկանում ես՝ դու ոչ մի բան չես կարողանում անել»։

Բժիշկն ունի պատմություններ ու հարցեր, բայց չունի պատասխաններ դրանց համար։ Միևնույն ժամանակ ճիշտ չի համարում բոլոր երևույթների դրամատիզացումը։ Երբեմն այն, ինչ մեզ գերբնական երևույթ է թվում, ունի հստակ գիտական մեկնաբանություն։ Այսպես, օրինակ, ի՞նչ կարծիք ունեք դուք կլինիկական մահվան մասին․

«Տեսեք, ցանկացած զարկերակային ճնշման անկման և ուշաթափության ժամանակ, այ ձեր ասած թունելները և լույսերը մարդկանց մոտ երևում են։ Իսկ գիտական տեսանկյունից ի՞նչ է տեղի ունենում․ մարդու սիրտը կանգ է առնում, այսինքն այլևս գլխուղեղը չի ստանում թթվածին և գլխուղեղի ռեզերվը թթվածնի նկատմամբ 4-6 րոպե է, այսինքն՝ 6 րոպե հետո գլխուղեղը թթվածնի ամբողջ պաշարը սպառնում է, բջիջները սկսում են մահանալ։ Եթե կողքը կա մարդ, որը սկսում է ադեկվատ բուժօգնություն ցուցաբերել՝ կատարել սրտի մերսում կամ թոքերի արհեստական շնչառություն, կարող ենք երկարաձգել էդ ժամանակահատվածը և կամ սրտի աշխատանքը կհաջողենք վերականգնել, կամ չի հաջողվի, էլի շատ 50-50 իրավիճակ է։ Ընդամենը սա է տեղի ունենում, ոչ մի արտառոց բան չկա։ Կարող են լինել որոշակի ցնցումային ակտիվություններ, որը էլի միստիկ կերպով են նկարագրում, բայց դա ևս բացատրելի է, որովհետև ցանկացած պարագայում, երբ որ գլխուղեղը ենթարկվում է հիպոքսիկ վնասման, այսինքն՝ թթվածնի քաղցի, անոմալ իմպուլսներ են սկսում գնալ դեպի մեր միջազձիգլուլավոր մկաններ և այ տենց առաջանում ու ունենում ենք տարբեր մկանախմբերում ցնցումներ»։

Ռեանիմատոլոգը չգիտի՝ ինչ ասել է «Հոգին ավանդել», բայց գիտի ինչպես են մահանում մարդիկ։ Չգիտի՝ ինչ է տեղի ունենում դրանից հետո․ նրա գործը դրանից առաջ է՝ հանուն դա բացառելու։ Միևնույն ժամանակ գիտի՝ ինքը բնության, ճակատագրի, Աստծո, ուրիշ ինչ-որ բանի գործերին միջամտել չի կարող։ Դրանք հասկանալ՝ ևս։ Ուրեմն մնում է ընդունել՝ որոշ դեպքերում գիտելիք ձեռք բերելու ցանկություն է պետք, որոշ դեպքերում՝ անճանաչելին պրիմիտիվացնելու, բաց գրքի պես կարդալու հավակնություն չունենալու իմաստնություն։

«Իհարկե, որոշ բժիշկների էգոն շատ ավելի փոխվում է, երբ ասում եք՝ դուք Աստված եք, հրաշքներ եք գործում, փրկեցիք։ Ես տանել չեմ կարողանում։ Ես չեմ փրկել ոչ մեկի կյանքը, ես իմ աշխատանքն եմ կատարել և բժշկության հիմնական ֆունկցիան օգնելն է օրգանիզմին էդ վիճակից դուրս գալ։ Բայց միևնույն է, դա կախված է օրգանիզմից։ Դա մեզանից կախված չէ։ Մենք բացառապես օգնում ենք, մենք կոնկրետ օրգանների ֆունկցիաներ ենք կողքից շտկում, կանոնակարգում»։

Հոգուն հարցեր դեռ շատ կտրվեն, շատ հարցեր կլինեն օդում՝ առանց բառ դառնալու, մարդիկ կփորձեն կշռել այն, որսալ գերժամանակակից տեխնոլոգիաներով, բացահայտել բոլոր առեղծվածները։ Այլ մարդիկ կհամարեն, որ իմաստնությունը դրա անբացատրելիությունն ընդունելու մեջ է և չեն դնի այն գաղտնազերծելու նպատակ։ Բոլոր դեպքերում՝ հարցուփորձերն ու գիտափորձերը շարունակական կլինեն՝ գուցե մարդկանց ճշմարտությանը մի փորք էլ մոտեցնելով։

Կարդացեք նաև

Back to top button