
Երևանում մանկական կամ հաշմանդամական սայլակով տեղաշաժի խոչընդոտները պարզելու համար Ինքնակրթման հարթակը ֆլեշմոբ էր կազմակերպել։ Արկածների պակաս ֆլեշմոբի մասնակիցները չեն ունեցել։ Քննարկումը, որին նաև քաղաքապետարանի ներկայացուցիչն է մասնակցել, նույնպես այդ խնդիրները բարձրաձայնելու նպատակով էր կազմակերպվել։
«Գնաց, գնաց, գնաց, ու այլևս չի կարողանալու բարձրանալ։ Զգույշ…կընկնես»։
Մայրաքաղաքը շարունակում է անհասանելի մնալ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
«Այս մարդը կմնա այստեղ։ Տերյան-Մոսկովյան խաչմերուկում ենք»։
Եվ սա դեռ Երևանի կենտրոնում, որտեղ քաղաքային իշխանությունները տարիների ընթացքում քիչ թե շատ փորձել են հասանելի միջավայր ապահովել հաշմանդամություն ունեցողների համար։
«Կա՞ այդտեղ թեքահարթակ։ Փաստորեն թեքահարթակ կա, բայց մեքենան է փակել ճանապարհը, այն ճանապարհը, որը անվասայլակով քաղաքացիների համար է նախատեսված»։
Ֆլեշմոբի կազմակերպիչները փորձել էին պարզել մանկական կամ հաշմանդամական սայլակով տեղաշաժի խոչընդոտները Երևանում։ Քաղաքային ենթակառուցվածքների ներկա վիճակը, քաղաքում երևեկության կանոնների պահպանումն ու հասարակության անտարբերությունն ակնհայտ է յուրաքանչյուր խաչմերուկում, նույնիսկ Երևանի կենտրոնում։
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն հերքում՝ տարբեր իշխանությունների օրոք, իհարկե, փորձեր արվել են քաղաքն ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ, բայց անելիքները դեռ շատ են։ Գաղտնիք չէ, որ այն միջավայրը, որը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձին, հասանելի է նաև խնդիրներ չունեցողին, ուստի մյուս քաղաքացիները ևս պետք է անտարբեր չլինեն և բացթողումների մասին բարձրաձայնեն, ասում է ֆլեշմոբը նախաձեռնած Ինքնակրթման հարթակի խորհրդի անդամ Տաթևիկ Սահակյան-Շամիրզայանը։

«Տեղեր կան, որ առհասարակ թեքահարթակ գոյություն չունի, երբեմն էլ նույն բակի մի կողմում թեքահարթակը կա, մյուսում չկա։ Այսինքն՝ մեկից գլորվելով իջնում ես, բայց մյուս կողմից չես կարող դուրս գալ։ Լինում է նաև, որ թեքահարթակները կան, բայց այնքան սխալ է կառուցված, որ շատ վտանգավոր է դրանից օգտվելը»։
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը չի հերքում՝ դիտարկումները տեղին են, խնդիրները շատ։ Բայց Երևանի քաղաքապետարանն արդեն քայլեր է ձեռնարկում բացթողումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ։ Դեռ տարեսկզբինքաղաքապետարանը խոստացել էր շուրջ 400 նոր թեքահարթակ կառուցել՝ապահովելով ավելի հարմարավետ երթևեկություն հետիոտների համար։ Հաշվի են առնվելու նաև տեսողական խնդիրներ ունեցողների կարիքները, ասաց Արման Սարգսյանը։
«Հատուկ սալիները կօգնեն կողմնորոշելու կույր հետիոտներին արգելքների մասին։ Կառուցելու ենք նոր թեքահարթակներ այն հատվածներում, որտեղ չկան և ըստ անհրաժեշտության մյուս թեքահարթակներն էլ հիմնանորոգելու ենք, քանի որ հաճախ և՛ թեքությունները, և՛ երկրաչափական պարամետրերը ձմռանը սահելու և ընկնելու անհարմարություն ունեն։ Պետք է մաքսիմալ հարմարավետ երթևեկություն ապահովենք»։
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանն ասում է, որ գնահատում է քաղաքային իշխանությունների ջանքերը, բայց մատչելի միջավայրը միայն մայթերն ու փողոցները չեն․
«Փաստենք, որ Երևանը հարևան պետությունների մայրաքաղաքների համեմատ բավականին լավ վիճակում է։ Բայց նաև պետք է ավելի գլոբալ նայենք ամեն ինչին։ Դա պետք է լինի համակարգ, այլ ոչ թե անձերի վրա հիմնված սիստեմ, ինչը մենք այսօր ունենք։ Բայց պետք է նաև չմոռանանք այն հարցը, որը ոչ միշտ է պետական մարմինների տիրույթում․ դա շենքերն են։ Տեղափոխվեցինք, զբոսնեցինք, բա հետո՞։ Պետք է ի վերջո նպատակակետ ունենան և մտնենք կառույցներ, իսկ այստեղ վիճակը պարզապես տխուր է։ Նույնսիկ կենտրոնում, որտեղ համեմատաբար բարվոք է, շինությունների գերակշիռ մեծամասնությունը չունի հարմարեցված մուտք»:
Փողոցների, մայթերի վերանորոգումը ողջունելի է, բայց շահագրգիռ կողմերը կարծում են, որ միայն քաղաքային իշխանությունների վրա պետք չէ թողնել մատչելի միջավայր ստեղծելու պատասխանատվությունը։
Մայրաքաղաքի ենթակառուցվածքների և մատչելի միջավայրի համար անհրաժեշտ է նաև քաղաքացիների սրտացվությունն ու քաղաքն ավելի լավը դարձնելու պատրաստակամությունը, կարծում է ֆլեշմոբի կազմակերպիչ Ինքնակրթման հարթակի խորհրդի անդամ Տաթևիկ Սահակյան-Շամիրզայանը։ Նա ընդգծում է, որ իրենց ֆլեշմոբի հիմքում խնդիրները մատնանշելուց բացի նաև հասարակության նախաձեռնողականության ակտիվացումն է։




