
Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդական հանրապետության կազմավորման 75-ամյա հոբելյանը։ Ընդունելությանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել, որ Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից է։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-րդ ամյակի առթիվ դեսպանատունը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել, որին հրավիրվել էին հասարակական, քաղաքական գործիչներ, կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Այս տարի լրացավ նաև Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 ամյակը։ Ընդունելությանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ Չինաստանն առաջիններից էր, որը 1991-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ պահից սկսած երկու երկրների հարաբերությունները անշեղորեն զարգանում են փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում։

«Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է։ Երևանը հստակորեն աջակցում է Պեկինին «Մեկ Չինաստան» սկզբունքի հարցում։ Այս սկզբունքը ենթադրում է, որ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է»։
ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը պատմական անդրադարձ կատարեց, ասելով, որ վերջին 75 տարում չին ժողովուրդը, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, երկար ժամանակ ուղիներ էր որոնում, անդադար պայքարում և ի վերջո հաջողությամբ գտավ երկրին համապատասխանող արդիականացման ուղին, ստեղծելով մարդկային քաղաքակրթության նոր ձև, որը տանում է դեպի մեծ վերածնունդ։

««Մեկ Չինաստան» սկզբունքը քաղաքական հայեցակարգ է, որը հաստատում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՉԺՀ-ի դիրքորոշման դիվանագիտական ճանաչումը, ըստ որի աշխարհում Չինաստան անվանումով միայն մեկ ինքնիշխան պետություն գոյություն ունի: Այս սկզբունքը քաղաքական հիմք և հիմնական նախապայման է Չինաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների հաստատման և զարգացման համար»:
Չինացի դիվանագետը նկատել է, որ Չինաստանից սկսել են ավելի հաճախ գալ Հայաստան, օրեցօր Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են նախընտրում սովորել չինարեն և ծանոթանալ չինական մշակույթին։ Եվ այս գործոններ էլ նպաստում են երկու կողմերի գործնական համագործակցությանը։

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտուրը գերազանցել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 40 տոկոսով։ Հայաստան ժամանած չին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 11,5 հազար մարդ, ինչը 1,1 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս ամսվա սկզբին «Չինական հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից առաջին անգամ գործարկվեց ուղիղ չվերթ Ուրումչի քաղաքից դեպի Երևան, դառնալով առաջին ուղիղ ավիափոխադրումը Չինաստանի և Հայաստանի միջև, ավելի հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների փոխադրումները, հիմնվելով փոխադարձ ազատ վիզային ռեժիմի վրա»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից է։ Փոխվարչապետը նաև ուշադրություն հրավիրեց առևտրի և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակի վրա, կարևորելով Ուրումչիի և Երևանի միջև ուղիղ չվերթերի գործարկումը, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նշանակալի քայլ կդառնա: Չին դիվանագետն էլ նշեց, որ Չինաստանի հռչակած զարգացման հինգ սկզբունքները միջազգային նորմեր են դարձել: Եվ այսօր Չինաստանն առաջարկում է նոր ճանապարհ, որը հիմնված է ոչ թե առճակատման, այլ երկխոսության վրա։




