ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մի՛ կասկածեք, եթե խնդիր տեսանք, կարձանագրենք. ՍԴ նախագահը` սահմանազատման կանոնակարգի մասին

Այսօր Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։ Դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել՝ որոշում կայացնելու։ Դատարանի դրական որոշման դեպքում, փաստաթուղթը կառավարությունը կուղարկի Ազգային Ժողով՝ վավերացման։ Նշենք, որ դատարանը գրավոր ընթացակարգով քննարկումն սկսել էր այսօր ժամը 11-ին։

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննելու որոշում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ստորագրել էր այս տարվա սեպտեմբերի 10-ին: Մինչ ՍԴ-ում հարցի քննարկման նիստի մեկնարկը՝ Բարձր դատարանի շենք մուտք գործելիս, պատասխանելով լրագրողների հարցերին, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց․

«Մի՛ կասկածեք, եթե խնդիր տեսանք, կարձանագրենք։ Խնդիր չտեսանք՝ էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»։

Գործի քննությունն անցկացվում է գրավոր ընթացակարգով, իսկ ըստ ՍԴ կանոնակարգի՝ գրավոր ընթացակարգով գործի քննությունը սկսվում է նիստը նախագահողի կողմից նիստի իրավազորությունը ստուգելով: Եթե նիստն իրավազոր է, ապա Սահմանադրական դատարանն անհապաղ անցնում է դռնփակ խորհրդակցության: Սա նշանակում է՝ Կանոնակարգի սահմանադրականությունը քննվում է առանց լրատվամիջոցների ներկայության։ Գործով զեկուցողներ են Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ 

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հարցադրումներին կարճ արձագանքեց՝  խնդրահարույց բան տեսնում է, սակայն իր դիտարկումները նախ՝ կբարձրաձայնի խորհրդակցական սենյակում։

«Խնդիրներ, եթե նկատել եմ, առաջին հերթին պետք է խորհրդակցական սենյակում բարձրացնեմ և հետո՝ լրատվամիջոցների համար»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Ոմանց գնահատմամբ՝ հենց սա է առանցքային խնդրահարույց դրույթը, որին էլ հատկապես պետք է ուշադրություն դարձնի Բարձր դատարանը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն, օրինակ, նկատում է, որ Ադրբեջանը խուսափում է Ալմա Աթայի հռչակագրի ամրագրումից, քանի որ տարբեր հատվածներում ցանկանում է կիրառել տարբեր մոտեցումներ։ Նա խնդիր է համարում, որ Կանոնակարգում հստակ չի նշվում, թե որ քարտեզի հիման վրա է իրականացվելու սահմանազատումը՝ նշելով, որ փաստաթղթում նախատեսված է օգտագործել բոլոր հնարավոր քարտեզներն ու որոշումները։

«Սա նշանակում է՝ տարածական լայն դիապազոն՝ տարբեր մեկնաբանությունների և մոտեցումների համար»։

Նշենք նաև, որ Կանոնակարգն ունի 7 հոդված, որոնք հիմնականում գործընթացներին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում նշվում է սահմանազատման օպտիմալացման մասին։

Փորձագետները նշում են, որ Կանոնակարգը համապատասխանում է միջազգային սկզբունքներին, սակայն իրականացման փուլում կարող են խնդիրներ առաջանալ։

Հակոբ Բադալյանը շեշտում է. «Գետնի վրա իրականացվող պրոցեսը ենթադրում է ոչ ֆորմալ հանգամանքներ, որոնք չեն կարող արտացոլվել Կանոնակարգում։ Դա կապված է ուժերի բալանսի և իրական քաղաքական գործընթացների հետ՝ ներառելով ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլ նաև Կովկասում սուր մրցակցության մեջ գտնվող երրորդ ուժերին»։ 

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5–ին էր հավանություն տվել։ Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու այն գործադիրի հավանությանն արժանանացավ առանց քննարկման։

«Քանի որ հարցը մենք ուղարկում ենք Սահմանադրական դատարան՝ նրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ստուգելու համար, ես ենթադրում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը՝ դրական որոշումը, ստանալու պարագայում, ոչ թե ենթադրում եմ, այդ պարագայում հաստատ հարցը կգնա Ազգային Ժողով վավերացվելու, և ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա, մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ՝ տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է։ Քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան Ազգային Ժողովում, իսկ բացասական դիրքորոշման դեպքում արդեն դա լրիվ ուրիշ պատմություն է։ Այսօր, կարծում եմ՝ քննարկելու անհրաժեշտություն չկար, բայց մյուս կողմից ցանկացա արձանագրել, որ որոշումը կայացված է, և մենք սպասելու ենք Սահմանադրական դատարանի որոշմանը»։

ՍԴ-ում դրական արձագանքից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման: Որոշումը կհրապարակվի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։

Կարդացեք նաև

Back to top button